Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի անվտանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությունն ապահովում է Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության վայրի անվտանգությունը: Նման խնդրանքով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին դիմել է ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
“Հայաստանի ոստիկանությունը փաստում է, որ ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական շրջանում, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը` 2013 թ. փետրվարի 18-ին, ոստիկանական ծառայությունները իրականացրել են հասարակական կարգը պահպանելու, հնարավոր իրավախախտումները կանխելու, ինչպես նաեւ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր գործողությունները: Քաղաքացիների, ՀՀ Նախագահի թեկնածուների, վերջիններիս վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով ձեռնարկվել են ինչպես իրավական, այնպես էլ կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրությունների ընթացքում ստացվել են նախագահի թեկնածուների վստահված անձանց եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդումներ: ՀՀ ոստիկանությունն ինչպես մյուս, այնպես էլ հիշյալ հաղորդումներին անհապաղ արձագանքել է եւ ներկայումս իրավական ընթացակարգի պահանջներին համապատասխան իրականցնում է դրանց ստուգումը:
2013 թ. փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվել է նաեւ ՀՀ Նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումը ոստիկանության պետին` իր բնակության վայրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության պետի նույն օրվա հրամանով հանձնարարվել է համապատասխան ստորաբաժանումներին` 2013 թ. փետրվարի 19-ից կազմակերպել նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովումը:




Լրահոս