
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը` ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման: Իսկ մինչ այդ նախաձեռնության անդամները մայրաքաղաքում և մարզերում իրազեկումներ են անում և քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց պայքարին ու թույլ չտալ հոսանքի ապօրինի թանկացում:
Այսօր ակտիվիստները Բաղրամյան 26-ում և դրա հարակից տարածքներում թռուցիկներ բաժանեցին` իրազեկելով ամիս 11-ի հավաք-երթի մասին: Նշենք, որ վաղը` սեպտեմբերի 6-ին ժամը 16:00-ին նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակում հրավիրում են հանրային քննարկման` իրենց հետագա քայլերի մասին մտքեր փոխանակելու համար: