Աուդիտը մոռացան. խորհրդատուները 16 շաբաթ ժամանակ են ուզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում որոշում էր ընդունել էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկներ ներկայացնել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդատուների աշխատանքը տեւելու է մոտ 16 շաբաթ, այսինքն՝ դեռեւս 4 ամիս խորհրդատուներն «աշխատելու» են:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 17-ին հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ինչի արդյունքում բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն ավելացավ 16.6%-ով, իսկ գիշերային սակագինը՝ 21.8%-ով: Բացարձակ արտահայտությամբ երկու սակագներն էլ ավելացան նույն չափով՝ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար 6.93 ՀՀ դրամ
Իսկ արդեն օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ խորհրդատվություն իրականացնելու համար Կառավարությունը նախապատվությունը տվել է «Deloitte» ընկերությանը:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ հուլիսի 27-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավեր էր ուղարկել միջազգային հինգ հեղինակավոր ընկերությունների, որոնցից Կառավարությունը որոշել է ընտրել հատկապես «Deloitte»-ին, որի գնային առաջարկն ավելի ցածր է: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հույս հայտնեց, որ այդ ընկերության կատարած աշխատանքի արդյունքում հասարակությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ: Ընդգծենք, որ սրան զուգահեռ պետք է նաեւ ՀԷՑ-ում աուդիտ անցկացվեր, իսկ մինչ դրա արդյունքների հրապարակումը Կառավարությունը պետք է ստանձներ բնակչության փոխարեն սակագնի` բարձրացված 6.93 դրամի վճարումը:

Սակայն երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Կառավարությունը վճարումը կիրականացնի այնքան ժամանակ, մինչեւ խորհրդատվական ընկերությունն իր եզրակացությունը կներկայացնի: Ստացվում է, որ Կառավարությունում որոշումը փոխվել է, ու այն խոստումները, թե ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, այդքան էլ իրականության հետ կապ չունեն:
Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում խորհրդատուների աշխատանքը:

-Պարո՛ն Նազարյան, հայտարարվել էր, որ խորհրդատվական ծառայությունն իր աշխատանքները սկսելու է օգոստոսի առաջին շաբաթից: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:

-Նախ ես ուզում եմ մի բան նշել, որպեսզի թյուրիմացության առիթ չդառնա, որովհետեւ տեւական ժամանակ է, ինչ այդ սխալ տեղեկությունները տարածվում են: Այս խորհրդատվական ծառայությունը որեւէ կապ չունի աուդիտի անցկացման հետ, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի հետ:

Այս խորհրդատվական ծառայությունն իր առաջ ունի մեկ նպատակ. որպեսզի արտադրողից մինչեւ սպառող ընկած այդ շղթայում ամբողջ գնագոյացման մեխանիզմներն ուսումնասիրվեն, որպեսզի ՀՀ-ի ամբողջ ներուժը գնահատվի ու հստակեցվի` արդյոք կան խնդիրներ մեր ընդունած որոշման մեջ, այս խորհրդատվությունը նրա համար է, որպեսզի տա այդ ամենի եզրակացությունը: Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապ չունի, ու ես չեմ հասկանում, թե ինչու է հասարակությունում նման թյուր ըմբռնում եղել:

Մենք հնարավորինս բաց ներկայացրել ենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ խորհրդատվական ծառայությունը: Իսկ ՀԷՑ-ի աուդիտը լրիվ այլ նպատակ ունի, կարծում եմ, որ դրա մասին եւս պատշաճ ներկայացվել է ու նշվել է, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Մենք 5 խոշոր ընկերությունների առաջարկ էինք ներկայացրել, որոնցից մեկին ընտրել է Կառավարությունը, քանի որ ամենացածր գինը այդ ընկերությունն է ուզել, դա ամերիկյան ընկերություն է: Նրանք են մեր խորհրդատվությունն անելու ու ներկայացնելու իրենց եզրակացությունը:

-Բայց խորհրդատվական ընկերությունն արդեն սկսե՞լ է իր աշխատանքները:

-Այո՛, սկսել են իրենց աշխատանքները:

-Իսկ որքա՞ն է տեւելու խորհրդատուների աշխատանքը, կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե երբ են նրանք իրենց եզրակացությունը ներկայացնելու, որովհետեւ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե մինչեւ խորհրդատուների աշխատանքի ավարտն են իրենք էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամը վճարելու ՀՀ քաղաքացիների փոխարեն:

-Իրենք իրենց առաջարկի մեջ նշել են մաքսիմում 16 շաբաթ: Ամեն ինչ կախված է եզրակացության բովանդակությունից: Խորհրդատվական ծառայությունն իր եզրակացությունը ներկայացնելու է ՀՀ Կառավարությանը, որից հետո կերեւան մյուս քայլերը, հիմա ես որեւէ բան չեմ կարող ասել: Դա իմ որոշելիք խնդիրը չի: Կոռե՞կտ եք համարում, որ ես ՀՀ վարչապետի խոսքերը մեկնաբանեմ կամ որեւէ բան ասեմ: Ես ասեցի այն, ինչը լիազորված եմ ասել, տեղակացնել հանրությանը: Այլ բան ասել չեմ կարող:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս