Հայաստանի քաղաքական դաշտում անհատներ կան, որոնք բոլոր ժամանակներում եւ պայմաններում մշտապես հաջողացրել են «ջրի երեսին մնալ»: Այդպիսի գործչի ամենավառ օրինակը, թերեւս, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն է:
Նա Խորհրդային Հայաստանի տարիներին հասցրել է լինել Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն` 1983-ից 1986 թվական, Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն` 1986-ից 1987թվական, Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ` 1987-ից 1990 թվական: Չնայած Խոսրով Հարությունյանի պաշտոնական կենսագրությունում բացակայում է կոմկուսի անդամ լինելու մասին տեղեկությունը, բայց բոլորին հայտնի է, որ ձեռնարկության տնօրեն եւ առավել եւս քաղխորհրդի նախագահ դառնում էին բացառապես կոմունիստ չինովնիկները: Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ ապշել կարելի է, թե կոմունիստների իշխանությունից հեռանալուց եւ Հայաստանի անկախացումից հետո Խոսրով Հարությունյանն ինչպիսի արագությամբ է հասցրել նոր ժամանակներին եւ կարգերին հարմարվել: Նրան անգամ վստահել են Անկախ Հայաստանի վարչապետի պաշտոն` 1992-ի օգոստոսից 1993 թվականի փետրվարը, իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո մոտ մեկ տարի շարունակ նա եղել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ նախկին աթեիստ կոմունիստը հետագայում իր հիմնած կուսակցությունն անվանակոչել է «Քիստոնեա-դեմոկրատական միություն»: Խոսրով Հարությունյանը, որը Հայաստանի անկախանալուց հետո լույսի արագությամբ էր կերպարանափոխվել, չէր կարող իրեն չապահովել նոր ժամանակներին անհրաժեշտ գործիքակազմով: Հարությունյանի կուսակցական ղեկավարի տիտղոսը վերջին ավելի քան տասը տարիներին նրան օգնել է մշտապես տեղ զբաղեցնել իշխանական տարբեր «պրոյեկտներում»:
Սակայն Խոսրով Հարությունյանի «հմայքը» միայն այն չէ, որ նա կարողանում է մշտապես մնալ «ջրի երեսին», այլ այն, որ նա այս ընթացքում հասցրել է իր զավակների համար եւս «պայծառ կարիերա» ապահովել: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեկը հենց Խոսրով Հարությունյանի որդին է՝ Ռոբերտ Հարությունյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի զարգացման գործակալության պետի պաշտոնը: Վերջերս հայտնի դարձավ, որ Ռոբերտ Հարությունյանի աշխատավարձը, որպես ԵՏՄ տնտեսական հանձնաժողովում Հայաստանի կողմից նշանակված անդամ, 12 հազար դոլար է: Նույնիսկ ամենազարգացած երկրների նախարարները կարող են նախանձել Ռոբերտ Հարությունյանի աշխատավարձին: Իսկ եթե հաշվի առնենք, որ նա այդ գումարը ստանում է ոչինչ չանելու համար, քանի որ ԵՏՄ-ն այդպես էլ գործող օրգանիզմ չի դառնում, ապա Հարությունյան կրտսերը կարող է հպարտանալ, որ իրեն հաջողվել է Հարությունյան ավագին գերազանցել: Ի վերջո, Խոսրով Հարությունյանը նույնքան գումար վաստակելու համար ստիպված է իշխանական տարբեր «մասովկաներում» լուսա եւ տեսանկարվել եւ մեջքն օրը հազար անգամ խոնարհել:
Բայց, պարզվում է, Խոսրով Հարությունյանն անցած տարիների ընթացքում կարողացել է նաեւ իր փեսայի կարիերան սարքել: Բանն այն է, որ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Խոսրով Հարությունյանի փեսան է: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2011 թվականից, իսկ նստավայրը գտնվում է Ստրասբուրգում: Արմեն Պապիկյանը, որպես ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, ամսական ստանում է 4 հազար 50 եվրո աշխատավարձ: Ի դեպ, Պապիկյանի կինը` Էլեն Խոսրովի Հարությունյանը եւս ամսական 1300 եվրո աշխատավարձ է ստանում: Սակայն պաշտոնական հայտարարագրի հրապարակված տվյալներում ոչինչ նշված չէ այն մասին, թե Էլեն Հարությունյանն այդ գումարը ստանում է՝ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունում աշխատելո՞վ, թե՞ Ստրասբուրգում նա ամուսնուց առանձին աշխատանք է գտել:
Մի խոսքով, Հարությունյանների ընտանիքը կարող է լիարժեք գլուխ գովել, որ անկախ աշխարհում եւ շուրջբոլորը ընթացող բոլոր տեսակի զարգացումներից, իրենք մշտապես կարողանում են մնալ «ջրի երեսին»: Նրանք համատեղում են տրամագծորեն հակառակ կառույցներն ընտանիքում. մի կողմից՝ ապահովում են եվրասիական թեւը, մյուս կողմից՝ եվրոպական՝ Եվրոպայի խորհուրդը: «Լողացող» կուրսի քաղաքականությամբ նրանք իրենց համար ուրույն «ապահով Հայաստան» են կառուցել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
3 ԺԱՄ ԽՈՍԵԼ ԵՆ
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում քննարկվել է նոր Սահմանադրության նախագիծը, որին ներկա են եղել ԲՀԿ-ական պատգամավորներն ու սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ականները հայտարարել են, որ իրենք դեմ են, որ նոր Սահմանադրությունում ընդգրկվի Աժ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Հ. Թովմասյանը եւ Վ. Պողոսյանը պատգամավորներին լսելուց հետո խոստացել են նրանց առաջարկներ փոխանցել հանձնաժողովին: Հիշեցնենք, որ ԱԺ ամբիոնից պատգամավորներին նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնելու է Վարդան Պողոսյանը:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԲՀԿ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, որը նախարարական պաշտոնից զրկվել է 2010 թվականին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ, վերադարձել է ԲՀԿ շարքերը: Նախարարական պորտֆելից զրկվելուց հետո Պետրոսյանի եւ Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին, եւ նախկին նախարարը հայտարարել էր ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Սակայն այժմ, երբ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի է, նախկին նախարարը որոշել է վերադառնալ այդ կուսակցություն:
ԿՈՂՄՆԱԿԱԼ ՇԱԲՈՅԱՆԸ
«Մարաթուկ» տուրիստական ընկերությունը երկար ժամանակ է, ինչ առճակատման մեջ է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ: ՏՄՊՊՀ-ն այդ ընկերության դեմ ինչ-որ վարույթներ է հարուցել, որոնք, ըստ «Մարաթուկի», միտված են իրենց շուկայից դուրս մղելուն: Միայն վերջին մի քանի ամիսներին ՏՄՊՊՀ-ն հասցրել է արդեն չորս վարույթ հարուցել «Մարաթուկի» դեմ: Ուշագրավն այն է, որ այդ վարույթներով նիստերը, չգիտես ինչու, անցկացվում են դռնփակ: Եթե հանձնաժողովը ճիշտ է գործում, ապա ինչու են հրապարակայնությունից խուսափում: Իսկ միգուցե ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ինքն էլ գիտի, որ անհիմն գործընթաց է իրականացնում եւ դրա համար է հրապարակայնությունից խուսափում: Այս դեպքում էլ հիմնական հարցը դեռ անպատասխան է մնում՝ իսկ ո՞ւմ շահերն է սպասարկում Արտակ Շաբոյանը: Մենք դեռ կպարզենք:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին Կապանի հոգեբուժարան տեղափոխված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը` Սեյրան Խաչատրյանին` Աղալարին, դուրս են գրել: Հիշեցնենք, որ վերջինիս հոգեբուժարան էին տեղափոխել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով նրան կալանավորելու որոշում է կայացվել: Իսկ այժմ էլ մարզպետի եղբայրը չնայած հիվանդանոցում չէ, բայց կալանավորված էլ չէ: Ազատ շրջում է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏԵՍՆՈՂԸ ՏԵՍԵԼ Է
Երեկ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Այդ կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ասել է.
«Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել երկրի վարչապետի կողմից տրված մեկնաբանությունները։ Ես այդ հարցի կապակցությամբ արդեն մի քանի անգամ մեկնաբանություն տվել եմ։ Այլ բան չունեմ ավելացնելու»: Իսկ հարցին, թե արդյոք իրեն տեսնում է նախարարի պաշտոնում, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ես չէ, որ պետք է ինձ տեսնեմ նախարարի պաշտոնում»։ Նա նաեւ հավելել է, որ իրեն նախարար նշանակելու առաջարկ չի եղել։
ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ
«Մենք մեր աշխատանքն ենք կատարել եւ հանդիպել ենք: Սա պատգամավորի կատարելիք աշխատանքն է: Սերժ Սարգսյանի հրավերը եղել է կուսակցությունների ղեկավարներին, նրանք քննարկել են եւ իրենց որոշումը կայացրել են: Սա խմբակցություն է, որը ԱԺ մարմին է: ԱԺ եկել է օրենքի նախագիծ կամ փաստաթուղթ»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես է մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության՝ Սերժ Սարգսյանի հրավերը մերժելու որոշումն ու Ռուբեն Հակոբյանի հետ իր մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: «Իրենք մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպել են որպես անհատ անձինք: Նրանք չեն հանդիպել որպես խմբակցության անդամներ, որովհետեւ կուսակցությունը որոշում ունի այդ գործընթացի հետ կապ չունենալ, հետեւաբար իրենք չեն ներկայացնում կուսակցության կարծիքը»,- իր հերթին Aravot.am-ին ասել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ
Երեկ իր մահկանացուն է կնքել նշանավոր պետական եւ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի կայացման առաջամարտիկ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: ՊՆ տեղեկացմամբ` նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Սահմանադրական փոփոխությունների նածագծի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որեւէ մտահոգություն չունի: Այդ մասին նա ասել է երեկ` հավաստիացնելով. «Փորձելու ենք գտնել ամենալավ տարբերակը»: Վարչապետը նաեւ կարծիք է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ կա կոնսոլիդացիա: «Նախագահը հանդիպել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, խորհրդարանական քաղաքական ուժերը եւս հանդիպումներ են ունեցել: Մենք փորձում ենք լայն քաղաքական կոնսոլիդացիա ստեղծել: Դա է մեր գլխավոր նպատակը»: Պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո իրեն ինչ պաշտոնում է պատկերացնում, Հ. Աբրահամյանն ասել է. «Առայժմ վարչապետի պաշտոնում: Իսկ հետո ժողովուրդը պետք է որոշի: Եթե ՀՀԿ-ն հաղթի, ինչո՞ւ ոչ, միայն բարձր պաշտոնում»: