ԵՍ ԻՄ ԳՈՐԾՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ, որը տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել եւ արդեն մի քանի տարի է` Հայաստանում է բնակվում, համոզված է, որ ոչ մի տեղ մարդ իրեն այդքան կայուն չի զգում, ինչպես իր հայրենիքում:   
-Հետաքրքրվո՞ւմ եք ներքաղաքական կյանքով, ապագա ընտրություններով…
-Քաղաքական կյանքն ինձ շատ է հետաքրքրում, կարծում եմ` չկա այնպիսի մարդ, ում դա չհետաքրքրի: Իսկ ով չի անհանգստանում, չի ցավում  սխալների համար ու չի ուրախանում ճիշտ բաների համար, նա քաղաքացի չէ, իզուր է այս երկրում ապրում: Ես մտահոգվում եմ իմ, երեխաներիս ու բոլորի ապագայով: 
Ընտրություններին էլ մասնակցելու եմ, բայց չհարցնեք` ում եմ ընտրելու, քվեարկությունը գաղտնի է, ոչ ոք իրավունք չունի բացահայտ ասելու, եթե այդպես լիներ, այդ դեպքում թող հեռուստատեսությամբ բարձրաձայն ասեին, էլ ընտրություններ չանցկացնեին: Լավ կլինի` բոլորն էլ գաղտնի պահեն ու հանգիստ գնան, ընտրեն: Ուզում եմ նշել նաեւ, որ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ժողովրդի անդամ եմ: 
-Եթե չեմ սխալվում` Ձեր կինը, երեխաները ԱՄՆ քաղաքացի են, իսկ Դո՞ւք:
-Ես երկքաղաքացի եմ:
-Փաստորեն, Դուք ամեն վայրկյան կարող եք գնալ ԱՄՆ, այնտեղ ապրել ու աշխատել:
-Միշտ էլ ունեցել եմ այդ հնարավորությունը, բայց ոչ մի տեղ ես ինձ այսչափ հանգիստ ու ամուր չեմ զգում, ոնց որ իմ Հայաստանում, մանավանդ Երեւանում: Երբ ես Հայաստանից բացակայում եմ, մի տեսակ խանդում եմ, որ իմ տանը չեմ, եւ ուրիշներն են ապրում: Իմ բախտը բերեց, որ իմ կինն էլ է Հայաստանի սիրահար, մեր երկիրը շատ է սիրում ու ոչ մի բանով չի խոչընդոտում: Նույնիսկ երբ ԱՄՆ-ում ենք լինում, ինքն է ասում` վեր կենանք, գնանք մեր երկիրը: Մենք նաեւ դրսում ապրող շատ մարդկանց քարոզում ենք, որ հետ գան, հետո կարող է հայհոյանք ստանանք կամ շնորհակալություն, բայց դա հետո: Թող մի հատ գան, իրենց մաշկի վրա զգան դժվարություններն ու հայրենիքի քաղցրությունը, հետո իրենք որոշեն… 
-Տարվա մեջ ինչքա՞ն ժամանակ եք դրսում լինում:
-Նոր տարվա օրերին մեկ ամսով մեկնում ենք ԱՄՆ, քանի որ կնոջս ծնողներն այնտեղ են, նրանց հետ դիմավորում ենք տոներն ու շուտ հետ ենք գալիս: Մենք էնտեղ անելու բան չունենք, մենք ընտանիքով վերադարձել ենք էստեղ: Իմ գործը երաժշտությունն է, միայն այստեղ եմ կարողանում ստեղծագործել:
-Իսկ այնտեղ Ձեր նույն երաժշտությամբ չե՞ք կարող գումար վաստակել:
-Էն տարիքին չեմ, որ գնամ ու նորից սկսեմ, եթե շատ երիտասարդ լինեի, միգուցե: Հայկական համայնքում ընդհանրապես չեմ ուզում երաժշտությամբ զբաղվել, ստուդիաներում ձայնագրություններ անում եմ, բայց ոչ ավելին: Հիմա այնտեղ էլ է բարդացել, ամեն մարդ չի կարող երաժշտությամբ գումար վաստակել, մանավանդ այն երաժշտությամբ, որը ես եմ սիրում: Ռաբիս չեմ, էլի՛:
-Իսկ ինչպե՞ս եք իրացնում Ձեր երաժշտությունը:
-Շատ դանդաղ, բայց ուրախությամբ: Շատ կոմպլիմենտներ եմ ստանում, մարդիկ շնորհակալություն են հայտնում իմ երաժշտության համար: Դրանից ես ուրախանում, ոգեւորվում եմ, այդ ամենն ինձ ուժ է տալիս:
-Շնորհակալությամբ տուն կպահե՞ն:
-Ձեզ Ձեր խմբագրությունն է պահում, ինձ էլ` Աստված, ի՞նչ ասեմ (ծիծաղում է-Ե. Ռ.): Տուն չեմ պահի, իհարկե, շատ հեշտ չէ մեր ֆինանսական վիճակը, բայց այդ փոքր հնարավորությունների մեջ կարողանում ենք մեր կյանքը երջանիկ դասավորել մեր հայրենիքում: Հավատացե՛ք, շատ-շատ դժվար է, բայց կարողանում ենք վայելել մեր երկիրը:
-Բարդ է այն առումով, որ լավորակ երաժշտությունը զանգվածային բնույթ չի՞ կրում:
-Այսօր իրական արվեստը շատ է անտեսված, մանավանդ հեռուստաընկերությունները շատ պասիվ են լավորակը մատուցելու գործում:
Ես փորձում եմ անգամ հայկական հեռուստաալիք չնայել: Ամեն անգամ նայելիս հիասթափություն եմ ապրում, չեմ էլ ուզենա, որ իմ երեխան նայի: Համարյա թե բոլոր ալիքներն էլ այսօր մտածում են իրենց ռեյտինգի ու ֆինանսի մասին, ոչ մի ինտելեկտուալ ծրագրեր չեմ տեսնում ու ցավում եմ, որ այսօր հայ հեռուստադիտողին միայն նմանատիպ բաներ են մատուցում: Շատ տխուր է մեր այսօրվա հեռուստատեսության վիճակը, ավելի լավ է` արտասահմանյան սերիալներ ցույց տան, քան… Չնայած մեր դերասաններին էլ չես մեղադրի, գումար են ստանում, տուն են պահում, բայց այստեղ արդեն սցենարիստների ու պատվիրատուների մեծ խնդիր կա: Շատ սխալ քաղաքականություն է տարվում, մի ամբողջ սերունդ է փչանում: Այն կրթությունը, որ մենք ենք ստացել, հիմա չկա: Կրթական համակարգն այսօր այդքան էլ ամուր հիմքերի վրա չէ:
Ինչպե՞ս եք տեսնում Ձեր, մեր վաղվա օրը:
-Ուզում եմ միայն լավը տեսնել, դրա համար էլ մնացել եմ: Ես իմ գործով ամեն ինչ անում եմ, արվեստի մեջ իմ լուման եմ ներդնում: Եթե ամեն մարդ իր գործով ամեն ինչ անի, այս երկրի ապագան լավը կլինի: Ու հազարավոր հայեր, որ գտնվում են դրսում, շունչները պահած սպասում են, թե երբ պետք է այստեղ լավ լինի, վերադառնան: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 477 համար




Լրահոս