«Արայի դանս-շոու» պարային ստուդիան, որը տարիներ առաջ իր բեմադրությունների, համերգների, տեսահոլովակներում հանդես գալու շնորհիվ դաշտում մեծ բում արեց, այսօր, կարծես, նույնքան ակտիվ չէ: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Կարեն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է դրա պատճառների մասին` նշելով, որ միայն էնտուզիազմի հիման վրա հնարավոր չէ երկար պահել այն, ինչ ստեղծել ես:
-Կարե՛ն, կարծես թե չկարողացաք պահել տարիներ առաջ Ձեր իսկ սահմանած նշաձողը: Ինչո՞ւ:
-Մենք արդեն 20 տարուց ավել է` զբաղված ենք առաջին հերթին երեխաներին կրթելով եւ դաստիարակելով: Իսկ համերգային գործունեությունը, սովորաբար, անցկացնում ենք փակ ցիկլով` հանրապետության ներսում, քանի որ ապրում ենք Հայաստանի պես փոքր երկրում, որտեղ մեր ոլորտի համար համապատասխան շուկա չկա: Ուստի իմաստ չունի անել այն, ինչ անում էինք 20 տարի առաջ: Իսկ տեսահոլովակներում արդեն աշխատում ենք չերեւալ, քանի որ չենք ուզում կրկնվել մեր աշխատանքում, լճանալ, նոր գաղափարների իրականացումն էլ մեծ գումարների հետ է կապված: Ինչ վերաբերում է բումին, ապա ասեմ, որ ես հոգնում եմ անտարբերությունից… Երբ մենք տարիներ առաջ ունեցանք մեր առաջին մենահամերգը, դա, իրոք որ, բում էր, բոլորն այդ մասին էին խոսում, բայց հետո այդ ալիքը մարեց, ու մենք դրա արդյունքը, ցավոք, չտեսանք: Այսինքն` էնտուզիազմի հիման վրա չես կարող պահել այն, ինչ ստեղծել ես. դու պետք է այդ բիզնեսի շահն էլ տեսնես: Իսկ ես միայնակ չեմ. ունեմ թիմ, որին հարկավոր է գոհացնել:
-Բայց Դուք, կարծես թե, նաեւ արտերկիր շրջագայությունների մեկնելու հարցում եք պասիվ, այս դեպքում ի՞նչն է պատճառը:
-Որովհետեւ դրանք, իրականում, թանկ հաճույք են: Իսկ եթե խոսենք պետական հովանավորչությունից, ապա պետք է նկատենք, որ նույնիսկ ժողովրդական պարերի խմբերն աջակցություն չունեն, էլ ուր մնաց՝ ժամանակակից պարերն ունենան: Արտերկրի շրջագայությունները նախկինում համեմատական առումով շատ էին, բայց այսօր արդեն կյանքը թանկացել է, բարդացել է, երեխաների ընտանիքները նպատակահարմար են գտնում շրջագայությունների համար պահանջվող գումարներն օգտագործել ընտանեկան այլ ծրագրերի իրականացման համար: Ես գրեթե ամեն օր ստանում եմ շրջագայությունների հրավերներ, հույս ունեմ, որ գոնե տարին երկու անգամ կկարողանանք մեկնել արտերկիր:
-Այսօր, երբ սնկի պես շատացել են ժամանակակից պարեր ուսուցանող ոչ պրոֆեսիոնալ խմբերը, ի՞նչ եք կարծում` դրանց դեմն առնելու մեխանիզմը ո՞րը պետք է լինի:
-Նախ` այդ պայքարում շատ կարեւոր է ծնողի գիտակցությունը. երեխային ոչ պրոֆեսիոնալին վստահելով` առաջին հերթին վտանգի տակ է դրվում նրա առողջությունը: Դա նույն բանն է, թե երեխայիդ վստահես մի բժշկի, որը բժշկական կրթություն չունի, բայց վիրահատություն է անում: Երկրորդ` օրեցօր շատացող այս պարային խմբերի գործունեությունը պետության կողմից բացարձակ չի վերահսկվում: Այստեղից էլ առաջ է գալիս արդի բարձիթողի վիճակը: Այնինչ, պետությունը գրչի մեկ հարվածով կարող է լուծել խնդիրը: Եթե հաշվի առնենք, որ այսօր ցանկացած ոլորտ լիցենզավորված է, ապա ի՞նչն է խանգարում, որ այս ոլորտն էլ լիցենզավորվի: Շատ կառույցներ կան, որոնք բարձրաձայնում են այդ խմբերի դեմն առնելու անհրաժեշտության մասին, օրինակ` պարարվեստի միությունը, սակայն, ինչպես ասում են, ձայն բարբառոյ հանապատի: Երեւի պարարվեստի ոլորտը շատերին չի հետաքրքրում, քանի որ սրա մեջ փող չկա:
-Ի՞նչ եք կարծում` ժամանակակից պարարվեստին պետությունն ինչպե՞ս կարող է աջակցել, որո՞նք են այն առաջնային խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
-Եթե պետական քաղաքականության ծրագրերում կա ժամանակակից պարարվեստի զարգացումը, ապա, ըստ իս, անհրաժեշտ է առաջին հերթին, մարզային դպրոցներ բացել: Բացի այդ` ես մշտապես մտածել եմ ժամանակակից պարաձեւի թատրոն բացելու անհրաժեշտության մասին. դա լուրջ խնդիր է, քանի որ դրա համար պետք է ունենալ սեփական դահլիճ, զգեստապահարան, որը թանկ հաճույք է:
-Ժամանակակից պարարվեստն անընդմեջ զարգացող երեւույթ է, կարողանո՞ւմ եք նոր միտումների «հետեւից հասնել»:
-Մենք դա փորձում ենք անել անձնական կապերի միջոցով, որոնք ձեռք ենք բերել այս տարիների ընթացքում: Եթե դրա համար չես ֆինանսավորվում, պետք է ամեն բան անես քո անձնական միջոցներով` էնտուզիազմիդ հաշվին: Դա նաեւ մուսայի հետ կապված բան է, որը մի շարք գործոնների առկայություն է պահանջում…Կարծում եմ` այսօր այնքան սոցիալական խնդիրներ են առաջ եկել, որ մուսան Հայաստանից թողել-գնացել է…
Աննա Բաբաջանյան