«ԳՐԻԳՈՐԻՉԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ՇԱՏ ԵՄ ՇԵՂՎԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, նաեւ մեր երգիչներից մեկի հետ ձայնագրած նոր դուետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեւորգը պատմել է իր ծրագրերից, անդրադարձել Երգի պետական թատրոնը լքելու թեմային: Երգիչը խոսել է նաեւ հասուն տարիքում երգարվեստ մուտք գործելու դժվարություններից:

-Գեւո՛րգ, Ձեր տեսահոլովակները Youtube-ում աննախադեպ մեծ թվով դիտումներ են բերում, միեւնույն ժամանակ, քննադատություններ են հնչում այն մասին, որ Դուք Ձեր հոլովակների տեսարանները կրկնօրինակում եք արտերկրի աստղերի հոլովակներից, վերջիններիս նմանակում եք անգամ բեմական կոստյումներ ընտրելու հարցում. ի՞նչ կասեք:
-Չեմ կարող ասել, թե որեւէ արտիստի կրկնօրինակում եմ, բայց հիմա ով ինչ էլ անի, մարդիկ կասեն, որ նա կրկնում է որեւէ մեկին: Այսօր ի՞նչ անես, որ նորույթ լինի. կարծում եմ` ամեն բան արդեն արված է, պարզապես այն, ինչ անում ես, պետք է լավ անես: Կարեւորը ես իմ գործը լավ եմ անում. ով ինչ ուզում է, թող մտածի:
-Շատ սաների պես Դուք էլ լքեցիք Երգի պետական թատրոնը, որտեղ նաեւ աշխատում էիք: Երբեւէ զղջացե՞լ եք Ձեր այդ քայլի համար: Արթուր Գրիգորիչի խորհուրդները հիշու՞մ եք, հետեւու՞մ եք, թե՞ արդեն շեղվել եք դրանցից:
-Եթե կոնկրետ արվեստի մասին խոսեմ, ապա այո, այսօր առանց թատրոնի վիճակն այդքան էլ լավ չէ, բաց չէ որ մարդ պետք է ինչ-որ կերպ ապրի, ընտանիք պահի, եւ դրա համար ոչ ոք իրավունք չունի նրան քննադատելու: Եթե ես իմանայի, որ թատրոնում աշխատելով` կարող եմ նորմալ ապրել, ընտանիքս պահել, ինձ մարդ զգալ, մի վայրկյան անգամ չէի հապաղի, կմնայի այնտեղ: Իհարկե, կարոտում եմ թատրոնի մթնոլորտը, այնտեղ սովորածս շատ է օգնում ինձ այսօր իմ գործունեության ընթացքում: Իսկ Գրիգորիչի խորհուրդներից մի փոքր չէ, շատ եմ շեղվել, բայց կարծում եմ, որ վատ բան չեմ անում… Չգիտեմ… Շատ մարդկանց կարող է դուր չգալ իմ արածը, նույն Արթուր Գրիգորիչին էլ հաստատ շատ բաներ դուր չեն գալիս, բայց ինքն էլ լավ հասկանում է, թե ինչն ինչի համար է արվում:
-Դուք Հայաստանում այն եզակի տղամարդ երգիչներից եք, որոնք իրենց տեսակով շարժուն են, տեսահոլովակներում աչքի են ընկնում պարային համարներով: Նախկինում ֆուտբոլով զբաղվելու հանգամա՞նքն է այս հարցում օգնե՞լ:
-Ֆուտբոլն օգնել է լինել ավելի ճկուն, ունենալ ամուր մկաններ, ոչ ավելին: Պարելու ցանկությունը մարդու ներսից է բխում: Վատ է, որ մեր տղա արտիստները լավ չեն պարում կամ չեն էլ փորձում պարել, բայց դա էլ ունի իր բացատրությունը: Պատկերացնո՞ւմ եք ռեստորանում երգող երգիչը նաեւ պարի, մեզ մոտ դա դժվար կընկալվի, ժողովուրդը դա չի մարսի: Նույն պատվիրատուի համար այդ երեւույթը խորթ է: Այսօր քչերին կարող ես քո պարով գրավել, ուստի երգիչներն այդ առումով չեն էլ աշխատում իրենց վրա:
-Դուք, մասնակցելով «Հայաստանի ձայնը» նախագծին, պոտենցիալ հաղթողների շարքում էիք, սակայն, ինչպես մի առիթով ինքներդ եք նշել, Ձեր բախտը պարզապես չբերեց, եւ Դուք դուրս մնացիք նախագծից: Էլի կմասնակցե՞ք հայաստանյան մրցույթների, թե՞ արդեն խուսափում եք:
-Կմասնակցեմ, բայց ոչ Հայաստանում, այլ արտերկրում: Հայաստանում էլ ի՞նչ մրցույթ պետք է լինի, որ մասնակցեմ… Դրսում կայացող մրցույթներից, օրինակ, մասնակցել եմ «Յուրմալայի» նախընտրական փուլերին, պարզապես էլի բախտս չի բերել…
-Գեւո՛րգ, Դուք բավական հասուն տարիքում մուտք գործեցիք շոու-բիզնես: Երբ հայտնի դարձաք, արդեն երկու զավակ ունեիք: Ընտանիք ունենալու հանգամանքը խոչընդոտներ չի՞ առաջացրել: Արդյո՞ք այս պարագայում Ձեզ համար առաջնային խնդիրը գումար վաստակելը չի դառնում:
-Խոչընդոտները, բնականաբար, շատ են. եթե ընտանիք չունենալու դեպքում ես կմտածեի միայն իմ մասին եւ, գուցե, լրիվ այլ գործունեություն կծավալեի, ապա այս դեպքում առաջինը մտածում եմ ընտանիքիս մասին: Ես չեմ կարող ինձ թույլ տալ զբաղվել այն երաժշտությամբ, որը սիրում եմ ես ու ինձ պես քիչ թվով անձինք: Բայց ես այն մարդկանցից չեմ, որ դրա համար դարդ անեմ. հակառակը` միշտ ասում եմ, որ ուժեղ եմ իմ ընտանիքով:
-Եվ վերջում, մինչեւ տարեվերջ ի՞նչ գործնական ծրագրեր ունեք:
-Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կնկարահանվի նոր տեսահոլովակ` հարսանեկան թեմայով, 6/8 ռիթմի երգի հիման վրա: Համագործակցում եմ «Մեծ Հայք» խմբից ռեփեր Նարեկի հետ. մեր դուետն արդեն պատրաստ է, մնում է` տեսահոլովակ նկարահանվի: Առաջիկայում սպասվում են նաեւ համերգներ Եվրոպայում եւ Ռուսաստանում:

 

 

 

 

 
ԼԵՊՍԻՆ ԲԱՎԱՐԱՐԵԼՆ ԷԺԱՆ ՉԻ ԱՐԺԵՆԱ

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի ամենահայտնի կատարողներից մեկը` Գրիգորի Լեպսը, մենահամերգ կունենա Երեւանում: Համերգը նախատեսված է նոյեմբերի 13-ին: «Ժողովուրդ»-ը համերգի կազմակերպիչ, «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանից հետաքրքրվել է, թե որքանով են սպառվում համերգի տոմսերը, որոնք վաճառքի էին հանվել օգոստոսի կեսից: Նրա խոսքով` տոմսերը սպառվում են բավական արագ. «Վաճառքի առաջին իսկ օրվանից բավական մեծ թվով տոմսեր են սպառվել»,-ասաց նա:

Մեր այն հարցին, թե արդյոք տոմսերի գինը, որը տատանվում է 5000-120.000 դրամի սահմաններում, բարձր չէ, եթե հաշվի առնենք, որ մեր հասարակությունը բարձր վճարունակություն չունի, Ա. Սաղոյանը պատասխանեց. «Տոմսերի արժեքը մեծ մասամբ գոյացել է արտիստի հոնորարի եւ համերգի տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գումարի հարաբերակցության հիման վրա: Ընդ որում, 5000-50.000 դրամի սահմաններում տոմսերը գերակշռող մաս են կազմում, իսկ 100-120 հազար դրամանոց տոմսերն այն քիչ մարդկանց համար են, ովքեր պատրաստ են այդքան վճարել, միայն թե գտնվեն առաջին շարքում: Տոմսերի գներն, առհասարակ, սահմանվել են այնպես, որ դրանց արժեքը շատ չտարբերվի Լեպսի` ԱՊՀ երկրներում ունեցած համերգների տոմսերի գնից:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք դժվար չէ տեխնիկական առումով բավարարել Լեպսի պահանջները, արդյոք դա կապված չէ մեծ գումարների հետ. «Նման բնույթի պահաջը պրոֆեսիոնալ երաժիշտի կողմից արդարացի է, եթե արտիստի պահանջը չբավարարվի, նա, բնականաբար, կարող է նաեւ ելույթ չունենալ: Ասել, թե այդ պահանջը բավարարելն էժան է արժենում, սուտ կլինի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Լեպսը Երեւան է գալիս 16 հոգուց բաղկացած կոլեկտիվի հետ: Ընդ որում, բացի տեխնիկական պահանջներից` կան նաեւ կենցաղային պահանջներ. նաեւ այս ամենից ելնելով էլ գոյանում է տոմսի արժեքը»,-մեկնաբանեց ընկերության տնօրենը:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե, առհասարակ, դժվար չէ՞ շփվել անկանխատեսելի, խենթ բնավորություն ունեցող արտիստի հետ, Ա. Սաղոյանը պատասխանեց.«Ստեղծագործ մարդիկ, իհարկե, որոշ առումով ամբիցիոզ են, բայց այդ հարցին կարող եմ պատասխանել միայն համերգից հետո, քանի որ հիմա մենք հիմնականում շփվում ենք նրա մենեջմենթի հետ»:
Իսկ արդյոք համերգի ընթացքում կլինեն անակնկալներ, օրինակ` դուետի տեսքով, այս հարցին ի պատասխան՝ Ա. Սաղոյանը նշեց, որ անակնկալներ կլինեն, սակայն զուգերգ` ոչ:
Ի դեպ, «Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրենը մեզ տեղեկացրեց, որ իրենք արդեն «աչքի տակ ունեն», թե ով է լինելու արտերկրից Հայաստան հրավիրվելիք հաջորդ աստղը, նրա խոսքով` արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Մեր զրուցակիցը, սակայն, հրաժարվեց մանրամասներ հայտնել` նշելով միայն, որ այս անգամ հայտնի արտիստը ռուսական շոու-բիզնեսից չի լինի:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս