«Բայց արժե՞ր այդ քերծվածքի համար այդքան գումար տալ». Արշակ Սադոյանից 127 հազար են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը հայտնվել է դատարանում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի հունիսի 19-ին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նախկին պատգամավոր Արշակ Սադոյանից գանձել 127 հազար դրամ: Ի դեպ, նկատենք, որ դատարանում, բացի նախկին պատգամավորից, նաեւ պատասխանող է ներկայացված Արշակ Սադոյանի որդին` Արա Սադոյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ հունիսի 22-ին դիմել է Կենտրոն դատարան՝ պահանջելով, որ Արշակ Սադոյանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, սակայն այս գործը նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը մերժել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո ԻԱՄ-ի միջնորդությունը: Ինչ պարտավորություն է ունեցել նախկին պատգամավորը ու ավտոապահովագրողների բյուրոյի նկատմամբ, որը չի կատարել, ինչի արդյունքում ընկերությունը դիմել է դատարան: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք պատգամավորի հետ:

Արշակ Սադոյանի խոսքով՝ ապրիլին Հանրապետության հրապարակում վթար է տեղի ունեցել. «Ես իրականում մեղավոր չէի այդ վթարի մեջ, մի փոքր քերծվածք էր: Այդ օրն էլ այնքան էի շտապում, որ մյուս մեքենայի վարորդին, որը կին էր, ասեցի՝ աղջիկ ջան, այն մարդու հետ, որի հետ պետք է հանդիպեմ, ավելի կարեւոր է, քան քո մեքենայի 10.000 դրամանոց քերծվածքի հարցը: Արի, այս հարցը լուծենք: Այդ աղջիկը չհամաձայնեց, բա՝ չէ՛, չէ՛: Սպասեցինք, ԱՊՊԱ-ն եկավ, նկարեց, իր գործողություններն արեց: Այդ ժամանակ ասեցի, որ շտապում եմ, պետք է գնամ, իսկ ԱՊՊԱ-ի աշխատակիցներն ասեցին, որ չէ, պետք է սպասեք ոստիկանությունը գա, ես էլ, իրոք, ժամանակ չունեի, թողեցի, գնացի»:

Ըստ Արշակ Սադոյանի` վթարի ժամանակ իր մեքենան ապահովագրած չի եղել. «Դե, ԱՊՊԱ չունեի, ասեցի՝ տվեք, տանեմ, այդ մեքենան սարքել տամ, հետո ԱՊՊԱ-ն ասեց՝ չէ, իրենք մեքենան կսարքեն, քանի որ արդեն շատ ուշացրել եք: Արդյունքում այդ կնոջ մեքենայի քերծվածքը գնահատել էին 127 հազար դրամ: Այդ մեքենայի սարքելը մի 15 հազարի պատմություն էր, բայց իրենք գնահատել են այդքան: Դե, ես էլ չեմ վճարել այդ գումարը: Հիմա դատարանը թող որոշի. մեղավոր կլինեմ, կմուծեմ, չեմ լինի, չեմ մուծի: Բայց արժե՞ր այդ քերծվածքի համար այդքան գումար տալ»:

Քնար Մանուկյան




Լրահոս