Սեպտեմբերի 12-ին կկայանա դիզայներ Արամ Նիկոլյանի հերթական հավաքածուի ցուցադրությունը: Այն կոչվում է «Սեւ ճենապակի»: Արամը «Ժողովուրդ»-ին պատմել է իր նոր հավաքածուի մասին, խոսել Հայաստանում նորաձեւության արդյունաբերության զարգացման միտումներից, դրան խոչընդոտող հանգամանքներից: Նա անդրադարձել է նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելու դժվարություններին:
-Բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանում նորաձեւության «ինդուստրիան» բավարար զարգացած չէ, մեզ մոտ չկան անգամ անհրաժեշտ հագուստի ֆաբրիկաներ, ի՞նչ եք կարծում` ոլորտի զարգացման համար թիվ մեկ նախապայմանը ո՞րն է:
-Նորաձեւության արդյունաբերության զարգացումն անմիջականորեն կապված է թեթեւ արդյունաբերության զարգացման հետ: Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք բավական զարգացած թեթեւ արդյունաբերության ոլորտ, ինչը չէի ասի այսօրվա մասին: Այս իրավիճակի համար միայն ղեկավարությանը, կառավարությանը չէ, որ պետք է մեղադրել, այլեւ ոլորտի ներդրողներին: Մեր երկրում շատ կոնկրետ բիզնեսներ են ֆինանսավորվում, այնինչ ամբողջ աշխարհում նորաձեւության ինդուստրիան շատ փողաբեր բիզնես է, որն, ի դեպ, ունի բոլոր հնարավորությունները զարգանալու նաեւ մեր երկրում: Կառավարությունն էլ իր հերթին պետք է նպաստի, որ նորաձեւության ոլորտում ներդրում անելն արդյունավետ դառնա, այլապես Չինաստանի եւ Թուրքիայի հետ ոտք գցելն այդ առումով շատ դժվար է:
-Այսօր բավական ակտուալ է դարձել հագուստի դիզայների մասնագիտությունը, ի՞նչ եք կարծում` մենք դիզայներական դպրոց ունե՞նք:
-Մասնագիտական դպրոցներ, որպես այդպիսին, մեզ մոտ չկան. կան դպրոցներ, որոնք կրթում են դիզայներների` հաշվի չառնելով, որ, օրինակ, առանց կոնստրուկտոր-ձեւավարի կամ կարի տեխնոլոգի դիզայների մասնագիտությունը չի կարող կայանալ: Այսինքն` մեզ մոտ շատ քիչ են այն մասնագետները, որոնք կարող են ֆաբրիկա աշխատեցնել:
-Նշել եք, որ ներկայիս սերնդի մեջ չեք տեսնում այն պոտենցիալը, որի շնորհիվ Ձեր ոլորտում կարող է տեղի ունենալ սերնդափոխություն: Ինչո՞ւ:
-Այո՛, ասել եմ ու հիմա էլ պնդում եմ: Մի քանի հոգի փորձում են ինչ-որ բաներ անել, բայց այն էնտուզիազմը, որ ուներ մեր սերունդը, նրանց շրջանում ես չեմ տեսնում: Երիտասարդների մոտ այդ ոգեւորվածությունը չկա, կրակի բացակայություն կա: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարաշրջանում քչերն են փորձում ինֆորմացվել: Իսկ նրանք, ովքեր դա անում են, հեշտությամբ ընկնում են ինչ-որ դիզայներների ազդեցությունների տակ, բացի այդ` ուզում են ամեն ինչի հեշտությամբ հասնել, պահի տակ հայտնի դառնալ:
-Մեր հասարակության շրջանում դիզայներին, ոճաբանին դիմելու մշակույթը զարգացա՞ծ է:
-Քիչ-քիչ զարգանում է, հատկապես, որ դրսից ստացվող ինֆորմացիան շատ է, այդ մշակույթը մեզ մոտ էլ է սկսում ծաղկել: Մենք փորձում ենք գտնել ոսկե միջինը. հաշվի առնելով մեր բնակչության վճարունակության մակարդակը` այնպես ենք անում, որ նրանց համար հասու լինի մեր արտադրանքը: Իհարկե, սխալ կլինի ասել, թե մեծ գումարներ ենք աշխատում, բայց ինչ-որ կերպ հարմարվում ենք:
-Մեր հասարակության զգալի հատվածը, թերեւս, օտարամոլ է, ձգտում է հայտնի բրենդների զգեստներ կրել, ի՞նչ եք կարծում` ինչպե՞ս է հնարավոր այդ հատվածին Ձեր կողմը գրավել:
-Այդ սովորությունը կապված է մեր ազգային հոգեբանության հետ, դա մեր արյան մեջ է, ինչպես ժողովուրդն է ասում՝ հարեւանի հարսն ավելի լավն է: Մեր ազգը սիրում է, այսպես ասած, պիտակավոր հագուստներ կրել, անգամ` ինքնախաբեությամբ զգաղվել: Դա ե՛ւ ծիծաղելի է, ե՛ւ տարօրինակ: Ես եւ կոլեգաներս փորձում ենք ամեն բան անել` այդ հատվածին հետաքրքրելու համար, կարծում եմ` վերջին շրջանում արդեն բավական ակտուալ է դարձել տեղացի դիզայներներին վստահելու միտումը:
-Դուք աշխատում եք նաեւ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, նրանց հետ հե՞շտ է ընդհանուր հայտարարի գալը:
-Նրանք հաճախ չեն վստահում դիզայներին, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք կարծում են, որ եթե իրենք հասել են հաջողության, ուրեմն իրենք հասկանում են ամեն ինչից: Կարծում եմ` ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, ու եթե շոու-բիզնեսի տվյալ անդամը դիմում է դիզայներին, ուրեմն պետք է վստահի նրան, թողնի, որ վերջինս ազատ ստեղծագործի եւ ոչ թե միջամտի նրա աշխատանքին:
-Եվ վերջում` Ձեր հերթական հավաքածուի ցուցադրությանը ե՞րբ սպասենք: Դրանում ընդգրկված զգեստները հասանելի կլինե՞ն մեր միջին խավի ներկայացուցիչներին:
-Սեպտեմբերի 12-ին կկայանա իմ հերթական հավաքածուի ցուցադրությունը: Այն կոչվում է «Սեւ ճենապակի»: Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ հունական մշակույթից, դրանում ընդգրկված են երեկոյան եթերային զգեստներ: Դրանք, այո՛, հասանելի կլինեն մեր միջին խավի ներկայացուցիչներին, չնայած որ զգեստները բնական մետաքսից են կարված:
ԻՆՉՈՒ Է ՈՒՇԱՆՈՒՄ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
«X-Factor» նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանին հնարավորություն էր ընձեռնվել երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ «Sony Music» ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Վրեժը դեռեւս 2012-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում: Արդեն 4 տարի է անցել Վրեժի հաղթանակից, սակայն հանրությունը դեռեւս չի լսել այդ ձայնագրությունները, չի կայացել տեսահոլովակի պրեմիերան: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Վրեժ Կիրակոսյանից, ով տեղեկացրեց, որ երկու սինգլն էլ ձայնագրվել են, սակայն դեռ չեն թողարկվել, դրանք միասին կթողարկվեն մինչեւ տարեվերջ:
Մենք հարցրինք` ինչ կպատասխանի Վրեժը բոլոր այն երկրպագուներին, որոնք նշում են, թե «Շանթ» հեռուստաընկերությունն իր խոսքի տերը չեղավ եւ խոստացված տեսահոլովակն այդպես էլ չթողարկեց. «Այս պարագայում խնդիրը «Շանթ» հեռուստաընկերության կամ «Իքս ֆակտորի» հետ չէ կապված, պարզապես այս գործընթացով զբաղվող Sony Music-ի մոսկովյան մասնաճյուղում կազմակերպչական որոշ հարցեր առաջ եկան, որոշ ծրագրեր փոխվեցին, աշխատակազմ փոխվեց, ուստի գործընթացը ձգձգվեց: Այն դժվարությունները, որոնք ծագեցին, ինձնից չէին կախված: Խոստանում եմ մինչեւ տարեվերջ ներկայացնել տեսահոլովակը հանրությանը»,-ասաց նա:
Երգիչը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում պասիվացրել է իր գործունեությունը երգարվեստում. «Արվեստի մարդը պետք է զբաղվի միայն իր գործով, այլ աշխատանք չպետք է անի, բայց բոլորս էլ գիտենք, որ ապրուստի, կեցության խնդիր կա մեր առջեւ դրված: Այսօր, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված: Այդքան գումար վաստակելու համար հարկավոր է երգել ակումբում կամ ռեստորանում, ինչն իմ սկզբունքներին պարզապես դեմ է: Դե, ես էլ հարուստ հայրիկ չունեմ, չկան պրոդյուսերներ, որոնք պատրաստ կլինեն որոշակի գումարներ ներդնել, հուսով եմ` երբեւէ կունենամ հովանավորչություն, կգտնվի մի պրոդյուսեր, ով կուզենա իմ արվեստի համար գումար ծախսել, որը, վստահ եմ, անպայման հետ կվերադառնա»,-մեկնաբանեց նա:
Վրեժը, խոսելով առաջիկա ծրագրերից, տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին համերգով հանդես գալ Իրանում, որտեղ կատարելու է Կոմիտաս, ներկայացնելու է նաեւ համաշխարհային մեծության դասականների: Իսկ հոկտեմբերին էլ նա մեկնելու է ՌԴ, որտեղ համերգներ է ունենալու 7 քաղաքներում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ
Համաձայն Հայաստանի եւ Բելառուսի մշակույթի նախարարների միջեւ ստորագրած 2014-2017թթ համագործակցության ծրագրի` Բելառուսում 2016-ին կանցկացվեն Հայաստանի մշակույթին նվիրված օրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը, ծրագիրը ներառում է թատերական, երաժշտական եւ պարային խմբերի փոխայցելություններ: Ծրագրի շրջանակում երկու երկրներում կանցկացվեն կինոյի օրեր, համատեղ կինոփառատոներ: Կողմերը կաջակցեն, որ երկու երկրների թանգարանները կարողանան հետաքրքրական ցուցադրություններ կազմակերպել Հայաստանում եւ Բելառուսում: Մասնավորապես 2015-ին Բելառուսում նախատեսվում է հայ նկարիչ Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցադրությունը, իսկ Հայաստանում տեղի կունենա Միխայիլ Սավիցկու ստեղծագործությունների ցուցադրությունը: Ծրագիրը կշարունակվի մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31¬ը:
3 ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳ
Սեպտեմբերին Երեւան է ժամանելու Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը: Զինվորական երաժիշտները Երեւանում հանդես են գալու երեք բացօթյա համերգով եւ այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Համերգ-ներկայացումները տեղի կունենան սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15-ին՝ Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում` Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ: Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ: Այցելությունը կազմակերպում են ՄԹ պաշտպանության նախարարությունը եւ Երեւանում բրիտանական դեսպանատունը:
ԳԻՐՔ` ՖՐԻՍԿԵԻ ՄԱՍԻՆ
Ժաննա Ֆրիսկեի երկրպագուհին գիրք է գրել հայտնի երգչուհու կյանքի մասին։ «Կյանքի էլեկտրասրտագրություն» գիրքը լույս կտեսնի այս աշնանը։ 70 էջից բաղկացած գրքի հեղինակը 24-ամյա բուժքույր է, հայտնել է muz-tv.ru-ն։ Ֆրիսկեի հայրն արդեն հասցրել է կարդալ գրքի սեւագիր տարբերակը եւ կիսվել իր տպավորություններով։ «Գիրքը կարդացել եմ մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո ամբողջ գիշեր արտասվել եմ»,- ասել է Վլադիմիր Բորիսովիչը՝ ավելացնելով, որ գրքում ամեն ինչ շատ ճիշտ է նկարագրված։