«ԴՈՓԱՊԱՐՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂՆԵՐԸ, ՑԱՎՈՔ, ՄԵԶ ՄՈՏ ՇԱՏ ՉԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, պարող Ստեփան Ղամբարյանն այժմ աշխատում է բավական խիտ գրաֆիկով. շուտով հանդիսատեսն առիթ կունենա նրան տեսնելու ամենատարբեր դերերում: Ստեփանը «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկա ծրագրերի մասին, խոսել դոփապարի հայկական ֆեդերացիայի գործունեության շուրջ: Նա անդրադարձել է նաեւ տարածված այն խոսակցություններին, թե իբր ինքը «ուժեղ թիկունք» ունի եւ այդ պատճառով է հասել հաջողության:

-Ստեփա՛ն, գիտենք, որ այժմ Ձեր գրաֆիկը բավական հագեցած է, միաժամանակ նկարահանվում եք մի քանի ֆիլմերում, սերիալներում` կերտելով ամենատարբեր կերպարներ: Այդպես արագ կերպարանափոխվելը դժվար չէ՞:
-Դա դժվար, բայց նաեւ շատ հետաքրքիր եւ պատասխանատու գործընթաց է: Վստահ եմ, որ հանդիսատեսն իմ կերպարները չի շփոթի, կտեսնի ինձ տարբեր ռակուրսներից, քանի որ դրանք շատ տարբեր բնույթի ֆիլմեր են. մի տեղ աշխարհահռչակ տենոր Արմենակ Շահմուրադյանի պատմական կերպարն եմ կերտում, մյուսում հանցագործ աշխարհի ներկայացուցիչ եմ խաղում եւ այլն: Այդ զբաղվածությունն, իհարկե, ճնշում է, բայց միեւնույն ժամանակ օգնում է հմտանալ իմ գործում: Տեղեկացնեմ, որ նկարահանվել եմ «Որոգայթ» սերիալի հիման վրա ստեղծված գեղարվեստական ֆիլմում, Վիգեն Չալդրանյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմում, ինչպես նաեւ` Սերժ Ավետիքյանի կինոկատակերգությունում, հանդես եմ եկել նաեւ ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Մարտիրոսյանի «Արարատը, Դավիթի որդին եւ Արարատի թոռնիկը» ֆիլմում: Շուտով հանդես կգամ նաեւ երկու հեռուստասերիալներում. մեկը կհեռարձակվի «Արմենիա TV»-ի եթերով. այդ մասին մանրամասներ հայտնել չեմ կարող, մյուսն էլ 24 մասից բաղկացած ֆիլմ է, ամերիկյան պատվեր, կարծում եմ` ԱՄՆ-ում եթեր կհեռարձակվի:
-Այսօր, երբ գրեթե բոլոր դերասանները դժգոհում են, որ իրենց դրսեւորվելու դաշտը բավական նեղ է, Դուք կարողանում եք ընդգրկվել ամենատարբեր նախագծերում եւ այսքան զբաղված լինել: Այս առիթով հանրության շրջանում խոսակցություններ են պտտվում, որ Դուք «ուժեղ թիկունք ունեք» (նկատի ունեն Ստեփան Ղամբարյանի կնոջ` Անի Ամիրյանի հորեղբայր Արմեն Ամիրյանին), այդ պատճառով էլ կարողանում եք ոլորտում հաջողության հասնել. ի՞նչ կասեք:
-Այդ կարծիքը բավական տարածված է հանրության շրջանում, բայց դա որեւէ կապ չունի իրականության հետ. եթե ինձ չուզենան նկարահանել, ուղղակի դա չեն անի, այդ պատճառով էլ չեն նկարահանի: Իհարկե, կան ռեժիսորներ, որոնք ունեն իրենց մշտական դերասաններին, սակայն իմ պարագայում նման բնա չկա: Անշուշտ, գնահատում եմ բոլորի գործը, սակայն ամեն բան ես անում եմ իմ ուժերով:
-2015-ից դոփապարի հայկական ֆեդերացիայի նախագահն եք: Նշել եք, որ ցանկանում եք Հայաստանում հետաքրքրություն ստեղծել այս պարաձեւի նկատմամբ: Այդ ուղղությամբ աշխատանքներն ի՞նչ փուլում են:
-Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, դրանք դեռ շատ սկզբնական փուլում են, ձգտում ենք այնպես անել, որ ֆեդերացիայի գործունեությունն ակտիվանա, մասնակցենք միջազգային մրցույթների, փառատոների, համերգների, փորձում եմ կապ հաստատել ԱՊՀ տարածքում գործող դոփապարի ֆեդերացիաների եւ ԱՄՆ-ում գործող դոփապարի դպրոցների հետ` հետագայում համագործակցելու նպատակով: Ցանկություն ունեմ ֆեդերացիայի աշխատանքները պրոֆեսիոնալ հիմքի վրա դնել, ուստի չեմ շտապում որեւէ գործողություն անել: Կարծում եմ` մեր շենքը կլինի Համազգային թատրոնի տարածքում, մինչեւ որ կառանձնանանք:
-Իսկ դոփապարով հետաքրքրվողները Հայաստանում շա՞տ են: Մենք համապատասխան մասնագետներ ունե՞նք:
-Ցավոք, դոփապարով հետաքրքրվողները մեզ մոտ շատ չեն, քանի որ «ստեպ»-ը բարդ արվեստ է, եթե ճկուն ու համառ չլինես, դրանով երկար զբաղվել չես կարող: Բացի այդ` հարկավոր է ունենալ կատարյալ լսողություն, ռիթմի զգացողություն, պետք է կարողանալ տիրապետել մարմնին. այն շատ մեծ էներգիա է պահանջում: Ինքս մանկուց սիրել եմ այս պարաձեւը, հանդես եմ եկել ակումբային ելույթներով, հիմա ընկերներիս հետ փորձում ենք վերակենդանացնել այս արվեստը. Խորհրդային միության, ապա նաեւ` նորանկախ հանրապետության տարիներին դոփապարի հանդեպ մեծ հետաքրքրություն է եղել, այժմ պետք է այն վերադարձնել:
-Ստեփա՛ն, այսքան խիտ գրաֆիկով աշխատելով` կարողանու՞մ եք ժամանակ գտնել ընտանիքի համար: Ձեր մշտական զբաղվածության պատճառով երբեմն վեճեր լինո՞ւմ են: Ինչպե՞ս եք կարողանում Ձեր «մեղքերը քավել»:
-Ոչ թե երբեմն, այլ հաճախ են լինում վեճեր, բայց հիմա փորձում եմ անպայման ժամանակ տրամադրել ընտանիքիս, քանի որ, ի վերջո, ողջ աշխատանքը, որ անում եմ, հանուն ընտանիքիս եմ անում: Հիմա փորձում եմ երեկոներն ավելի հետաքրքիր դարձնել կնոջս եւ երեխայիս համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 
«JAZZ PARKING»-Ը` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանի անկախության օրվա առթիվ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի վայելել «Jazz Parking» հայտնի նախագծի շոուն հենց Երեւանում: Bravo.am-ի փոխանցմամբ` «ԱԶԴ Փրոդաքշն»-ի նախաձեռնած համերգը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Մարիամ Մերաբովայի, Արմեն Մերաբովի, Մարգարիտա Պոզոյանի, Արծվիկի, Էդգար Հակոբյանի, Հայկ Մովսիսյանի (Music Hayk), Արտյոմ Կաչարյանի եւ այլ երգիչների մասնակցությամբ:
Հայաստանում հավաքական համերգ ունենալու գաղափարը պրոդյուսեր Հայկ Հարությունյանինն է: Նրա խոսքով` առաջին անգամ է, որ ռուսաստանաբնակ հայ հայտնիները միասին Հայաստանում են լինելու` միեւնույն բեմում.
Ի դեպ, համերգի հատուկ հյուրերն են Շուշան Պետրոսյանը եւ Ալին Գոյանը:

 

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԳՐՈՎ
Արմեն Ջիգարխանյանն ինքնագրով հուշագրություններ կբաժանի 2015-ի սեպտեմբերի 2-6-ն անցկացվող «Մոսկովյան գրքի միջազգային ցուցահանդես- վաճառքի» շրջանակներում անցկացվելիք տնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսում:
«Արմեն Ջիգարխանյանը հանրային միջոցառումներին հաճախակի այցելող մարդկանցից չէ, սակայն նա համաձայնել է այցելել մեր ցուցահանդեսին»,-ՁԸհհ գործակալությանը պատմել է կազմակերպիչներից մեկը։
Ինչպես վերջինս նշել է` սեպտեմբերի 4-ին տեղի կունենա ինքնագրերի բաժանումը, որը մեկ ժամ կտեւի: Այդ ընթացքում այցելուները կկարողանան ձեռք բերել դերասանի հուշագրություններն ու զրուցել նրա հետ:

 

20-ԱՄՅԱ ՋՈԼԻՆ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ անգույն լուսանկարները վաճառքի են հանվել Լոնդոնի պատկերասրահում։
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ լուսանկարները, որոնցում Ջոլին ընդամենը 20 տարեկան է, կարելի է ձեռք բերել` դրանցից յուրաքանչյուրի համար վճարելով 2.800 դոլար։
Աղբյուրը մանրամասնում է, որ 1995թ. արված լուսանկարների հեղինակը Քեյթ Գարներն է։
Նրան հիանալիորեն հաջողվել է ֆոտոխցիկի միջոցով փոխանցել ապագա հոլիվուդյան սեքս-խորհրդանիշի ողջ հմայքն ու գրավչությունը։




Լրահոս