Պուտինն առաջարկել է ԱՊՀ շրջանակներում ապադոլարացում իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել մի օրինագիծ, որը ենթադրում է ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարում, իսկ դա նշանակում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու այլ երկրների միջև միասնական ֆինանսական շուկայի ստեղծում:

Համաձայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ «ԱՊՀ անդամ երկրների արժույթային շուկայի ինտեգրման կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» շրջանակներում մեխանիզմ կստեղծվի, որը թույլ կտա որպես միջանցիկ արժույթ հրաժարվել դոլարից ու եվրոյից:

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն քննարկվել է ազգային արժույթին անցնելու հնարավորության հարցը: Համաձայն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի ու Ղազախստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ միայն ազգային արժույթով վճարումների անցումը պետք է տեղի ունենա 2025-ից 2030 թթ:

Նման առաջարկ կա ԵՏՄ վճարային համակարգերի զարգացման նախագծում, որն հավանության է արժանացել միության անդամ երկրների կողմից 2014 թ դեկտեմբեր ամսին:

Հավելենք, որ այժմ ԵՏՄ անդամ երկրների միջև վճարումների գրեթե 50%-ն իրականացվում է դոլարով ու եվրոյով, ինչը բարձրացնում է միության կախվածությունը արժույթը թողարկող երկրներից: Նախագիծն առաջարկում է ամբողջությամբ հրաժարվել ԵՏՄ-ում դոլարի ու եվրոյի կիրառումից:




Լրահոս