Ոստիկանությունը արձագանքում է ակտիվիստների հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ սեպտեմբերի 11-ի իրենց հավաք-երթին ընդառաջ ոստիկանությունը սկսել է այցելել իրենց բնակարաններ: Այս առնչությամբ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարութուն է տարածել, որում ասված է.

«Որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե իբր քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 11-ի միջոցառման նախօրեին ոստիկանության ծառայողները այցելում են շարժման ակտիվիստների բնակարաններ:

Տեղեկատվությունն անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթները, որոնց շրջանակում, հարկ եղած դեպքում, նաև քաղաքացիների բնակարաններ այցելություններն են: Եվ եթե համայնքային ոստիկանն այդ թվում այց է կատարել որևէ ակտիվիստի, դա որևէ առնչություն չունի վերջինիս հասարակական գործունեության հետ:

Անհավաստի լուրեր տարածողներին կոչ ենք անում պարզունակ զուգադիպությունից ինչ-ինչ եզրակացությունների չգալ և անիրական պատմություններով իրենց մասին վերստին հիշեցնելու անհաջող փորձեր չանել»:

Հիշեցնենք` վաղը` սեպտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 18:30 Ազատության հրապարակում տեղի կունենա «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի մեծ հավաք-երթը: Նրանց պահանջն է չեղարկել հոսանքի թանկացման վերաբերյալ կայացրած որոշումը: Իսկ մինչ հավաք-երթը, այսօր` սեպտեմբերի 10-ին ժամը 17:30-ին Բրազիլիայի հրապարակից կմեկնարկի իրազեկման ավտոերթ:




Լրահոս