Խնդիրը շուտափույթ պետք է լուծում գտնի. Լևոն Մարտիրոսյանը` զինգրքույկներում ջնջված կնիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները կքննարկեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշումից հետո ջնջված են:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ պարզաբանում տարածեց նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակը՝ նշելով, որ կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, այդպես էլ չմանրամասնվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվածից հետո ԼՂՀ մի շարք զորամասերում ստուգումներ են սկսվել, որպեսզի, ըստ էության, բացառվի ծանոթ-բարեկամի միջոցով կնիք դնելը այն զինվորների գրքույկներում, որոնք ապրիլյան դեպքերին մասնակից չեն եղել: Ավելին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ծառայողական քննություն է, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ որոշ զորամասի հրամանատարներ ընդամենը նկատողություններ են ստացել:

Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, մի՞թե մեր տղաները այդքան արժանիք չունեն, որ իրենց զինգրքույկներում դրվի կնիք, որ ապրիլյան պատերազմի մասնակից են եղել:

-Արժանի են, եթե չեմ սխալվում՝ ՀՀ պաշտպանության նախարարը սպառիչ այդ հարցի մասին խոսել է: Կարծում եմ, որ խնդիրը շուտափույթ պետք է լուծում գտնի: Չեմ կարծում, որ որեւէ մեկը տղաներից որեւէ մեկին նեղացնելու միտում կամ խնդիր է առաջացնելու:

-Ակնհայտ է, որ խնդիրն առաջացրել են:

-Վստահ եմ, որ հարցը շուտափույթ լուծում կստանա, Ազգային ժողովը դրա հետ կապ չունի, պաշտպանության նախարարությունը զբաղվում է, եւ հարցը շուտափույթ կլուծվի:

Քնար Մանուկյան




Լրահոս