Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. կրակահերթեր են արձակվել Տավուշի մարզի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներ ու ականանետեր:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է:

ՀՀ զինված ուժերի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հակառակորդի ակտիվությունը ճնշելու եւ կրակակետերը լռեցնելու նպատակով:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը եւ սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:




Լրահոս