ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, որ ինքը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում: Իսագուլյանը հավաստիացրել էր, որ դրանով փորձ է արվում նաեւ շփոթության մեջ գցել Սերժ Սարգսյանին` հավելելով, որ նամակով դիմելու է երկրի նախագահին եւ հանդիպում խնդրելու նրանից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Իսագուլյանն արդեն դիմել է Ս. Սարգսյանին, սակայն որեւէ արձագանք չի ստացել:

-Պարո՛ն Իսագուլյան, որոշել էիք Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել, որպեսզի նրա հետ քննարկեիք նոր Սահմանադրության նախագիծը: Ինչպե՞ս է Ձեր խնդրանքին արձագանքել Սերժ Սարգսյանը, արդյո՞ք նա եւս ցանկանում է նույն հարցի շուրջ զրուցել Ձեզ հետ:
-Ես հրապարակավ ցանկություն եմ հայտնել՝ հանդիպելու, Սահմանադրության հետ կապված մեր տեսակետները ներկայացնելու համար, բայց մինչ օրս դեռեւս որեւէ պատասխան չկա: Միաժամանակ ասեմ նաեւ, որ զանգահարել եմ նախագահի գրասենյակ ու նախագահի օգնականին տեղյակ եմ պահել մեր ցանկության մասին:
-Ինչո՞ւ հրապարակային չեք ներկայացնում Ձեր տեսակետը, ինչո՞ւ եք ցանկանում պարտադիր առանձին հանդիպում ունենալ Սերժ Սարգսյանի հետ:
-Նոր Սահմանադրության նախագծում կան այնպիսի բաներ ներառված, այնպիսի մոդելներ, որոնք կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ ՀՀ-ի համար: Ես տարբեր լրատվամիջոցներով բարձրաձայնել եմ այդ մասին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահն ինքը նախաձեռնել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման գործընթաց, ու մենք համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ ցանկացած երկխոսություն անպայման անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ ներկայացնեն իրենց տեսակետները, դիմել էինք հանդիպման համար: Մնացած կուսակցություններն էլ կարող են հրապարակավ ասել իրենց տեսակետը ու չգնալ հանդիպման: Բայց ինձ պետք է նաեւ նայել այն մարդկանց աչքերի մեջ, ովքեր նախաձեռնում են այս ամենը, ու ուղիղ անել այն հարցադրումները, որոնք առկա են, ու նաեւ տեղում լսել պատասխանը: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք մի գործընթաց, որ որոշ կուսակցություններ խուսափում են հանդիպումից կամ դա համարում են իրենց սկզբունք ու չեն գնում հանդիպման, իսկ ովքեր որ մինչեւ այժմ ունեցել են միանգամայն հակադիր տեսակետ, հանդիպումից հետո մի տեսակ փոխվում են: Կա՛մ նախագահն իրենց ասում է գաղտնիքներ, որոնք չեն կարողանում ասել սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնախմբի անդամները կամ մնացած կողմ տեսակետ հայտնողները… Մենք ուզում ենք իմանալ՝ կա՞ն նման գաղտնիքներ: Սա եւս առաջացրել է հետաքրքրություն:
-Բայց Սերժ Սարգսյանը Ձեր կուսակցության հետ հանդիպման ցանկություն չի հայտնել, գուցե Դուք անձնական խնդիրնե՞ր ուենք Ս. Սարգսյանի հետ, որ այդպես էլ չի ցանկանում հանդիպում ունենալ Ձեզ հետ:
-Շատ կարեւոր է հետեւյալ հանգամանքը՝ ես իմ բոլոր ելույթներում ասել եմ, որ կան հարցեր, որ անձնական փոխհարաբերությունները որեւէ նշանակություն չունեն: Ու մենք, երբ որ քննարկում ենք պետական եւ ազգային նշանակություն ունեցող հարցեր, պարտավոր ենք վեր կագնել մեր անձնական խնդիրներից ու մասնակցել այդ հարցերի քննարկմանը: Շատ քչերը կարող են ասել, որ իրենք բավականին երկար ժամանակ աշխատել են Սերժ Սարգսյանի հետ ու ունեցել են բավականին լավ հարաբերություններ ու ունեն այդ հարաբերությունները մինչեւ հիմա: Մեր անձնական հարաբերություններում երբեւէ որեւէ խնդիր չի եղել, ու ես կարող եմ դասվել այն 10 մարդկանց շարքում, ովքեր ամենաջերմ ու լավ հարաբերությունների մեջ են եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ մինչեւ նախագահ դառնալը եւ նախագահ դառնալուց հետո: Անձնական խնդիր չի կարող լինել, միաժամանակ ես չեմ էլ թաքցնում, որ ես այն մարդն եմ եղել, ով ցանկացած հարցի վերաբերյալ, նաեւ ընդհանուր խորհրդակցությունների ժամանակ, առանց մտավախության, հստակ հայտնել է իր տեսակետները, որոնց նախագահը համաձայն չի եղել: Բայց ես երբեւէ ինձ թույլ չեմ տվել որեւէ հարցի հետ կապված ասել տեսակետ, որը կարող է հաճելի լինել, ցանկալի լինել… գուցե ես նաեւ այն միակ մարդն եմ, ով նայել է մարդու աչքերի մեջ ու շատ հարցերում ասել է, որ սա ճիշտ չի, որ սա անելը կունենա վատ հետեւանքներ:
-Նախկինում Դուք էլի եք Սերժ Սարգսյանին դիմել նամակով՝ առաջարկելով ՀՀ 3 նախագահների հանդիպումը կազմակերպել, սակայն այդ դեպքում եւս, կարծեք թե, որեւէ արձագանք չեղավ: Այդ փորձը հաշվի առնելով` չեք կարծո՞ւմ, որ այս անգամ եւս անարդյունք է լինելու Ձեր խնդրանքը:
-Երեւի թե իմ առաջարկությունները չեն մտնում շատ մարդկանց պատկերացումների մեջ այն առումով, որ կարելի է պետության ղեկավարների համար մի կողմ դնել անձնական խնդիրները եւ տարբեր հարցերի հետ կապված՝ նստել ընդհանուր սեղանի շուրջ ու քննարկել: Ես կրկնել եմ իմ առաջակը, անկախ ամեն ինչից, իմ նախաձեռնությունները չեն ունեցել ո՛չ անձնական եւ ո՛չ էլ այլ նպատակ, բացառությամբ նրա, որ մեր հանրությունը տեսնի, որ մարդիկ, որոնք եղել են պետության գլուխ, հիմա կարող են նստել սեղանի շուրջ ու քննության առնել հարցեր, որոնք ունեն պետական ու ազգային նշանակություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՑ ԼԱՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՍՊԱՍՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի` երեկ Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները մինչեւ ուշ երեկո գաղտնի էին պահվում: Արդեն գիշեր էր, երբ լրահոսում հայտնվեցին տեղեկություններ երկու նախագահների հանդիպման մասին:

Ըստ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության` ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը անդրադարձել է օրեր շարունակ ՀՀ եւ ԼՂՀ սահմանին տիրող լարված իրավիճակին: Ս. Սարգսյանը հայտարարել է. «Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, Ձեզ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Ձեր ցուցաբերած ջանքերի համար: Վերջին երկու շաբաթներին սահմանին իրավիճակը շատ լարված է: Բացի խոշոր տրամաչափի հրազենից՝ ադրբեջանական կողմը նաեւ հրետանի է կիրառում: Իհարկե, ստիպված ենք լինում պատասխանել»:
Արձանագրելով, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը կայանալու է սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանում, ռուսական գործակալությունը նշում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀԱՊԿ գագաթնաժողովում ներկայացնել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը Պուտինին եւս մեկ «շնորհակալություն» էլ է հայտնել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար»:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ էներգակիրների սակագների խնդիրը` նշելով.«Այսօր էներգետիկայի նախարարության հետ համաձայնագիր ստորագրեցինք, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչեւ 165 դոլարի: Ստորագրվել է Հայաստանին 200 միլիոն ԱՄՆ արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիր, եւ դա թույլ կտա թարմացնել հայկական զինված ուժերի զինանոցը: Իհարկե, Հայաստանի համար առանցքային է մնում էներգակիրների սակագնի հարցը։ Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, եւ ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ»:
Իր հերթին Վ. Պուտինն ասել է.«Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Համեմատած 2013 թվականի հետ՝ անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռեւս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը»:

 

 

 

ԲԱՐՁՐ ԳՆԱՃՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գնաճը կազմել է 4.8 տոկոս: Սպառման ապրանքների գնաճը կազմել է 5.5 տոկոս, պարենային ապրանքներինը՝ 5.2, ոգելից խմիչքի, ծխախոտինը՝ 2.1, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.9 տոկոս: ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ այլ երկրներում արձանագրված գնաճի տվյալները: Ըստ այդմ, Եվրամիության երկրներում կամ ընդհանրապես գնաճ չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում նաեւ ապրանքները էժանացել են: Փոխարենը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, ինչպես Հայաստանում, բավականին բարձր գնաճ է արձանագրվել: Մասնավորապես, Ռուսաստանում գնաճը կազմել 9.4, Բելառուսում՝ 7.5 տոկոս:

 

ՍԽԱԼՆ ՈՒՂՂՈՒՄ ԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում փոփոխություններ կկատարի 2013 թվականի հունիսի 5-ի թիվ 179Ա որոշման մեջ: Այս որոշումը վերաբերում է Երեւանում վճարովի ավտոկանգառների սեփականատեր «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը ՀԾԿՀ-ի բազայում գտնել այդ որոշումը, անցան ապարդյուն: Ի վերջո, մեր հարցմանն ի պատասխան՝ որոշումը մեզ տրամադրեցին ՀԾԿՀ-ից: Պարզվում է, ըստ այդ որոշման, որով «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին թույլատրվել է իր սարքավորումները միացնել էլէներգիայի սնուցման ցանցին, նշված ընկերությունը ներկայացված չէ որպես ավտոկանգառների ծառայություն մտուցող: Այլ կերպ ասած՝ «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ի միացված սարքերը չէին կարող ծառայություն մատուցելու նպատակով օգտագործվել: Ուստի պատահական չէ, որ ՀԾԿՀ-ն պատրաստվում է խմբագրական փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ՝ «Փարքինգ Սիթի սերվիս» ՓԲԸ-ին վերապահելով ավտոկանգառների ծառայություն մատուցողի գործառույթ: Ի դեպ, նույն նիստում ՀԾԿՀ-ն մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է 1 մլն դրամով տուգանել «Իզոդրոմ» ընկերությանը: ՀԾԿՀ-ն դեռեւս 2007-ին նշված ընկերությանը տրամադրել է «Յաղդան» ՓՀԷԿ-ում էլէներգիայի արտադրության լիցենզիա՝ 15 տարի ժամկետով: Սակայն ՀԾԿՀ-ն պարզել է, որ ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը գերազանցվել է, ինչի համար էլ պատրաստվում է «Իզոդրոմին» տուգանել:

 

ԼՐԻՎ ԲՆՈՐՈՇ ԳՈՐԾԵԼԱՈՃ
«Վազգեն Սարգսյանի անվան» մարզադաշտում երեկ տեղի ունեցած Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ քաղաքացիական համազգեստով անձինք ոստիկանների աջակցությամբ ծեծի են ենթարկել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին: Ուշագրավ է, որ մինչեւ խաղի մեկնարկը Շահենին է մոտեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ինչ-որ բան ասել նրան: Ենթադրվում է, որ նա պատանուն զգուշացրել է, որպեսզի չփորձի մարզադաշտ դուրս գալ, ինչպես այս տարվա հունիսի 13-ին՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» վերնաշապիկով, որի համար ՀՖՖ-ն տուգանք վճարեց:




Լրահոս