«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կովկասի ամենավտանգավոր կոնֆլիկտներից է: Չնայած նրան, որ տարածաշրջանում գոյություն ունի նաև Վրաստանի և Հարավային Օսիայի միջև կոնֆլիկտը, այնտեղ կրակոցներ չեն հնչում: Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման մեջ և չի ցանկանում հաշտվել դրա հետ: Ղարաբաղում մշտապես կրակոցներ են հնչում, երկու կողմերը կորուստներ են կրում: Մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը»,-ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, գրում է apa.az-ը:
Քաղաքագետը նշել է, որ Մոսկվան դեմ է Ղարաբաղյան կոնֆլիկտի՝ ակտիվ փուլ մուտք գործելուն: «Կրեմլում հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կարող է կոնֆլիկտի կարգավորումը դուրս բերել վերահսկողությունից: Գոյություն ունեցող ստատուս-քվոյի ռազմական ճանապարհով փոփոխությունը չի բխում Ռուսաստանի շահերից: Եվ այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցն արդիական է՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կարող է սպառնալիք դառնալ նաև Հյուսիսային Կովկասի համար»,-հավելել է քաղաքագետը: