2017 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՎԱԶՔԸ ՍԿՍՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ խորհրդարանական երիտասարդությունը, ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի եւ Սամվել Ֆարմանյանի, զբաղված է նոր թիմի ձեւավորմամբ: Նոր դեմքերն անհրաժեշտ են նոր կուսակցության համար, որը նրանք ցանկանում են հիմնել` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ երիտասարդներին հորդորել են հիմիկվանից արդեն թիմ ձեւավորել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողանան հաղթանակ ապահովել: Ինչպես հայտնի է՝ Լեւոն Մարտիրոսյանը կուսակցություն ունի՝ ՄԻԱԿ-ը, որով էլ պատգամավորները ընդգրկվել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, սակայն երիտասարդները նպատակ ունեն մեկ այլ` նոր կուսակցությունով մուտք գործել խորհրդարան: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր գլխավորությամբ առաջիկայում նոր կուսակցություն է հիմնվելու, որը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ կուսակցության մասին է խոսքը, ինչո՞ւ ենք ցանկանում նորից կուսակցություն հիմնել:
-Անկեղծ ասած, ես առաջին անգամ դրա մասին լսում եմ Ձեզանից, Դուք պետք է ասեք, թե ինչ կուսակցության մասին է խոսքը, որովհետեւ ես նման տեղեկություն չունեմ: Ես կուսակցություն հիմնել եմ 2007 թվականին, դա ՄԻԱԿ-ն է, կուսակցությունն էլ հաջողությամբ գործունեություն է ծավալել, մի քանի նախկին եւ ներկա անդամներ այսօր իրենց գործունեությունը ծավալում են խորհրդարանում, տարբեր պետական կառույցներում են, մասնավոր բիզնեսում եւ տարբեր խոշոր կառույցներում: Ես նոր կուսակցություն չեմ ստեղծել, ես ունեմ կուսակցություն, որով մենք մեր գործունեությունն իրականացնում ենք:
-Այնուամենայնիվ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր թիմակիցների հետ նպատակ ունեք մեկ այլ կուսակցության միջոցով մուտք գործել խորհրդարան` նոր անդամներով եւ նոր ծրագրերով, որոնց միջոցով ավելի հեշտ կլինի մասնակցել ընտրություններին:
-Մենք մեր առանձին կուսակցությունն ունենք, ի՞նչ է՝ նորից նոր կուսակցություն ենք հիմնելո՞ւ, դրա իմաստը ո՞րն է: Ես նշեցի, որ մենք մեր կուսակցությունն ունենք, որի միջոցով այս ժամանակահատվածում մեր գործունեությունն իրականացրել ենք: Մեր գործընկերները՝ Էդմոնը Մարուքյան, եթե չեմ սխալվում, կուսակցության ստեղծման գործընթաց են սկսել, բայց վստահ չեմ, թե դա երբ է տեղի ունենալու, ես չեմ կարող ասել՝ դա առաջիկայում է լինելու, թե ոչ: Բայց ինչ վերաբերվում է մեզ, թե մենք ցանկանում ենք նոր կուսակցություն հիմնել, դա իրատեսական չէ, քանի որ մենք մեր գործունեությունը ծավալում ենք: Նոր կուսակցություն ստեղծելը, կարծում եմ, անտրամաբանական է:
-Իսկ ՄԻԱԿ-ը պատրաստվո՞ւմ է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, այդ ուղղությամբ արդեն սկսե՞լ եք աշխատել:
-Իհարկե, դա մեր գործն է, մենք պետք է մասնակցենք խորհրդարանական ընտրություններին: Մենք այժմ ՀՀԿ խմբակցության կազմում ենք, մեր գործունեությունն իրականացնում ենք խմբակցության միջոցով, հուսով եմ՝ ապագա խորհրդարանում եւս մենք ընդգրկված կլինենք: Ես Ձեզանից եմ լսում, որ ինչ-որ մենք առանձին ենք լինելու, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Մենք մեր գործունեությունն իրականացրել ենք այս տարիների ընթացքում, ու բոլորն էլ գիտեն, որ մենք դա արել ենք ՀՀԿ խմբակցությունում, թե ինչ տեղեկություններ են տարածվում՝ մեր առանձին հանդես գալու հետ կապված, չեմ կարող ասել: Գուցե իմ գործընկերներին հարցնեք, իրենք ինչ-որ բան ասեն, քանի որ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, իրականում չկա նման բան:
-Իսկ ինչպիսի՞ն է ՄԻԱԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, Դուք կո՞ղմ եք ներկայացված նախագծին:
-Այո՛, մենք կողմ ենք: 2007 թվականին, երբ որ մեր ծրագիրն ընդունեցինք, մենք նշել ենք խորհրդարանական համակարգի անցման մասին, ու այն նախագիծը, որը ներկայացված է, ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում: Իհարկե, քննարկելու բաներ կան, լսումներ կլինեն, քննարկումներ կլինեն, որոնց ժամանակ մենք մեր դիրքորոշումը ներկայացնելու ենք: Ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, ուստի ես անպայման իմ դիրքորոշումը ներկայացնելու եմ:

 

 

 

 
ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 3 ՀՈԳԻ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՀԱՄԱՐ

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում օր օրի իրավիճակը լարվում է, քանի որ այստեղ ձեւավորված «քոչարյանական» թեւն աշխատում է առանձին: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը «հեռանում» է մեծ քաղաքականությունից, խմբակցության անդամներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը «բաժանվել» են խմբակցությունից ու որեւէ գործունեության «չեն խառնվում»:

Այդ ամենն ավելի ակնհայտ դարձավ, երբ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր սիրելի կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե ինքն ու Ստեփան Մարգարյանը չեն հանդիսանում ԲՀԿ անդամ, ուստի. «…չենք մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը եւ կուսակցության քաղաքական գծի ընտրությանը»: Վ. Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության՝ վերը նշված անդամներն իսկապես չեն մասնակցում խմբակցության աշխատանքներին: Նրանք մշտապես խորհրդարանում միասին են, միմյանց սենյակներում են ու ինչ-որ որոշում կայացնելիս բացառապես միմյանցից են խորհուրդներ հարցնում: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննիսայնը, Մարգարյանն ու Վարդանյանն ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խորհուրդներով», որն այս ժամանակահատվածում թիմ է «հավաքագրում»` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
ԲՀԿ-ում քննարկվող գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու են Ս. Մարգարյանն ու Է. Վարդանյանը, չխառնվելով խմբակցության աշխատանքներին, շարունակում զբաղեցնել ԲՀԿ քվոտայով ստացած ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Հիշեցնենք, որ Ստեփան Մարգարյանը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլինար Վարդանյանն էլ ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:
Տեւական ժամանակ է՝ «ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի շուրջ զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի հետ: Երեկ, սակայն, Է. Վարդանյանը խորհրդարանում կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե չի ցանկանում մեզ հետ զրուցել: Պարզվում է` Վարդանյանի «սրտին դարդ» է եղել մեր հրապարակումն այն մասին, որ ինքը Ռ. Քոչարյանի թիմից է: Ս. Մարգարյանի հետ եւս չհաջողվեց զրուցել. Է. Վարդանյանի քույրը, որը Մարգարյանի օգնականն է խորհրդարանում, հայտարարեց, թե Մարգարյանը շատ զբաղված է:
Հ. Գ. Չի բացառվում, որ այսօր Վահե Հովհաննիսյանն էլ իր «սիրելի» կայքերին «հրահանգի» մի նյութ հրապարակել, որ մենք պատվեր ենք կատարել: Վ. Հովհաննիսյանի այս գործելաոճն արդեն բոլորի համար ակնառու է դարձել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑԵՆ
Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը: Նելլի Հարությունյանը օգոստոսի 21-ին տոնավաճառից դուրս է եկել եւ տուն չի հասել: Նրան ոչ ոք չի տեսել, եւ որեւէ մեկը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Շուկայի աշխատակիցները իրավապահներին ասել էին, որ կինը մինչեւ անհետանալը մոտ 10 հազար դոլարի համարժեք ոսկեղենի առեւտուր է արել: Ավելին՝ ոսկու շուկայից դուրս գալով՝ զանգահարել է ամուսնուն եւ պատմել հաջողակ առեւտրի մասին: Կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանն ասել էր, թե իբր ինքը լսել է, թե Նելլի Հարությունյանը գումարը վերցրել եւ հեռացել է երկրից: Եթե կինը իսկապես երկրից հեռացած լիներ, ապա իրավապահները հստակ տեղյակ կլինեին այդ մասին եւ կասկած չէին ունենա, որ նա ողջ-առողջ է, հետեւաբար նաեւ սպանության հատկանիշներով քրեական գործ չէին հարուցի:

 

ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների փողոցում գտնվող տնակում իրավապահները հայտնաբերել էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին՝ ինքնասպանության հետքերով: «Ժողովուրդ»-ը նախկինում բազմիցս այդ դեպքին անդրադարձել է եւ նշել, որ դեռես 2010թ. Սուրեն Մարգարյանին «Արմավիա» ավիաընկերությունից աշխատանքից ազատել էին թմրանյութ օգտագործելու կասկածանքով: Երիտասարդ օդաչուն իր հետ տեղի ունեցածի մասին նույնիսկ նամակ էր գրել Հայաստանի ողջ ղեկավար կազմին եւ վստահեցրել էր, թե իրեն անհիմն են աշխատանքից հեռացրել, բայց ապարդյուն: Ինչեւէ, Սուրեն Մարգարյանի ինքնասպանության գործն օրերս կարճվել է: Իրավապահները պարզել են, որ նա մեծ պարտքեր է ունեցել եւ ենթադրում են, որ հենց այդ պատճառով է ինքնասպանության դիմել:

 

ՆՎԱԶՈՒՄ Է ՈՒ ՆՎԱԶՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում մսամթերքի (ներառյալ՝ երշիկեղեն), հացի եւ մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են: Մասնավորապես մսամթերքի, երշիկեղենի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին նվազել են 6.5 տոկոսով, հացի արտադրության ծավալները՝ 1.8 տոկոսով, մակարոնեղենինը՝ 37.9 տոկոսով: Բայց նույն ծառայությունը 4 տոկոս տնտեսական աճի մասին տեղեկություն է տրամադրել ՀՀ վարչապետին:




Լրահոս