Այս տարի ստանդարտ հայ տղամարդ եմ. Ստեփան Ղամբարյանի կինը չի՞ նեղանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամսից էկրան կբարձրանա ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆիլմը, որը հայ-ֆրանսիական համատեղ արտադրության արդյունք է: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ֆիլմի դերակատարներից մեկը` Ստեփան Ղամբարյանը: Նրա խոսքով` այս կատակերգությունը կառանձնանա ռեժիսորական մոտեցումով եւ էսթետիկայով: Սցենարի համահեղինակներն են Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքը: Ֆիլմում հանդես կգան նաեւ դերասաններ Ռոբերտ Հարությունյանը, Արսինե Խանջյանը, Նարինե Ալեքսանյանը եւ այլք: «Մարմնավորում եմ աշխարհից, քաղաքակրթությունից կտրված կերպար, որը, սակայն, ոչ թե անտեղյակ մեկն է, այլ ապրում է հեռավոր մի գյուղում: Նա ազգապահպան, ազգասեր մարդ է, որը պայքարում է օտարամոլության դեմ»,- մանրամասնեց Ստեփանը` հավելելով, որ հանդիսատեսին կներկայացվի թեթեւ եւ դինամիկ ֆիլմ:

big_1382625198_8598252_ts1382625203

Մենք Ստեփանի հետ զրուցեցինք նաեւ կանանց նվիրված միամսյակի մասին: Դերասանը խոստովանեց, որ այս տարի չի հասցրել առանձնահատուկ անակնկալ մատուցել կնոջը. «Այս տարի ստանդարտ հայ տղամարդ եմ: Փորձում եմ զերծ չմնալ տոներից, նվերներ մատուցելուց, բայց քանի որ գրաֆիկս խիտ է, սովորաբար շատ զբաղված եմ լինում, չեմ հասցնում ինչ-որ հատուկ բան անել, ամեն դեպքում, տոներին աչքաթող չեմ անում կնոջս, իսկ տոներից դուրս չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ նրան անակնկալ մատուցել»,-անկեղծացավ նա:

Մեր այն հարցին, թե արդյոք իր կինը` հաղորդավարուհի Անի Ամիրյանը, Ստեփանից չի նեղանում ինչ-որ առումով ծուլության այդ դրսեւորման համար, դերասանը պատասխանեց. «Կինս ըմբռնումով է մոտենում այդ հարցին, Անին պահանջկոտ չէ, նա շատ համբերատար է, եւ ես անչափ գնահատում եմ նրա բնավորության այդ գիծը: Համենայն դեպս, հույս ունեմ, որ ես էլ անուշադիր չեմ նրա հանդեպ»:

big_top_Ani_Stepan_ts1323253608

Ստեփանի խոսքով` կա՛մ պետք է կանանց նվիրել ամեն ինչ, կա՛մ ոչինչ, մեկ ամսով սահմանափակվել էլ պետք չէ:

Մենք խոսեցինք նաեւ կանացի լավագույն հատկանիշների մասին. դերասանը դրանցից առանձնացրեց կնոջ ներսից եկող հանգստությունը. «Եթե այդ զսպվածությունը կա, ամեն բան ընկնում է իր տեղը, իսկ երբ նման կնոջ կողքին կա գնահատող տղամարդ, ստացվում են իդեալական հարբերություններ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս