Դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, դատախազության թեժ գծով ստացվել է 10 ահազանգ, այս մասին տեղեկանում ենք  Գլխավոր դատախազության կայքից։
Ըստ այդմ՝ ստացված ահազանգերը դասակարգվել են 3 խմբի։
-կենցաղային բնույթի հաղորդումներ (բնակարանային խնդիրների վերաբերյալ)
-ընտրություններին առնչվող, սակայն հանցագործության հատկանիշներ չպարունակող ահազանգեր (մասնավորապես` քաղաքացիներից ստացվել են դժգոհություններ, որ սոցիալական ցանցերում նախագահի որոշ թեկնածուներ շարունակում են քարոզչական նյութերի տարածումը, ինչպես նաև` ընտրացուցակներում առկա են անճշտություններ, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ նման հարցերի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների շրջանակից),
– հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներ
Ժամը 14:30-ի դրությամբ ստացված ահազանգերից հանցագործության մասին տեղեկություններ են պարունակել 2-ը, որոնք օրենքով սահմանված կարգով գրանցվել են և ուղարկվել համապատասխան քննչական մարմիններին։
Այսպես.
– 2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ:
Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:
– Նույն օրն ահազանգ է ստացվել նաև մի քաղաքացուց (քաղաքացին ներկայացել է, սակայն նրա, իսկ խնդրանքով ինքնությունը չենք հրապարակում), ով հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թիվ 1, 2 և 3 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում քաղաքացիներն արձանագրել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են:
Հիշյալ հաղորդումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի բաժին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և քրեաիրավական գնահատական տալու համար:




Լրահոս