«ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ Սամվել Հարությունյանը եւ  Խաչատուր Պողոսյանը ձերբակալվել են նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու  կասկածանքով: Սակայն վերջիններիս հարեւանները եւ հարազատները պնդում են, որ նրանց «գլխին սարքել են», եւ իրենք շատ լավ գիտեն պատվիրատուի անունը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 1-ին նրան վիրահատել էին: Նախագահի թեկնածուն ասել էր, որ տեսել է կրակողին, բայց չի հիշում, թեեւ կարծում է, որ կրկին տեսնելու դեպքում կճանաչի: Նա ենթադրել էր, որ այս մահափորձը կապված է իր քաղաքական գործունեության, մասնավորապես` իր հակառուսական կողմնորոշման հետ:
Փետրվարի 7-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պ. Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել է Երեւանում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանին եւ 1972թ. ծնված Սամվել Հարությունյանին:
«Ժողովուրդ»-ն այցելեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան եւ զրուցեց ձերբակալվածների հարազատների հետ:
Տեղեկացանք, որ Խ. Պողոսյանն ամուսնացել է երկու անգամ: Առաջին կնոջից ունի 2 տղա, իսկ երկրորդ կնոջից, որի հետ ներկա պահին ապրում է, մեկ դուստր: Պողոսյանի կինը՝ 32-ամյա Նոնա Հակոբյանը, հաստատեց այն տեղեկությունը, որ իր ամուսինը թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված է եղել:
«Վստահեցնում եմ ձեզ՝ ամուսինս նախկինում է թմրամիջոց օգտագործել: Հիմա կարող են տանել, ստուգել եւ կհամոզվեն, որ չի օգտագործում»,-արցունքակալած աչքերով ասաց Նոնան: Նրա խոսքով` իրենք Պ. Հայրիկյանի հետ ոչ մի կապ չունեն եւ վերջինիս տեսել են միայն հեռուստացույցով. «Մենք ապշած ենք կատարվածով: Խաչիկն այն մարդն է, որ ունակ չէ ինչ-որ մեկին սպանել եւ ոչ մի թշնամանք չունի ոչ մեկի հետ»:
51-ամյա Կարինե Էլչակյանը՝ Խաչատուրի զոքանչը, նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե ով է պատվիրել Պ. Հայրիկյանի մահափորձը. «Սրանից մի քանի ամիս առաջ, երբ Խաչիկը տաքսի էր քշում եւ բանվորների էր տանում Վարդան Սեդրակյանի առանձնատուն ու երեկոյան հետ բերում, մեզ ասաց, որ Վ. Սեդրակյանն իրենց հանձնարարել է՝ իր քարոզարշավի բուկլետները բաժանեն մարզերում, եւ դրա դիմաց նրանց գումար է տվել վառելիքի, ինչպես նաեւ իրենց կատարած աշխատանքի համար»:
Կարինեի խոսքով` իրենք էլ օգնել են էպոսագետ Վ. Սեդրակյանին՝ հաշվի առնելով, որ նա Քանաքեռի բնակիչ է. «Բուկլետներ մենք էլ բաժանեցինք եւ մարդկանց խորհուրդ տվեցինք, եթե Վ. Սեդրակյանն այն մարդն է, որի ծրագրերը հավանում եք, ապա ընտրե՛ք նրան»:
Խաչատուրի զոքանչն ասաց, որ նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանն ունեցել է «Վոլվո» մեքենա, եւ Խաչատուրը ցանկացել է գնել այդ մեքենան. «Խաչատուրը մեզ ասաց, որ այն չի կարող միանգամից ձեռք բերել, եւ Սեդրակյանը նրան ասել է, թե ամիսը 500 դոլար տո՛ւր ու կամաց-կամաց փակվի՛, ու մենք ապառիկով վերցրինք նրանից»:
Տիկին Կարինեն մեզ այս մանրամասները պատմեց` նշելով, որ Վ. Սեդրակյանը  հեռուստատեսությամբ ասել է, թե իր այդ «Վոլվո» մեքենան նա տվել է Խաչատուրին: «Տո դու բան տվո՞ղ ես, դու այնքան ստոր մարդ ես: Մի՞թե Հայրիկյանը չի հասկանում, թե ինչ է  ասում  իր մասին Սեդրակյանը. «Իմ մի մեքենան արժե ամբողջ Պարույր Հայրիկյան», այս մասին նա ասում է, քանի որ նա այնքան վախով է լցված: Ես 99 տոկոսով համոզված եմ, որ այս ամենը Վարդան Սեդրակյանի ձեռագիրն է, նա է դրդել այս երկու անմեղ տղաներին, որ գնան այդ արարքին»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ բնավ չի ցանկանում արդարացնել Խաչատուրին, եւ եթե նա արել է նման արարք, պետք է անպայման իր պատիժը կրի, քանի որ իրավունք չուներ ընկնել նման հիմարի խելքին: «Կրկնում եմ՝ պատվիրատուն Վարդան Սեդրակյանն է, Խաչիկին պետք չէր նման բան անել: Հիմա Վ. Սեդրակյանը փրփուրներից է կախվում եւ Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդա՛ն Սեդրակյան, որտեղի՞ց այդքան հարստություն քեզ»,-զայրացած ասաց Կարինեն:
Նա նշեց, որ ինքը մինչեւ վերջ պայքարելու է, եւ ընդգծեց, որ Վ. Սեդրակյանն ընդունակ է իրենց ընտանիքներին վնասել. «Ես վախենում եմ իմ աղջկա եւ իմ 4 տարեկան թոռնիկի համար: Վ. Սեդրակյանը կործանեց իմ աղջկա եւ Սամվել Հարությունյանի ընտանիքը: Վարդա՛ն Սեդրակյան, գիշերը ժամը 1-ին ի՞նչ ես զանգահարում եւ անհանգստացնում Խաչիկին: Չգիտեմ, թե Վ. Սեդրակյանն ինչ է խոսք տվել Խաչիկին եւ Սամվելին, որ նրանք անեն այդ արարքը, բայց կրկնում եմ՝ ես ոչնչից չեմ վախենում եւ կրկնում եմ՝ պատվիրատուն նա է»:
Տիկնոջ համոզմամբ` Խաչիկին նման բան չէր կարող պատվիրել Արամ Հարությունյանը կամ, օրինակ, Սերժ Սարգսյանը, դա Վարդան Սեդրակյանի պատվերն է, քանի որ իրեն ձեռք չէր տալիս Պարույր Հայրիկյանի առաջ գնալը. «Ա՛յ անշնորհք, դու կանգնում ես, մարդկանց վարկաբեկում ես: Ես էլ ձեզ բացահայտ հայտարարում եմ՝ եթե Խաչիկը նարկաման է, ապա ինքն էլ խաղացող է: Դե իմացե՛ք՝ մեր նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խաղացող է»:
Կարինեն պատմեց, որ Վ. Սեդրակյանը ժամանակին Ս. Հարությունյանի հորեղբոր կոշիկի արտադրամասից կոշիկներ է տարել Ռուսաստան եւ վաճառել, իսկ այսօր նման  փողեր ունի: Նա խորհուրդ տվեց համապատասխան մարմիններին՝ գնալ եւ բացահայտել այդ ամենը:
«Իմ երեխայի հորը նա այս վիճակում գցեց, եւ իմ երեխան գիշերները արթնանում է, իր հորն է ուզում: Այս ի՞նչ արեցին Խաչիկի գլխին: Իմ արցունքների տակից նա ինչպե՞ս պետք է դուրս գա»,-լացակումած ասաց Խաչատուրի կինը` Նոնա Հակոբյանը:
Այցելեցինք նաեւ Սամվել Հարությունյանի տուն: Երկար թակեցինք նրա սեփական տան դուռը, սակայն տանը մարդ չկար: Հարեւաններից մեկը զանգահարեց վերջինիս տուն, բայց հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: «Սամվելը 6 տարեկան երեխա է եղել, ես հարս եմ եկել այս թաղ: Նա ունակ չէ անգամ ճանճ սատկացնել: Այս ամենը սարքեցին նրա գլխին»,-իրավիճակից խիստ անհանգստացած՝ ասաց Սամվելի սեփական տանը կից ապրող հարեւանուհիներից մեկը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սամվելը կնոջից բաժանված է, ապրում է մոր հետ եւ ունի մեկ աղջիկ:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք նաեւ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: «Հետո ի՞նչ, որ իրենց հարազատներն են ասել, եւ հետո, ես չեմ ասել, որ ինքը նարկաման է, դա գրված է ազգային անվտանգության՝ Խաչատուրին տրված կենսագրությունում, եւ հետո, ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»,-նշեց Վ. Սեդրակյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս