Նախկինում, մի շարք հրապարակումներում անդրադարձ էր կատարվել «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ ՏՄՊՊՀ-ի սկսած արշավին և դրա հնարավոր պատճառներին:
Ըներության ներկայացուցչի կարծիքով` այսօր ՏՄՊՊՀ-ի նիստը դրա վառ ապացույցն է: Մասնավորապես, ընկերության դեմ հարուցված վարույթի հիմքում դրվել էր ոմն Մելինե Բեգլարյանի դիմումը, ըստ որի ընկերության աշխատակիցները իբր հրաժարվել էին գովազդված փաթեթ տրամադրել իրեն իր ուզած ժամանակահատվածի համար:
Նիստը տարօրինակ ընթացք ունեցավ, քանի որ ընկերության ներկայացուցչի մի շարք հարցերից հետո ՏՄՊՊ հանձնաժողովը որոշեց նիստը դռնփակ անցակացնել: «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը մի քանի անգամ խնդրեց նիստը նախագահող Ա.Շաբոյանին պարզաբանել, թե որն է նիստը դռնփակ անցակացնելու հիմնավորումը, քանի որ նման միջնորդություն չէր ներկայացրել ոչ բողոքաբերը և ոչ էլ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն:
Ոչ մի պատճառաբանություն չհնչեց հանձնաժողովի նախագահի կողմից և տպավորությունն այնպիսին էր, որ նիստի դռնփակությունը պետք էր բացառապես հանձնաժողովին:
Այնուհետև սկսվեց հանձնաժողովի նախագահի և անդամների ուղղորդող խորհրդատվությունը բողոքաբեր Մելինե Բեգլարյանին: Օրինակ` եթե Մելինե Բեգլարյանը «նեղն է ընկել», կարող է միջնորդել նիստը հետաձգելու կամ կարող է դիմել համապատասխան մարմիններին, եթե իրեն իբր թե «նեղացրել են»: Բայց իհարկե նիստի գագաթնակետը այն պահն էր, երբ Մելինե Բեգլարյանը խուսափեց «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի ներկայացուցչի հարցերին պատասխանել և Ա.Շաբոյանը «հրաշալի» առաջարկ արեց: Առաջարկը կայանում էր հետևյալում «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ իր բոլոր հարցերը հնչեցնի, իսկ Մելինե Բեգլարյանին թուղթ ու գրիչ տան, որ հարցերը գրի առնի…, երևի թե հարցերին պատասխանելու համար Մելինե Բեգլարյանին ինչ որ մեկի օգնությամբ պետք էր պատրաստվել:
Ավելին, հանձնաժողովին անգամ չհետաքրքրեց, թե Մելինեի ասածները ընդհանրապես իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե ոչ: Մելինե Բեգլարյանը որեւէ ապացույց հանձնաժողովին չներկայացրեց առ այն, թե իրոք զանգել է «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ և ընկերության աշխատակիցը խուսափել է իրեն պատասխանելուց ու կոպտել է:
Փաստորեն առանց հեռախոսազանգի և տեղի ունեցած խոսակցության փաստի առկայությունը պարզելու, «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին առաջարկվեց պաշտպանվել և դրա համար ժամանակ տրվեց:
Նիստի ամբողջ ընթացքը, հանձնաժողովի կողմից Մելինե Բեգլարյանին ուղղորդելը մեկ անգամ ևս կարծիք ձևավորեց այն մասին, որ Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող Ա.Շաբոյանը «հատուկ» բացասական վերաբերմունք ունի «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ:
Մնում է միայն հասկանալ դրա իրական պատճառները և սպասել հանգուցալուծմանը:
Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: