Մենք պատրաստ կլինենք հարձակման, եթե այս ձևով շարունակվի. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի գյուղերը երեկ գիշեր դարձյալ ռմբակոծվել են, ինչի արդյունքում բնակիչները նորանոր նյութական վնասներ են կրել: Բացի այդ՝ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում ադրբեջանական կրակից վիրավորվել է գյուղի 3 բնակիչ: Երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ 3-րդի վիճակը ծանր է:

Երեկ ԼՂՀ պաշտպանական բանակը եւս հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ: Եվ չնայած վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ, հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 եւ 82մմ ականանետեր՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

Խորհրդարանում երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն այսօր (երեկ. Ս.Գ.) մեկնելու են Տավուշի սահմանամերձ գյուղեր` տեղում ծանոթանալու ադրբեջանական գնդակոծությունից հետո ստեղծված դրությանը:

Հավելենք, որ Տավուշի մարզում են գտնվում նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: Այցի ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ է հրապարակում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորը երեկ նշել է. «Նույնիսկ դժվար է հավատալ, որ այս գյուղերը գիշերը ենթարկվել են ինտենսիվ գնդակոծությունների: Բերքաբերում կանայք ուղիղ նշանառության տակ բակերն էին ավլում, կամպոտ ու մուրաբա պատրաստում, տղամարդիկ՝ տանիքների վնասներն էին հաշվում, ձմեռվա փայտի պատրաստություն տեսնում»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու պատգամավորը այս օրերին Տավուշի մարզում չէ:

-Պարո՛ն Մելիքյան, արդեն մի քանի օր է՝ Տավուշի գյուղերը գտնվում են հակառակորդի գնդակոծության տակ: Ինչ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում ՀՀ իշխանությունները, ի վերջո, Դուք Տավուշի մարզից եք, տեղում եղե՞լ եք՝ պարզելու համար, թե ինչ վիճակ է սահմանագոտում:

-Ես կարծում եմ, որ այն, ինչն իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից, համարժեք գնահատականն է այն բոլոր վնասների, որը կրել են Տավուշի մարզի բնակիչները ադրբեջանական հրետակոծությունից հետո: Պետք չէ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խուճապի մատնվել, իրավիճակն ամբողջությամբ հսկվում է, մեր բանակը, զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս իրենց քայլերին: Համոզված եմ, որ ադրբեջանցիները, որոնք վնասներ են կրել մեր կողմից տրված համարժեք պատասխանից, նրանց այդ ամենը կզսպի, ու կարծում եմ, որ առաջիկայում նրանք կդադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները:

Խուճապի մատնվել պետք չէ, ես ուղղակի ցավում եմ, որ ունենք զոհ, ունենք վիրավորներ, ունենք վնասվածքներ ունեցող բնակիչներ: Նյութական արժեքները բնակիչներին, բնականաբար, կփոխհատուցվեն, բայց ամեն դեպքում զոհը մեզ համար շատ թանկ է, ես ցավակցում եմ նրանց հարազատներին: Ես կարծում եմ, որ մեր բանակով ու նման հերոսներով է մեր ժողովուրդը հզոր: Իսկապես շատ ցավալի է, որ հայկական կողմը եւս կորուստներ է ունենում, քանի որ մեզ համար դա շատ ցավալի իրողություն է: Կողքից ինչ-որ բաներ են անում, իշխանություններին քննադատում են, բայց իրականում ամենացավալին նաեւ իշխանությունների համար է: Մենք ենք մեր երկրի տերը, մենք միայն խաղաղության կողմնակից ենք: Հավատացնում եմ, որ իշխանություններն այս հարցում ամենազգոն վիճակում են: Ես Տավուշի մարզում եմ եղել ու ես իմ աչքով եմ տեսել, թե այնտեղ ինչ է տեղի ունենում, եթե չենք բարձրաձայնում, դա դեռ չի նշանակում, որ մենք այնտեղ չենք, մենք իրավիճակին չենք տիրապետում: Սխալվում եք:

-Տեսակետ կա, որ այս օրերին պետք է տարհանել Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին, եթե Ձեր աչքով հետեւել եք սահմանին տիրող իրավիճակին, տեսել եք, թե գյուղերում ինչ է կատարվում, արդյո՞ք ճիշտ եք համարում տարհանումը:

-Այս օրերին նաեւ տեղի են ունենում «Շանթ 2015» զորավարժությունները, որոնց ծրագրերից մեկն էլ տարհանման փորձի կազմակերպումն է: Կարծում եմ, որ այդ տարհանման կարիքն իրականում չի կարող լինել, բայց, ամեն դեպքում, զորավարժությունների ընթացում նման բան լինելու է: Եթե իրականում նման կարիք լինի, ապա մենք պատրաստ կլինենք նաեւ դրան: Բայց այժմ գյուղերի բնակիչների տարհանման կարիք չկա: Ես արդեն նշեցի, որ ես Տավուշում եմ եղել, վաղն էլ լինելու եմ Տավուշի մարզի Պառավաքար, Ներքին Կարմրաղբյուր գյուղերում ու կարծում եմ, որ այժմ տարհանման անհրաժեշտություն չկա: Բնակիչների հետ զրուցել ենք, ու դա բոլորի համար սովորական երեւույթ է, գյուղերում խուճապային իրավիճակ չկա: Տեղեկություններ կան, որ լուրջ խուճապային իրավիճակ կա Ադրբեջանի գյուղերում, որոնք հարակից են մեր սահմանին, ու լուրջ թվով ադրբեջանցիներ փախուստի են դիմում այդ գյուղերից: Մենք պատրաստ կլինենք հարձակման, եթե այս ձեւով շարունակվի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս