2017 թվականի մրցավազքը սկսված է. երիտասարդ պատգամավորները զբաղված են նոր թիմի ձևավորմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում, որ խորհրդարանական երիտասարդությունը, ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի եւ Սամվել Ֆարմանյանի, զբաղված է նոր թիմի ձեւավորմամբ: Նոր դեմքերն անհրաժեշտ են նոր կուսակցության համար, որը նրանք ցանկանում են հիմնել` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:

«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ երիտասարդներին հորդորել են հիմիկվանից արդեն թիմ ձեւավորել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողանան հաղթանակ ապահովել: Ինչպես հայտնի է՝ Լեւոն Մարտիրոսյանը կուսակցություն ունի՝ ՄԻԱԿ-ը, որով էլ պատգամավորները ընդգրկվել են ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, սակայն երիտասարդները նպատակ ունեն մեկ այլ` նոր կուսակցությունով մուտք գործել խորհրդարան:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ղեկավար Լեւոն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր գլխավորությամբ առաջիկայում նոր կուսակցություն է հիմնվելու, որը պատրաստվում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ կուսակցության մասին է խոսքը, ինչո՞ւ ենք ցանկանում նորից կուսակցություն հիմնել:

-Անկեղծ ասած, ես առաջին անգամ դրա մասին լսում եմ Ձեզանից, Դուք պետք է ասեք, թե ինչ կուսակցության մասին է խոսքը, որովհետեւ ես նման տեղեկություն չունեմ: Ես կուսակցություն հիմնել եմ 2007 թվականին, դա ՄԻԱԿ-ն է, կուսակցությունն էլ հաջողությամբ գործունեություն է ծավալել, մի քանի նախկին եւ ներկա անդամներ այսօր իրենց գործունեությունը ծավալում են խորհրդարանում, տարբեր պետական կառույցներում են, մասնավոր բիզնեսում եւ տարբեր խոշոր կառույցներում: Ես նոր կուսակցություն չեմ ստեղծել, ես ունեմ կուսակցություն, որով մենք մեր գործունեությունն իրականացնում ենք:

-Այնուամենայնիվ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ձեր թիմակիցների հետ նպատակ ունեք մեկ այլ կուսակցության միջոցով մուտք գործել խորհրդարան` նոր անդամներով եւ նոր ծրագրերով, որոնց միջոցով ավելի հեշտ կլինի մասնակցել ընտրություններին:

-Մենք մեր առանձին կուսակցությունն ունենք, ի՞նչ է՝ նորից նոր կուսակցություն ենք հիմնելո՞ւ, դրա իմաստը ո՞րն է: Ես նշեցի, որ մենք մեր կուսակցությունն ունենք, որի միջոցով այս ժամանակահատվածում մեր գործունեությունն իրականացրել ենք: Մեր գործընկերները՝ Էդմոնը Մարուքյան, եթե չեմ սխալվում, կուսակցության ստեղծման գործընթաց են սկսել, բայց վստահ չեմ, թե դա երբ է տեղի ունենալու, ես չեմ կարող ասել՝ դա առաջիկայում է լինելու, թե ոչ: Բայց ինչ վերաբերվում է մեզ, թե մենք ցանկանում ենք նոր կուսակցություն հիմնել, դա իրատեսական չէ, քանի որ մենք մեր գործունեությունը ծավալում ենք: Նոր կուսակցություն ստեղծելը, կարծում եմ, անտրամաբանական է:

-Իսկ ՄԻԱԿ-ը պատրաստվո՞ւմ է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, այդ ուղղությամբ արդեն սկսե՞լ եք աշխատել:

-Իհարկե, դա մեր գործն է, մենք պետք է մասնակցենք խորհրդարանական ընտրություններին: Մենք այժմ ՀՀԿ խմբակցության կազմում ենք, մեր գործունեությունն իրականացնում ենք խմբակցության միջոցով, հուսով եմ՝ ապագա խորհրդարանում եւս մենք ընդգրկված կլինենք: Ես Ձեզանից եմ լսում, որ ինչ-որ մենք առանձին ենք լինելու, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Մենք մեր գործունեությունն իրականացրել ենք այս տարիների ընթացքում, ու բոլորն էլ գիտեն, որ մենք դա արել ենք ՀՀԿ խմբակցությունում, թե ինչ տեղեկություններ են տարածվում՝ մեր առանձին հանդես գալու հետ կապված, չեմ կարող ասել: Գուցե իմ գործընկերներին հարցնեք, իրենք ինչ-որ բան ասեն, քանի որ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, իրականում չկա նման բան:

-Իսկ ինչպիսի՞ն է ՄԻԱԿ-ի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հարցում, Դուք կո՞ղմ եք ներկայացված նախագծին:

-Այո՛, մենք կողմ ենք: 2007 թվականին, երբ որ մեր ծրագիրն ընդունեցինք, մենք նշել ենք խորհրդարանական համակարգի անցման մասին, ու այն նախագիծը, որը ներկայացված է, ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում: Իհարկե, քննարկելու բաներ կան, լսումներ կլինեն, քննարկումներ կլինեն, որոնց ժամանակ մենք մեր դիրքորոշումը ներկայացնելու ենք: Ես սահմանադրական իրավունքի մասնագետ եմ, ուստի ես անպայման իմ դիրքորոշումը ներկայացնելու եմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս