ԴԻՄԵԼ ԵՆ՝ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ մինչ այդ նախաձեռնող խումբը` 28 հոգի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նոր կուսակցություն գրանցելու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Ուշագրավն այն է, որ նախաձեռնող խմբի կազմում հիմնականում անկուսակցականներն են ու ՀՀՇ վարչության անդամները: Ընդ որում, դատելով երեկ մամուլում ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններից՝ այս հարցին առանցքային ուժերից կողմ է միայն ՀՀՇ-ն: Արդյունքում ստացվում է, որ ՀԱԿ կուսակցությունը ստեղծվելու է հենց ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի անկուսակցականների բազայի հիման վրա:
Սակայն երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀՇ անդամների` ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ լինելը դեռ չի նշանակում, որ իրենք եւս մաս են կազմելու նոր ստեղծվելիք քաղաքական ուժին, որ նախաձեռնող խմբի կազմում ընդգրկվելը կուսակցությանն անդամագրվելու պարտադիր պայման չէ: Զուրաբյանի խոսքով՝ այդ հարցը որոշելու է ՀՀՇ-ն: Իսկ ՀՀՇ-ից պնդում են` իրենք այս հարցում դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել: Ավելին, երեկ տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ժամանակ որոշվել է փետրվարի 23-ին հրավիրել կուսակցության արտահերթ համագումար: ՀՀՇ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ համագումարի օրակարգում լինելու է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելը: Մինչ այդ նույն հարցով ժողովներ են լինելու ՀՀՇ 40 տարածքային կառույցներում: ՀՀՇ նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոնք էլ որոշումը կայացրել են միաձայն: Մի բան ակնհայտ է` ՀՀՇ-ն չի ինքնալուծարվի. այս մասին հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ: «Լուծարման տարբերակը նշանակում է` գիծ գցել քո անցյալի եւ ապագայի միջեւ: Դա նշանակում է` քո բոլոր պարտավորությունները եւ պարտականությունները` ծրագրային, քաղաքական, իրավաբանական, մի կողմ ես դնում եւ անցնում ես նոր գծի: Մեզ համար կա ուրիշ շատ ավելի կարեւոր արժեք. դա միջազգային կառույցներին անդամագրությունն է: ՀՀՇ-ն 3 միջազգային կառույցների լիիրավ անդամ է»,-նշեց Մանուկյանը` հավելելով, որ իրենք հակված են ընթանալ վերակազմավորման պրոցեսով: Լեւոն Զուրաբյանն էլ այս կապակցությամբ ասաց, թե բացառապես ՀՀՇ-ի գործն է` ինչպես միանալ ՀԱԿ կուսակցությանը: Սակայն, ըստ նրա, այս հարցը ՀՀՇ-ի հետ քննարկվել է վաղուց. «Գաղտնիք չկա, ՀՀՇ-ի հետ ենք քննարկել այս հարցը, եւ հիմա կոնկրետ անձեր այս նախաձեռնության մաս են կազմում: Իրենք պետք է անցնեն որոշակի ճանապարհ` միանալու մեզ: Ես շեշտում եմ՝ սա ՀՀՇ վերակազմավորման պրոյեկտ չէ, այլ` նոր քաղաքական իրողության արդյունք»:

Ինչո՞ւ են ՀԱԿ-ը դարձնում կուսակցություն

Արդեն ՀԱԿ ներկայացուցիչներն են խոստովանում, որ նոր կուսակցության ստեղծումը ՀԱԿ-ում ներքին ճգնաժամից դուրս գալու ձեւ է: Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ անդամ մարդ կուսակցությունները, հաճախ օգտվելով վետոյի իրենց իրավունքից, տեւական ժամանակ խոչընդոտել են Կոնգրեսի աշխատանքները՝ թույլ չտալով առաջ ընթանալ: Ըստ նրա՝ սա ճանապարհ է` ՀԱԿ-ը նման իրավիճակից դուրս բերելու եւ առաջ շարժվելու համար:
Ենթադրվում է, որ ՀԱԿ-ի անկուսակցական անդամները, հնարավոր է նաեւ ՀՀՇ-ն, կազմավորեն նոր կուսակցություն, իսկ ՀԱԿ առանցքային կուսակցությունները` ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն, որոնք չեն մտնի այդ ուժի կազմում, սերտորեն կհամագործակցեն նրա հետ` դաշինքի ձեւով: Ըստ որոշ տեղեկությունների` այդ հարցում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ դաշինքը կպահպանվի, իսկ ՀԱԿ կուսակցությունն էլ կանդամակցի այդ դաշինքին: Միայն թե, ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեցին ՀԱԿ անդամներից ոմանք, եթե անգամ առաջիկայում ՀԱԿ կուսակցության եւ ՀԱԿ դաշինքի կուսակցությունների միջեւ սերտ համագործակցություն լինի, դա չի լինի նախկինի նման: ՀԱԿ անդամներից մեկը մտավախություն է հայտնել. «Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ կլինի ոչ թե շարժման, այլ կուսակցության լիդերը, նաեւ առաջ կգան կուսակցական շահեր»:
Ի դեպ, արդեն տեսակետներ են շրջանառվում, որ ափսոս է, եթե նորանկախ Հայաստանի պատմության մեջ լրջագույն դերակատարում ունեցած ՀՀՇ-ն վերակազմավորվի ՀԱԿ-ի ու Հայոց համազգային շարժում անունը՝ որպես այդպիսին, դուրս գա քաղաքական ասպարեզից: ՀՀՇ վարչության նախկին նախագահ, ՀՀՇ-ից հեռացած Արարատ Զուրաբյանն արդեն իսկ հայտարարել է, որ եթե ստեղծվի ՀԱԿ կուսակցությունը, ինքն իր կողմնակիցների հետ նոր ՀՀՇ կուսակցություն կհիմնադրի, որը կլինի 1988թ. հռչակված գաղափարների կրողը: Երեկ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հրաժարվեց մեկնաբանել այդ խոսքերը` ասելով. «Ոչ մի մեկնաբանություն»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս