Հակառակորդը սկսել է հեռահար միջոցներ, ականանետեր կիրառել. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև ադրբեջանական կողմը սահմանին սկսել է հեռահար  միջոցներ, ականանետեր կիրառել, հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այս մասին գեներալ­ գնդապետ Գուրգեն  Դարիբալթայանի  հոգեհանգստի արարողության  ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը:

«Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդը սկսել է ականանետեր կիրառել։ Դա անպատասխան չի մնում, պատժվում է: Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները: Իրավիճակը սահմանին վերահսկելի է»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Անդրադառնալով հայկական զինված ուժերի կայացման գործում Գուրգեն Դարիբալթայանի ունեցած ավանդին` նախարարն ընդգծեց, որ նա հավասարակշված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը:

«Նա այն մարդկանցից էր, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողություններն ու իրականացնում»,­ ընդծեց  Օհանյանը:




Լրահոս