ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ դատական հայցն է ներկայացրել “Ժողովուրդ”-ի դեմ: Նրա այս պահվածքի պատճառն այն էր, որ անձամբ վիրավորեց “Ժողովուրդ” օրաթերթի լրագրողին՝ ասելով “պրաստիտուտկա”, այնուհետեւ, երբ “Ժողովուրդ”-ը գործարարից ներողություն խնդրելու պահանջով հայց ներկայացրեց դատարան, նա որոշեց վիրավորվել: Ու միանգամից երկու տարբեր հայցերով մտավ դատարան, բացի ներողությունից՝ պահանջելով նաեւ 6 մլն 200 հազար դրամ:

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կբնութագրեք գործարար Խաչիկ Խաչատրյանի այսպիսի գործելաոճը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդ կա՝ ունի համապատասխան դաստիարակություն կամ չունի՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն ունի կամ ինչքան փող: Դատարանը պետք է որոշի պահանջել ներողություն խնդրել լրագրողուհուց եւ ֆինանսական փոխհատուցում նշանակել: Ճիշտն ասած, գործարարի այդ վարքն ինձ համար անհասկանալի է: Հնարավոր է՝ մարդկային եւ բարոյական դաշտում իր արած սխալները նա փորձում է իրավական հարցերով փակել: Այսինքն՝ իրավական դաշտում “պատժել” օրաթերթին:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության  նախագահ 
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես նախկին լրագրող՝ ցանկացած լրատվամիջոցի դեմ կամ ցանկացած լրատվամիջոցի խոսքի ազատության ճնշումն ինձ համար անընդունելի է: Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ այն Հայաստանը, որի մասին ամեն օր խոսվում է մեծ, փոքր կամ միջին ամբիոններից, ապա մենք պետք է հասկանանք, որ այդպիսի Հայաստան ունենալու կարեւոր գրավականներից մեկն այնպիսի մամուլ ունենալն է, որտեղ ոչ մեկը չի կարող փաթեթով կամ հատ-հատ լրագրողներ եւ խմբագիրներ գնել: Ես ինքս կարող եմ “Ժողովուրդ” օրաթերթի այս կամ այն հրապարակման հետ համամիտ չլինել, բայց ես միշտ կանգնած եմ անկախ եւ ազատ լրատվամիջոց ունենալու կողքին եւ դատապարտում եմ բոլոր փորձերը, ով էլ այդ փորձը անի լրատվամիջոցի ձայնը լռեցնելու համար: Պետք է ասեմ, որ ինձ չի հետաքրքրում անձը, եւ ինձ համար անընդունելի է երեւույթը: Մենք չպետք է թույլ տանք, որ բոլոր լրատվամիջոցները դարձնեն իրենց գրպանի լրատվամիջոցը:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Լրագրողները եւ քաղաքական գործիչները, որոնք գտնվում են նույն դաշտում, պետք է պահպանեն էթիկայի կանոնները, եւ նրանց հարաբերություները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա: Եթե լինում են տարբեր տեսակի խնդիրներ, ապա դրանք իրավական տեսանկյունից պետք է արդարացի լուծում ունենան: Կոռեկտությունը ե՛ւ գործարարի կողմից, ե՛ւ լրագրողի կողմից պետք է պահպանվի, տվյալ դեպքում եթե հարցը դուր չի եկել կամ չի ցանկացել մեկնաբանել, այնուամենայնիվ, պետք է կոռեկտությունը պահպանել:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր 
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս