ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 27-ի նիստում որոշում էր ընդունել էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկներ ներկայացնել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խորհրդատուների աշխատանքը տեւելու է մոտ 16 շաբաթ, այսինքն՝ դեռեւս 4 ամիս խորհրդատուներն «աշխատելու» են:
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 17-ին հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ինչի արդյունքում բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն ավելացավ 16.6%-ով, իսկ գիշերային սակագինը՝ 21.8%-ով: Բացարձակ արտահայտությամբ երկու սակագներն էլ ավելացան նույն չափով՝ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար 6.93 ՀՀ դրամ
Իսկ արդեն օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ խորհրդատվություն իրականացնելու համար Կառավարությունը նախապատվությունը տվել է «Deloitte» ընկերությանը: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ հուլիսի 27-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրավեր էր ուղարկել միջազգային հինգ հեղինակավոր ընկերությունների, որոնցից Կառավարությունը որոշել է ընտրել հատկապես «Deloitte»-ին, որի գնային առաջարկն ավելի ցածր է: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հույս հայտնեց, որ այդ ընկերության կատարած աշխատանքի արդյունքում հասարակությունը կստանա իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ: Ընդգծենք, որ սրան զուգահեռ պետք է նաեւ ՀԷՑ-ում աուդիտ անցկացվեր, իսկ մինչ դրա արդյունքների հրապարակումը Կառավարությունը պետք է ստանձներ բնակչության փոխարեն սակագնի` բարձրացված 6.93 դրամի վճարումը:
Սակայն երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Կառավարությունը վճարումը կիրականացնի այնքան ժամանակ, մինչեւ խորհրդատվական ընկերությունն իր եզրակացությունը կներկայացնի: Ստացվում է, որ Կառավարությունում որոշումը փոխվել է, ու այն խոստումները, թե ՀԷՑ-ում աուդիտ է անցկացվելու, այդքան էլ իրականության հետ կապ չունեն:
Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում խորհրդատուների աշխատանքը:
-Պարո՛ն Նազարյան, հայտարարվել էր, որ խորհրդատվական ծառայությունն իր աշխատանքները սկսելու է օգոստոսի առաջին շաբաթից: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:
-Նախ ես ուզում եմ մի բան նշել, որպեսզի թյուրիմացության առիթ չդառնա, որովհետեւ տեւական ժամանակ է, ինչ այդ սխալ տեղեկությունները տարածվում են: Այս խորհրդատվական ծառայությունը որեւէ կապ չունի աուդիտի անցկացման հետ, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի հետ: Այս խորհրդատվական ծառայությունն իր առաջ ունի մեկ նպատակ. որպեսզի արտադրողից մինչեւ սպառող ընկած այդ շղթայում ամբողջ գնագոյացման մեխանիզմներն ուսումնասիրվեն, որպեսզի ՀՀ-ի ամբողջ ներուժը գնահատվի ու հստակեցվի` արդյոք կան խնդիրներ մեր ընդունած որոշման մեջ, այս խորհրդատվությունը նրա համար է, որպեսզի տա այդ ամենի եզրակացությունը: Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապ չունի, ու ես չեմ հասկանում, թե ինչու է հասարակությունում նման թյուր ըմբռնում եղել: Մենք հնարավորինս բաց ներկայացրել ենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ խորհրդատվական ծառայությունը: Իսկ ՀԷՑ-ի աուդիտը լրիվ այլ նպատակ ունի, կարծում եմ, որ դրա մասին եւս պատշաճ ներկայացվել է ու նշվել է, թե այն իրենից ինչ է ներկայացնում: Մենք 5 խոշոր ընկերությունների առաջարկ էինք ներկայացրել, որոնցից մեկին ընտրել է Կառավարությունը, քանի որ ամենացածր գինը այդ ընկերությունն է ուզել, դա ամերիկյան ընկերություն է: Նրանք են մեր խորհրդատվությունն անելու ու ներկայացնելու իրենց եզրակացությունը:
-Բայց խորհրդատվական ընկերությունն արդեն սկսե՞լ է իր աշխատանքները:
-Այո՛, սկսել են իրենց աշխատանքները:
-Իսկ որքա՞ն է տեւելու խորհրդատուների աշխատանքը, կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե երբ են նրանք իրենց եզրակացությունը ներկայացնելու, որովհետեւ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե մինչեւ խորհրդատուների աշխատանքի ավարտն են իրենք էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամը վճարելու ՀՀ քաղաքացիների փոխարեն:
-Իրենք իրենց առաջարկի մեջ նշել են մաքսիմում 16 շաբաթ: Ամեն ինչ կախված է եզրակացության բովանդակությունից: Խորհրդատվական ծառայությունն իր եզրակացությունը ներկայացնելու է ՀՀ Կառավարությանը, որից հետո կերեւան մյուս քայլերը, հիմա ես որեւէ բան չեմ կարող ասել: Դա իմ որոշելիք խնդիրը չի: Կոռե՞կտ եք համարում, որ ես ՀՀ վարչապետի խոսքերը մեկնաբանեմ կամ որեւէ բան ասեմ: Ես ասեցի այն, ինչը լիազորված եմ ասել, տեղակացնել հանրությանը: Այլ բան ասել չեմ կարող:
ԱՐԴՅՈՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՊԱՏԺԻ ՇՄԱՅՍԻՆ
Երեկ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը վարույթ է ընդունել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսի 7-ի դիմումը: Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: Այդ ամենից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ԱԺ՝ հորդորելով պատժել Մովսիսյանին:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
-Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել վարույթ ընդունել գործը եւ զեկուցող նշանակել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանին: Օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովը, լսելով զեկուցողին, որոշում կկայացնի, թե դիմումատուի ներկայացրած կետերում որտեղ կա խախտում, որտեղ ոչ:
-Իսկ ի՞նչ հիմքեր կային, որոնք հաշվի առնելով՝ հանձնաժողովը որոշում է կայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմում-բողոքը վարույթ ընդունել:
-Ըստ օրենքի՝ էթիկայի հանձնաժողովի նախագահը հանձնաժողովին ներկայացնում է իր եզրակացությունը՝ դիմումի մերժման հիմքերի առկայության կամ բացակայության կապակցությամբ: Ու ներկայացվել է, որ մերժման հիմքերը բացակայում են, ինչի համար էլ հանձնաժողովը դիմումը վարույթ է ընդունել: Դրանից հետո էլ սկսվում է դիմումի քննությունը:
-Արդյո՞ք հանձնաժողովը կհամարձակվի պատժել Առաքել Մովսիսյանին: Համենայն դեպս, նախորդ անգամ, երբ դարձյալ նրա վարքի հետ կապված դիմում էր ստացվել, հանձնաժողովն այն մերժեց:
-Որեւէ մեկին պատժելու կամ չպատժելու խնդիր դրված չէ: Էթիկայի հանձնաժողովը նախատեսված ժամկետում կքննարկի եւ կկայացնի որոշում՝ արդյո՞ք կա էթիկայի խախտում, թե ոչ: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում էթիկայի հանձնաժողովը առանձին քննություն է անցկացնում եւ որոշում կայացնում:
-Իսկ կաշկանդված չե՞ք, որ քննելու եք Ձեր խմբակցության պատգամավորին վերաբերող դիմում-բողոք:
-Բացարձակ, որեւէ ձեւով:
Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի շուրջ զրուցել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից այն մասին, որ Երեւանի փողոցները «լցվել են» ռուսական համարանիշներ կրող ավտոմեքենաներով, որոնց վարորդները ավտոմեքենաները վարում են, ինչպես ցանկանում են, քանի որ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումները նրանք չեն վճարում: Վարորդների պատմելով՝ այդ «օրենքից դուրս» ավտոմեքենաների պատճառով երթեւեկության ընթացքում պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում: Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի հետ, ով ասաց. «ՃՈ-ն տեղյակ է իրավիճակից. ե՛ւ վրացական, ե՛ւ ռուսական պետհամարանիշներով կան նաեւ տեղացի վարորդներ, որոնք փոխած պետհամարանիշներով են վարում մեքենաները: Այդ կապակցությամբ անցկացվում են համապատասխան ստուգայցեր, ստուգվում են մեքենաները եւ տարվում են տուգանային հրապարակ: Համապատասխան տուգանքներ կան»: Հակոբյանը հաստատեց, որ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումների համար օտարերկրացի վարորդներից գանձումներ չեն կատարվում: «Աշխատանքներ տարվում են, այս պահին դեռ այդ համակարգը չի գործում, որպեսզի հետագայում նրանք եւս, ինչպես ՀՀ քաղաքացիները, համապատասխան կարգով տուգանվեն»,- ասաց Հակոբյանը:
ՏԵՂՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԵԼ
2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի՝ Դերոյի եւ Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի սպանության քրեական գործը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «տեղում դոփում է»: Բանն այն է, որ այդ սպանությունների գործով կալանավորված Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, հրաժարվել են ցուցմունք տալ: Արդյունքում իրավապահները, բացի դատաբժշկական փորձաքննություններից, այլ քննչական գործողություններ չեն կատարել: Այսինքն՝ ժամանակն անցնում է, բայց նախաքննությունն առաջ չի գնում:
ՔԻՉ ԽՄԻՉՔՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է գարեջրի, կոնյակի եւ աղի արտադրության ծավալների նվազում: Այսպիսով, գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13 տոկոսով, կոնյակի արտադրության ծավալները՝ 11.6 տոկոսով, իսկ, ահա, հանքային ջրի արտադրության ծավալները նվազել են 21 տոկոսով: Գարեջրի, կոնյակի եւ հանքային ջրերի արտադրության ծավալները հատկապես կարեւոր են, քանի որ դրանք այն արտադրատեսակներն են, որոնք մշտապես մեծ քանակությամբ արտահանվել են: Ուստի, եթե դրանց արտադրության ծավալների անկում է տեղի ունեցել, ապա կասկածից վեր է, որ այդ խմիչքների արտահանման ծավալները եւս նվազել են: