«ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀՈՂԸ ՏԱԼ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Սյունիքի մարզի արոտավայրերն Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու մասին հարց չկա: «Ուրեմն կառավարությունն անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է՝ արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ: Արոտավայրերի վարձակալությունը ձեւ ունի տալու»,-նշեց մարզպետը:
-Պարո՛ն Խաչատրյան, ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թավրիզում Դուք եւ Իրանի Արեւելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետն արդեն ստորագրել եք հուշագիր՝ Սյունիքի մարզի հողերի վարձակալության հետ կապված: Ի վերջո, ի՞նչ բանակցություններ են ընթանում:
-Նախքան այդ հարցը տալը ես ուզում եմ ծանոթացնել Հայաստանի հողային օրենսգրքին: Այնտեղ հստակ սեւով սպիտակի վրա գրված է, որ ինչպես են այդ հողերը տալիս: Նախ՝ մենք օտարներին հող չենք վաճառում, երկրորդն էլ՝ այդ հողը համայնքային ենթակայության տակ է գտնվում, հողերի մեծ մասն արդեն վարձակալված է այս կամ այն գյուղացիների կողմից: Մարզպետն ինչքան էլ շատ ուզենա, չի կարող գնա, ասենք, գյուղաբնակներից վերցնի, ասի՝ ա՛ռ, տալիս եմ Իրանի քաղաքացիներին: Դա հնարավոր բան չէ: Ուղղակի կառավարության հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրվել, որտեղ նաեւ էդ կա, ու տենց բազմաթիվ կետեր են առկա էդ հուշագրում: Եթե ես անգամ շատ ուզենամ էլ, չեմ կարող նման բան անել. առաջինը, որ դա գյուղացիներին է վարձակալության տրված, երկրորդն էլ՝ մենք այնքան անասուններ ունենք, որ մեր արոտավայրերն արդեն չեն հերիքում մեր անասուններին: Սյունիքի մարզում օր օրի անասնապահությունը շատանում է: Ու այդ հարցը փակված հարց է:
-Բայց կառավարությունը բանակցություններ է վարում՝ այդ հարցի հետ կապված…
-Ուրեմն կառավարությունն անցած տարի բանակցությունների մեջ այդ կետը գրել է՝ արոտավայրերի վարձակալություն, ես էլ եմ մասնակցել այդ բանակցությանը, բայց դա իրականություն չի կարող դառնալ: Արոտավայրերի վարձակալությունը ձեւ ունի տալու, ես չէ, որ պետք է վերցնեմ ու տամ: Գյուղապետը պետք է մրցույթ հայտարարի, մեկ ամիսը լրանա, հետո նոր մրցույթին ով կմասնակցի ու կհաղթի, նա էլ կլինի… բայց հիմնական արոտավայրերն արդեն վարձակալությամբ տրված են գյուղացիներին: Իրանցիներին վարձակալությամբ հող տրված չէ, մենք նման ցանկություն էլ չունենք:
-Իսկ ե՞րբ է գործադիրում այդ տրամադրությունը սկսել իշխել. այն ժամանակ, երբ նժդեհյան գաղափարախոսությունը դավանող ՀՀԿ-ն մեղադրվեց Նժդեհի սիրելի Լեռնահայաստանը հանձնելու մե՞ջ:
-Թող Ձեր մտքով չանցնի, որ ես իրանցիներին կարող եմ հող վաճառել, կարծում եմ՝ Դուք ինձ ճանաչում եք: Ես կռվել եմ ու չեմ կարող հող վերցնել, տալ իրանցիներին: Ես դեռեւս քաղաքապետ եղած ժամանակ արգելել եմ, որ իրենք՝ իրանցիները, գան քաղաքում կանգնեն: Էն, որ գալիս են քաղաք, կանգնում են իրենց մեքենաներով, ես դա արգելել եմ իրենց: Հիմա ո՞նց կարող եմ իրանցիներին հող վաճառել:
-Իսկ գիտե՞ք, որ Իրանն անցած տարվա նոյեմբերից դադարեցրեց մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան՝ ընդ որում, առանց որեւէ բացատրության:
-Ասեմ, ուրեմն: Եթե իրենք անգամ արգելած էլ լինեն կամ չլինեն, մենք իրենց հող չենք տալու, դա իմացե՛ք:
-Մեր տեղեկություններով՝ օրերս՝ Շաղատում նախընտրական հանդիպումների ժամանակ, Դուք հայտարարել եք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը հենց ինքը՝ Հայրիկյանն է կազմակերպել, իրականում նման մահափորձ տեղի չի ունեցել: Ու Հայրիկյանի՝ դահլիճում նստած կողմնակիցները լքել են դահլիճը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
-Բայց ես հո քննի՞չ չեմ, որ ասեմ՝ ով է կազմակերպել: Կարող է խոսել ենք, որ տեսե՛ք, թե ինչ վատ բան է կատարվել Հայրիկյանի հետ, բայց թե ով է արել, ես քննիչ չեմ, որ ասեմ: Սխալ են ասել, նման բան իրականում չի եղել:
-Նշվում է նաեւ, որ Բալաք համայնքում բնակիչներն ընդվզել են Ձեր դեմ, քննադատել են Ձեզ, եւ Դուք հանդիպման կեսից դուրս եք եկել ու հայտարարել, թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հարկավոր չեն ձեր «ձայները»:
-Բալաքում նման միջադեպ չի եղել: Բալաքում ես այնպիսի բան եմ կառուցում՝ կենցաղի տուն, որ ժողովուրդը նման բան չի անի: Ժողովուրդն էլ շատ գոհ է, քանի որ ես ասել էի ու հիմա էլ կառուցում եմ: Ժողովուրդն էլ շատ ոգեւորված է, քանի որ ոչ բոլորն են խոստանում ու անում են: Ժողովուրդը, որ էդքան բան տեսնի, չի կարող ինձ հետ ընդհարվել:
Հ.Գ. Երեկ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին մամուլի ազգային ակումբում հայտարարել է, որ առայժմ պաշտոնապես ստորագրված որեւէ փաստաթուղթ չկա, ու հավելել, որ հարցը դեռ բանակցությունների փուլում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս