ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.
«Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ:
Պետականամետությունը Մուրադ Մուրադյանի գործունեության առանցքն էր, որին նա հավատարիմ էր մշտապես: Նա կարողանում էր պետության մասին մտածել քաղաքացու, իսկ քաղաքացու մասին՝ պետության շահերից ելնելով, երբեք չտարանջատելով նրանց միմյանցից: Նա այդպիսին էր իր բեղմնավոր աշխատանքային գործունեության ու արժանապատիվ կյանքի ամբողջ ընթացքում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
Մուրադ Մուրադյանը ստեղծեց Երևանի պատմության իր բաժինը` որպես նրա լավագույն ժամանակաշրջաններից մեկի անբաժանելի մաս, որպես այդ պատմությունն անմիջականորեն ու գործնականում կերտող և իրեն երբեք չզատեց նրանից:
Անկեղծորեն ցավակցում եմ Մուրադ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»: