Ես չեմ կարող աջակցել, բացի խորը ցավակցականներից. Արմեն Մուրադյանը` «Մարգարյան»-ում կնոջ մահվան դեպքի մասին (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքին: Կինը օգոստոսի 19-ին ողջ-առողջ, իր ոտքով գնացել էր Մարգարյան հիվանդանոց՝ արգանդի միոման լաբորոսկոպիկ ճանապարհով հեռացնելու համար: Սակայն այս վիրահատությունը ճակատագրական է եղել կնոջ համար: Վերջինս հենց վիրահատության ժամանակ ներքին արյունահոսություն  է ունեցել և նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Այնտեղ կնոջ կյանքը կարողացել են փրկել, սակայն օրեր անց պարզվեց, որ նրա աղիքները չեն գործում: Պարզվում է` Մարգարյան հիվանդանոցում վիրահատության ժամանակ վնասել են կնոջ մնացած օրգանները, ինչն էլ հանգեցրել է մահվանը: ՀՀ առողջապահության նախարարությունը նմանօրինակ դեպքերում ձեռքերը լվանում է՝ հայտնելով, որ տեղի ունեցածի համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, խնդիրն այլեւս իրենց տիրույթում չէ:

Armlur.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ինքը որպես նախարար միայն կարող է խորը ցավակցություն հայտնել. «Ես չեմ կարող աջակցել, բացի խորը ցավակցականներից: Կարծում եմ` հարցն այսօր քննարկվում է իրավապահների կողմից, այդ տիրույթում է, պետք է սպասել քննության ավարտին: Մենք չենք կարող խառնվել իրավապահների գործին: Մեր մասով դատաբժշկական փորձաքննություններ իրականացնողներն ունեն հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ»:

Նրա խոսքով` իրենք խիստ պահանջ են ձևավորում բոլոր նման քննությունների դեպքում. «Նման քննությունների դեպքում մենք խիստ պահանջ ենք դնում լինել արհեստավարժ, անաչառ»: Իսկ առհասարակ բուժհիմնարկներում բժիշկների անփութության հետևանքով մարդկանց մահվան դեպքերի մասին, նախարարը նշեց, որ վիճակագրական տվյալներից ելնելով դրանք նվազում են. «Նվազում են ծրագրերի իրականացման շնորհիվ: Եթե մենք խոսում ենք այդ դեպքերի մասին պարզ, բաց և անաչառ քննարկում ենք կազմակերպում, դա բացարձակ չի կարելի գնահատել որպես շատանալ»:

Մանրմասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս