Խոսրով Հարությունյանը մշտապես կարողանում է մնալ «ջրի երեսին». ինչպես է ապահովել իր զավակների «պայծառ կարիերա»-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական դաշտում անհատներ կան, որոնք բոլոր ժամանակներում եւ պայմաններում մշտապես հաջողացրել են «ջրի երեսին մնալ»: Այդպիսի գործչի ամենավառ օրինակը, թերեւս, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն է:
Նա Խորհրդային Հայաստանի տարիներին հասցրել է լինել Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն` 1983-ից 1986 թվական, Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն` 1986-ից 1987թվական, Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ` 1987-ից 1990 թվական:

Չնայած Խոսրով Հարությունյանի պաշտոնական կենսագրությունում բացակայում է կոմկուսի անդամ լինելու մասին տեղեկությունը, բայց բոլորին հայտնի է, որ ձեռնարկության տնօրեն եւ առավել եւս քաղխորհրդի նախագահ դառնում էին բացառապես կոմունիստ չինովնիկները: Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ ապշել կարելի է, թե կոմունիստների իշխանությունից հեռանալուց եւ Հայաստանի անկախացումից հետո Խոսրով Հարությունյանն ինչպիսի արագությամբ է հասցրել նոր ժամանակներին եւ կարգերին հարմարվել: Նրան անգամ վստահել են Անկախ Հայաստանի վարչապետի պաշտոն` 1992-ի օգոստոսից 1993 թվականի փետրվարը, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո մոտ մեկ տարի շարունակ նա եղել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ նախկին աթեիստ կոմունիստը հետագայում իր հիմնած կուսակցությունն անվանակոչել է «Քիստոնեա-դեմոկրատական միություն»: Խոսրով Հարությունյանը, որը Հայաստանի անկախանալուց հետո լույսի արագությամբ էր կերպարանափոխվել, չէր կարող իրեն չապահովել նոր ժամանակներին անհրաժեշտ գործիքակազմով: Հարությունյանի կուսակցական ղեկավարի տիտղոսը վերջին ավելի քան տասը տարիներին նրան օգնել է մշտապես տեղ զբաղեցնել իշխանական տարբեր «պրոյեկտներում»:
Սակայն Խոսրով Հարությունյանի «հմայքը» միայն այն չէ, որ նա կարողանում է մշտապես մնալ «ջրի երեսին», այլ այն, որ նա այս ընթացքում հասցրել է իր զավակների համար եւս «պայծառ կարիերա» ապահովել:

Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հենց Խոսրով Հարությունյանի որդին է՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի զարգացման գործակալության պետի պաշտոնը: Վերջերս հայտնի դարձավ, որ Ռոբերտ Հարությունյանի աշխատավարձը, որպես ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում Հայաստանի կողմից նշանակված անդամ, 12 հազար դոլար է: Նույնիսկ ամենազարգացած երկրների նախարարները կարող են նախանձել Ռոբերտ Հարությունյանի աշխատավարձին: Իսկ եթե հաշվի առնենք, որ նա այդ գումարը ստանում է ոչինչ չանելու համար, քանի որ ԵՏՄ-ն այդպես էլ գործող օրգանիզմ չի դառնում, ապա Հարությունյան կրտսերը կարող է հպարտանալ, որ իրեն հաջողվել է Հարությունյան ավագին գերազանցել: Ի վերջո, Խոսրով Հարությունյանը նույնքան գումար վաստակելու համար ստիպված է իշխանական տարբեր «մասովկաններում» լուսա եւ տեսանկարվել եւ մեջքն օրը հազար անգամ խոնարհել:

Բայց, պարզվում է, Խոսրով Հարությունյանն անցած տարիների ընթացքում կարողացել է նաեւ իր փեսայի կարիերան սարքել: Բանն այն է, որ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Խոսրով Հարությունյանի փեսան է: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2011 թվականից, իսկ նստավայրը գտնվում է Ստրասբուրգում: Արմեն Պապիկյանը, որպես ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ամսական ստանում է 4 հազար 50 եվրո աշխատավարձ: Ի դեպ, Պապիկյանի կինը` Էլեն Խոսրովի Հարությունյանը եւս ամսական 1300 եվրո աշխատավարձ է ստանում: Սակայն պաշտոնական հայտարարագրի հրապարակված տվյալներում ոչինչ նշված չէ այն մասին, թե Էլեն Հարությունյանն այդ գումարը ստանում է՝ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունում աշխատելո՞վ, թե՞ Ստրասբուրգում նա ամուսնուց առանձին աշխատանք է գտել:

Մի խոսքով, Հարությունյանների ընտանիքը կարող է լիարժեք գլուխ գովել, որ անկախ աշխարհում եւ շուրջբոլորը ընթացող բոլոր տեսակի զարգացումներից, իրենք մշտապես կարողանում են մնալ «ջրի երեսին»: Նրանք համատեղում են տրամագծորեն հակառակ կառույցներն ընտանիքում. մի կողմից՝ ապահովում են եվրասիական թեւը, մյուս կողմից՝ եվրոպական՝ Եվրոպայի խորհուրդը: «Լողացող» կուրսի քաղաքականությամբ նրանք իրենց համար ուրույն «ապահով Հայաստան» են կառուցել:

Վահագն Հովակիմյան




Լրահոս