Նախկին ԲՀԿ-ականներն այնքան էին աջ ու ձախ դժգոհել, մինչև նրանց հրավիրել էին նախագահական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանի խմբակցություններում չընդգրկված և  ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները` թվով 10 հոգի, օրեր առաջ հրավիրվել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Նրանք են՝ Արայիկ Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը եւ Հարություն Ղարագյոզյանը: Վերջիններս հնարավորություն էին ստացել «առաջին ձեռքից» պարզելու, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու:

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ավանդաբար մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում տեղ զբաղեցնող պատգամավորների շրջանում այս օրերին խուճապային տրամադրություններ են տիրում, քանի որ նրանք չեն պատկերացնում, թե իրենց հետագա ճակատագիրն ինչ է լինելու: Մեծամասնական մանդատների գերակշռող մեծամասնությունը, որպես կանոն, բաժին է հասել իշխանական թեկնածուներին, որոնք ներկայացրել են ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն: Այս տարվա սկզբին ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մի մասն այդ կուսակցությունից դուրս եկավ: Իհարկե, հետագայում ԲՀԿ-ի հետ կապված կրքերը հանդարտվեցին, եւ այս կուսակցությունը նորից սկսեց վայելել ՀՀ իշխանությունների բարեհաճությունը, սակայն դուրս եկածներն այլեւս չվերադարձան: Մյուս կողմից էլ, ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է, որ խորհրդարանը պետք է ընտրվի բացառապես համամասնական ընտրակարգով: Իշխանական շրջանակներից պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո, երբ կընդունվի նոր ընտրական օրենսգիրքը, խորհրդարանի ընտրությունների այնպիսի կարգ է սահմանվելու, որը հնարավորություն կտա համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերը միախառնել: Սակայն ոչ մի հստակ տեղեկություն չկա, թե այդ համակարգը կոնկրետ ինչպիսին է լինելու:

Արդյունքում, տարիներ շարունակ իշխանություններին ծառայելով՝ արեւի տակ իրենց տեղն ապահովող պատգամավորները չէին կարող ձեռքները ծալած նստել եւ այնքան էին աջ ու ձախ դժգոհել, մինչեւ նրանց հրավիրել էին նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից նրանք դուրս են եկել լիարժեք «բավարարված», սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այդպես էլ չեն կարողացել պարզել, թե իրենք ինչպես են իրենց մանդատների խնդիրը լուծելու: Սերժ Սարգսյանը նրանց խոստացել է «անտեր» չթողնել եւ ասել է, որ նրանք կարող են երկու կուսակցություններից` ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում տեղ զբաղեցնել: Բայց թե կոնկրետ ինչպես է լուծվելու մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի միախառնման հարցը, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի ասել: Նա ասել է, թե այդ հարցը դեռ որոշված չէ եւ կպարզվի նոր ընտրական օրենսգրքի նախագիծը մշակելիս: Բայց միաժամանակ Սերժ Սարգսյանը «մեծամասնականներին» հասկացրել է, որ նրանք ցուցակներում ընդգրկվելու դեպքում պարտավոր են լինելու «ձայներ ապահովել» այնպես, ինչպես ժամանակին արել են իրենց մեծամասնական մանդատների համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «մեծամասնականներին» հատկապես ոգեւորել եւ իրենց ապագայի նկատմամբ «լիահույս» է դարձրել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը նրանց ասել է, թե կարող են համոզված լինել` ինքը ոչ մեկի մասին չի մոռացել: Նրանք էլ «երջանիկ ու բախտավոր» նախագահականից դուրս են եկել` համոզված լինելով, որ իրենց ճակատագիրն «առաջնորդի» ձեռքերում է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները նախատեսում են ավելացնել խորհրդարանի պատգամավորների թիվը, ինչը հնարավորություն կտա մանդատներով ապահովել իշխանական պատգամավորների ողջ ներկապնակին` անկախ նրանից՝ նրանք նախկինում ինչ ընտրակարգով են պատգամավոր դարձած եղել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս