Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ են ձևավորվել, որոնք քաղաքական ուժերի հետ միասնական ճակատ ձևավորելու գործընթացի մեջ են: Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:
– Արմեն, «Հայազն» կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ի՞նչ քայլեր եք անում կամ պատրաստվում անել` այն թույլ չտալու համար:
-Այո, մենք դեմ ենք ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի սահմանադրությանը և ակտիվ պայքարելու ենք, որպեսզի այն չանցնի: Պայքարը պայմանականորեն կարելի է բաժանել երեք հնարավոր հատվածների. Սկզբնական փուլում պետք է բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չտալ այդ չարաբաստիկ հանրաքվեի տեղի ունենալը: Եթե համապատասխան ժողովրդական ալիքը բարձրացավ, ռեսուրսները կուտակեցինք, հնարավոր է: Եթե այնուամենայնիվ հանրաքվեն տեղի ունենա, մենք ակտիվ «Ոչ»-ի պայքար պետք է ծավալենք, միաժամանակ փորձելով վերահսկել ընտրատարածքները՝ ընտրակեղծիքները բացառելու համար: Եթե ընտրակեղծիքները բացառվեն, բնականաբար, պրոցեսը կտապալվի: Բայց եթե այնուամենայնիվ իշխանությանը հաջողվի իրեն բնորոշ մեթոդներով անցկացնել այս Սահմանադրությունը, մենք հետընտրական լուրջ զարգացումներ ենք պատկերացնում: Սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է:
– Այդ պայքարում քաղաքական այլ ուժերի կամ քաղաքացիական նախաձեռնությունների հետ համագործակցություն կա՞:
– Այս պրոցեսում այն քաղաքական ուժը, որը կկարծի, թե միայնակ կարող է բեկումնային դեր ունենալ, ուղղակի կտապալվի: Բնականաբար, մենք այս պայքարը համարելով համաժողովրդական շարժում, հնարավոր գործընկերներ ենք փնտրում, անընդհատ հանդիպումներ ենք ունենում: Արդեն իսկ բավական թվով հանդիպումներ ենք ունեցել՝ թե չհաճախորդացած քաղաքական ուժերի, թե քաղաքացիական խմբերի ու մտահոգ քաղաքացիների հետ:
– Կոնկրետ ո՞ր քաղաքկան ուժերի հետ եք հանդիպել:
– Քանի որ բանակցությունների պրոցեսը դեռևս չի ավարտվել, չեմ ցանկանա խոսել: Մոտ օրերս կամփոփենք ու նոր Սահմանադրության դեմ ուժերը կուրվագծվեն:
–Իսկ քաղաքացիական նախաձեռնությունների՞:
-Նույնը քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների մասով:
– Ձեր պայքարը կոնկրետ այս պահին ի՞նչ փուլում է գտնվում:
-Շատ ակտիվ փուլ է հիմա: Ամենօրյա հանդիպումներ, հանրային քննարկումներ:
-Իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպած քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասով ի՞նչ կասեք:
-Այդ քաղաքական ուժերի մասին ամբողջ համացանցը ասեց համընդհանուր կարծիք, որը մեղմ ասած դրական չէր: Ես ավելորդ եմ համարում իրենց անդրադառնալը, իրենց կանդրադառնա ժողովուրդը՝ ապագա խորհրդարաններ մուտք գործելու հնարավորությունից ամբողջապես զրկելով: 1968-ի Ֆրանսիայի մայիսյան պայքարների մասնակիցներից մեկը իր հուշերում գրել էր մի բան, որը խորհուրդ կտամ այդ կուսակցություններում ընթերցեն.«1936-ից ես պայքարել եմ աշխատավարձի բարձրացման համար, նախկինում իմ հայրը նույնպես նույնն է արել … Հիմա ես ունեմ հեռուստացույց, սառնարան ու Ֆոլքսվագեն , և միևնույն է, ես ապրել եմ կյանքս ինչպես ոչխար: Առևտուր մի արեք իշխանությունների հետ` վերացրեք դրանց»:
Քրիստինա Աղալարյան