ԱՅԳՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄՈՒՖԼՈՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՓՐԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ կրկին արտակարգ դեպք է գրանցվել Երեւանի կենդանաբանական այգում: Այս անգամ վայրի շները ներխուժել են մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ  արել երեք կենդանու:
Կատարվածի կապակցությամբ կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երեւանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերն ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունն ապահովելու համար նոր տարածքների կառուցումը եւ այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը: Այգին ցավում է այս պատահարի համար, իսկ  մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնել, հաջողությամբ շարունակվում է` չնայած երեք կենդանիների կորստին»: Կենդանաբանական այգու պարզաբանմամբ` «մուֆլոնների զառիթափի վրա գտնվող  ազատավանդակը սահմանակից է թփերով, ժայռերով եւ ծառերով շրջապատված մի վայրի տարածքի: Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը` նրա դժվար հասանելիության պատճառով»:
Հիշեցնենք, որ այգում եւս մեկ արտակարգ դեպք էր գրանցվել հունվարի 15-ի առավոտյան, երբ վանդակի ճաղերի կոտրվելու պատճառով 3 առյուծները խեղդել էին իրենց վանդակ ներթափանցած երեք տարեկան առյուծին: Այգու աշխատակիցների եւ տնօրենի խոսքով՝  ամեն ինչ կատարվել էր շատ արագ, եւ ոչինչ անել հնարավոր չէր եղել:
Այգու մամլո խոսնակ Կարինե Մուրադյանի խոսքով՝ այս պահին այգու աշխատակիցների կողմից իրականացվում են ճաղավանդակների վերանորոգման աշխատանքներ. «Դա մեկ մետր տարածք չէ, այլ մեծ տարածք է, այդ պատճառով էլ անընդհատ աշխատանքներ են իրականացվում, բացի այդ, ճաղավանդակները հին են»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս