Համալիրի գնորդը Լոռու մարզում ոսկու հանք է շահագործելու. բնապահպաններն անհանգստացած են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն նախատեսում է 11 տոննա ոսկի արդյունահանել Լոռու մարզում գտնվող Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկու հանքավայրից: Նշենք, որ հանքավայրին ամենամոտ բնակավայրերն են Մարցն ու Լորուտը: Տեղաբնակներն ու բնապահպաններն անհանգստացած են, քանի որ վստահ են, որ այս ամենի արդյունքում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանն ամբողջությամբ կհայտնվի հանքարդյունաբերության գոտում:

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ն, նախ՝ մտադիր է ՀՀ Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքի եւակման հետախուզում անցկացնել: Եթե արդյունքները դրական լինեն, ապա ընկերությունը կսկսի հանքի շահագործումը: Դրական արդյունքների դեպքում նախատեսվում է 10 հորատանցք փորել 5 հորատահրապարակներում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Նախագիծը հաշվարկված է 3 տարվա համար:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Վիկտորիա Սիլվեր»-ը նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանքի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն է ստացել: Եվ սա այն դեպում, երբ երկրաբանական ուսումնասիրությունների շուրջ ընկերությունը երբեւէ Լորուտ եւ Մարց գյուղերի բնակիչների հետ քննարկումներ չի անցկացրել: Ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքները պետք է սկսեր նախորդ տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն՝ սեպտեմբերին, եւ դրանք ավարտեր 2017 թվականի 2-րդ եռամսյակում: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ներկայումս ընկերությունը հետախուզական աշխատանքներ չի իրականացնում:
Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը մեզ փոխանցեց, որ ընկերությունը դեռեւս նախորդ տարվա վերջերին Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձորի ոսկի-բազմամետաղային հանքաերեւակման տարածքում ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել, այլ ընդամենը նմուշառումներ է կատարել:

Նշենք, որ խնդրո առարկա հանքի տարածքի բուսականությունը բացառապես անտառային է: Լեռնալանջերը ծածկված են լայնատերեւ հաճարենու եւ կաղնու-բոխու անտառներով: Տարածքում կան նաեւ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ու բույսեր: Այս առիթով բնապահպանները բազմիցս ահազանգել են, որ հանքավայրի շահագործման դեպքում անտառի մի մասը վտանգվելու է, սակայն ապարդյուն: Ընկերության կողմից սեպտեմբերի 24-ին բնապահպանության նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նախագծում նշված է, որ աշխատանքների իրականացման ժամանակ բացառվելու է ցանկացած տիպի անտառային բուսականության հատում: Սակայն բնապահպաններն ու Մարց, Լորուտ գյուղերի բնակիչները թերահավատորեն են վերաբերվում այս ամենին: Նրանք վստահ են՝ հետազոտումների ընթացքում ե՛ւ ծառահատումներ, ե՛ւ հորատումներ կլինեն, նաեւ որոշակի տարածքներ կվնասվեն, իսկ ընկերությունը երբեւէ փորձ չի անի դրանք վերականգնել:

Լորուտի գյուղապետ Հրաչյա Սահակյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս պահի դրությամբ ընկերության որեւէ ներկայացուցիչ չի այցելել գյուղ: Նրա պատմելով՝ այս տարվա ընթացքում նույնիսկ հետազոտություններ չեն անցկացվել: Գյուղապետը տեղեկացրեց նաեւ, որ լորուտցիների մի մասը դեմ է ե՛ւ հետազոտման աշխատանքներին, ե՛ւ հանքավայրի շահագործմանը, իսկ մի մասը կողմ է: «Գուցե՞ հանքավայրի շահագործման ժամանակ բոլորը ոտքի կանգնեն ու դրա դեմ պայքարեն, ո՞վ գիտի: Բայց ընկերությունից դեռ մեզ ոչինչ չեն ասել իրենց ծրագրերից, մենք ոչնչից տեղյակ չենք: Նույնիսկ չգիտենք, թե ինչ են պատրաստվում անել՝ հանքը շահագործելո՞ւ են, թե այն այստեղից տանելու են, գործարան կառուցելո՞ւ են: Ամեն ինչ անորոշ է»,- «Ժողովուրդ»-ին փոխանցեց Լորուտի գյուղապետը:

Նա նաեւ նշեց, որ մինչ օրս Լորուտի բնակիչները անտառից փայտ են բերել՝ ձմռանը վառելու համար, իսկ թե արդյոք հանքավայրի շահագործումից հետո դա նրանց կհաջողվի, առայժմ անհայտ է:

Ազդակիր մյուս համայնք Մարց «Վիկտորիա Սիլվեր»-ից նույնպես այս տարի ոչ ոք չի այցելել, եւ նույն անորոշությունը տիրում է նաեւ այստեղ: Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ, իրենք չեն եկել, ոչ էլ զանգահարել են: Նախորդ տարի մեկ անգամ հանրային քննարկում է կազմակերպվել, ու դրանից հետո ոչ ոքի չենք տեսել: Ոչինչ չգիտենք: Նույնիսկ չգիտենք՝ այդտեղ պոչամբար կլինի՞, թե՞ ոչ, ծառահատումներն ի՞նչ չափով կլինեն: Անհայտ է»: Մարցի գյուղապետի խոսքերով, սակայն, գյուղի բնակիչները «ոգեւորված են», որ իրենց գյուղին մոտ հանքավայր է շահագործվելու. «Խոստացել են, որ աշխատատեղեր կլինեն: Իսկ ապրելու այլ տարբերակ չկա»:

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հիմնադիրներից մեկը Արմեն Զավենի Գեւորգյանն է, ով հանդիսանում է նաեւ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնորդ, «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը: Բացի այս՝ ներկայումս պետռեգիստրում «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հիմնադիրներն են՝ Հրաչյա Սուրենի Հովհաննիսյանը (վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, ԷԲՆ-ի ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանի եղբայրն է), Արմեն Զավենի Գեւորգյանը, Անդրանիկ Արարատի Համբարձումյանը եւ Գագիկ Ռաֆայելի Խոջայանը: Ի դեպ, «Վիկտորիա սիլվեր»-ը հիմնադրվել է նախորդ տարվա մայիսի 22-ին: Ընկերության սեփականատերերն են Երվանդ Սուրիկի Հովհաննիսյանը, Արմեն Զավենի Գեւորգյանը եւ Ռուզաննա Բեգլարյանը, ով Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է: Եւ իզուր չէ, որ վերջերս ակտիվ քննարկվում էր այն տեղեկությունը, որ համալիրը գնել է հենց Վաչե Ղազարյանը: Նաեւ նշվում էր, որ համալիրի գնորդներից մեկն էլ Վարդան Այվազյանն է, թեեւ Այվազյանն էլ, Ղազարյանն էլ անմիջապես հերքել են տեղեկությունը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այս ընկերությունում 33.3 տոկոս բաժնեմաս ունի նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության նախկին պետ Երվանդ Հովհաննիսյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի բնապահպանության նախարար աշխատելու տարիներին ղեկավարել է աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժինը:

Ի դեպ, հենց Հովհաննիսյանի կնոջ՝ Հասմիկ Հարությունյանի անունով է ձեւակերպված Լոռու մարզի Ֆիալետովոյի հանքավայրը շահագոծող «Գրեյթ ռեդմետ» ընկերությունը: Սակայն ինքը՝ Երվանդ Հովհաննիսյանը, չցանկացավ «Ժողովուրդ»-ի հետ խոսել այս մասին, այլ ասաց. «Ես ոչ մի ընկերության հետ կապ չունեմ, Վարդան Այվազյանին էլ տեսել եմ նախարար աշխատելու տարիներին»:

«Ժողովուրդը» փորձեց նաեւ կապ հաստատել «Վիկտորիա Սիլվեր» ընկերության հետ, սակայն դա մեզ չհաջովեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս