Թուրքիայի փոխարեն կզգուշանայի այդպես վարվել. ռուս պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ եւ առաջ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չենք տարանջատում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Այսինքն՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները։ Այդ պարագայում Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները, հակառակը քիչ հավանական է»,- ասել է նա:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարո՛ն Զատուլին, Թուրքիայի մեջլիսի ղեկավարը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ լուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Բացի այդ` Յըլդըրըմը նշել է, որ իրենք չեն առանձնացնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Ի՞նչ եք կարծում՝ սա ճի՞շտ մոտեցում է:

-Ձեզ համար գաղտնիք չէ, որ երկար ժամանակ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում ինչ-ինչ պատճառներով պարբերաբար բարձրացնում են երկու երկիր-մեկ ժողովուրդ կարգախոսը: Համենայնդեպս, Բաքվում Հեյդար Ալիեւի ժամանակ էլ այս խնդիրը նորաձեւությունից դուրս չէր գալիս:

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիայի կառավարությունը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո: Ես ոչ մի նոր բան չեմ տեսնում Թուրքիայի խորհրդարանի նախագահի ասածի մեջ: Այդ դիրքորոշումը բավական հայտնի է եւ Ադրբեջանին սատարումը, ցանկությունը բարեկամական կապեր խաղալու:

Դրանք իսկապես կան: Իրականում դրանք երկու տարբեր ժողովուրդներ են, չնայած մոտ են, բայց ոչ միատեսակ: Ընդհանուր առմամբ, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան պարբերաբար հանդես է գալիս Ղրիմում ագրեսիայի կասեցման եւ օկուպացիայի դադարեցման հարցով՝ ընդգծելով իր բարեկամական մտերմությունը Ղրիմի թաթարների հետ, որոնց հետ նույնպես թուրքերը բարեկամներ չեն: Եվ այս ամենը տեղի է ունենում՝ չնայած ներկայիս մտերիմ հարաբերություններին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Սա նշանակում է, որ ընկերությունն՝ ընկերություն, բայց երբ գործը վերաբերում է ազգային շահերին կամ առաջնահերթություններին, դրան այդպես էլ պետք է վերաբերել: Նույն կերպ Ղրիմի դեպքում. չնայած Թուրքիայի բոլոր հայտարարություններին` այն եղել, կա եւ կմնա ռուսաստանյան, Ռուսաստանի կազմում, նույնն էլ, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքում է: Եվ ինչպես հայտնի է՝ Արցախի խնդիրը, բացի հենց Արցախից, ոչ ոք լուծել չի կարող:

-Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան իրավունք ունի՞, պե՞տք է միջամտի կոնֆլիկտի շրջանակում:

-Այս դեպքում ես կֆիքսվեի Թուրքիայի ոչ թե իրավունքի, այլ հնարավորությունների վրա: Հնարավոր է արդյոք Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, ես կասկածում եմ, քանի որ դա աննկատ չէր անցնի եւ այս դեպքում առանց այլ երկրների արձագանքի չէր կարող անցնել, այդ թվում՝ Ռուսաստանի արձագանքի: Դա էսկալացիա կլիներ: Իհարկե, հայկական կողմը պետք է հասկանա, որ, այսպես ասած, ամեն բերանի վրա թաշկինակ չես գցի, այսինքն՝ չես լռեցնի: Թուրքիայի կարծիքն, ինչպես ցանկացած այլ երկրի, արտահայտվում է` իր պատկերացումներից ելնելով: Եվ տվյալ դեպքում դա արգելել ինչ-որ կերպ ոչ մենք, ոչ Դուք չենք կարող: Դա իրենց դիրքորոշումն է: Ինձ համար այդ դիրքորոշումը ակնհայտ բնույթ է կրում՝ ակնհայտ հակահայկական բնույթ: Դա շեշտում է Թուրքիայի մեղադրական տոնը Հայաստանի նկատմամբ: Դա ինձ որեւէ կերպ չի կարող ուրախացնել եւ չի ուրախացնում, բայց դա չի նշանակում, որ ես այժմ կենտրոնանալու եմ այն բանի վրա, որ արգելեմ Թուրքիային ինչ-որ բան խոսել: Դա պարզապես չի ստացվի: Սակայն ես Թուրքիայի փոխարեն կզգուշանայի այդպես վարվել, եւ ինչպես հայտնի է՝ խոսքի համար ոչ ոք գրպանդ չի մտնում:

-Իսկ կոնֆլիկտի շրջանակում ի՞նչ դեր կարող են խաղալ Մինսկի խմբի համանախագահները` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպում չի կայացել:

-Համանախագահներն աշխատանքային դեր են կատարում այդ հարցում: Առանց այս կողմերի մասնակցության բանակցային որեւէ գործընթաց թերեւս հնարավոր չէր դառնա, այդ թվում այն պատճառով, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին բարդ էր հանդիպել՝ առանց միջնորդների: Ես կարծում եմ, որ համանախագահների գործառույթը պահպանվում է, չնայած նրանց հասցեին նույնպես քննադատություն հնչում է: Դա կապված է այն բանի հետ, որ նրանք մինչ օրս չեն լուծել այս հարցը: Բայց բանը նրանում է, որ այս հարցն առանց Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կամքի անհնար է: Այն տարբերակները, որ քննարկվում են, այս կամ այն կողմից դժգոհության առիթ են դառնում: Եվ խնդիրը, որ կա կողմերի միջեւ, չպետք է դնել համանախագահների ուսերին եւ ասել, որ նրանք են դրանում մեղավոր: Կարծում եմ՝ համանախագահները կարող էին ավելի ակտիվ դերակատարում ունենալ, եթե աշխարհում վստահություն լիներ երկրների միջեւ, որոնք տարբեր ճամբարներ են ներկայացնում:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս