«ՄԱՔՐԵ՛Ք, ՄԱՔՐԵ՛Ք, ՍԵՐԺՆ Է ԳԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մի քանի օրերին Գյումրու կենտրոնական փողոցներում ակտիվորեն իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: Առավել մեծ ակտիվություն է նկատվում Գյումրու թատերական հրապարակի տարածքում: Օրեր շարունակ՝ առավոտից մինչ աշխատանքային օրվա ավարտ, այնտեղ աշխատում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նվիրած ձյուն մաքրող մեքենաները, դրանց հետ զուգահեռաբար աշխատում են նաեւ մի խումբ մարդիկ՝ ջանալով այնպես մաքրել, որ սառույցի կտոր անգամ չմնա: Անցորդները, հրապարակի ու դրան հարակից մայթերի մաքրման աշխատանքներին ականատես լինելով, սկզբում մի պահ զարմանում էին ու մեկը մյուսին հարցնում, թե կարող է ինչ-որ մեկը գալու է: Ապա տեղեկանալով, թե ով է գալու, հեգնում. «Մաքրե՛ք, մաքրե՛ք, նախագահը բդի գա, ըստեղ հանդիպում բդի ունենա ընտրողների հետ, հանկարծ գեդնին ձուն չտեսնի, ամոթ է»:
Նախընտրական քարոզարշավին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, բայց մինչ օրս ոչ մի թեկնածու Գյումրի չի այցելել: Գյումրեցիները կատակում են, թե էս կարեւոր պահին իրենց կրկին մոռացել են. «Ո՛չ ձեռք սեղմող, ո՛չ անցյալում արած ու չարածները մեկ-մեկ հիշեցնող, ո՛չ էլ ապահով Հայաստանի ճամփան ցույց տվող չեկավ՝ չնայած իմացել եմ, որ Սերժը բդի գա»:
Այսօր արդեն Սարգսյանի գալստյան լուրը մեկը մեկին փոխանցելուց զատ՝ գյումրեցիները իրար են փոխանցում նաեւ այս ու այն կողմից իրենց հասած լուրերը, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար պետական կառույցների աշխատակիցների մեծ մասին օրեր առաջ հրահանգ է տրվել շաբաթ օրվա հանդիպմանը անպայման ներկա գտնվել: Նույն այդ խոսակցությունների համաձայն՝ այդ օրն ավագ դպրոցներում դասերն անցկացվելու են արագացված ռեժիմով, որ Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցելու հնարավորությունից չզրկվեն նաեւ դպրոցականները: Ստացվում է, որ ՀՀԿ նախագահին պատշաճ դիմավորելու, բազմամարդ հանդիպում ապահովելու համար տեղական իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում, ավելին, ամեն ինչ անում են ապագա սերունդին՝ վաղվա ընտրողին, այդօրինակ հանդիպումներին վարժեցնելու համար:  
Այս ընտրարշավի ընթացքում շատ է խոսվում մրցակցային հավասար պայմանների մասին, եւ այդ համատեքստում հետաքրքիր է՝ եթե նախագահի մյուս թեկնածուները գային Գյումրի, Թատերական հրապարակը, դրան հարող մայթերը նույն ջանասիրությամբ կմաքրվեի՞ն:
Նշենք, որ այսօր Ս. Սարգսյանը նախ կայցելի Արթիկ, հետո կգնա Թորոս գյուղ՝ մասնակցելու «Շիրակի ձմեռ» ամենամյա միջոցառմանը, հետո կլինի ոստիկանության Գյումրու բաժնի նորակառույց շենքում, ու արդեն 16:00-ին տեղի կունենա նրա հանդիպումն ընտրողների հետ:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս