ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ թեկնածուն գնալով կորցնում է իրականության զգացողությունը: Հերթական սենսացիոն հայտարարությունը նա արել է Գեղարքունիքի մարզում` ասելով, որ եթե քաղաքացին չմասնակցի նախագահի ընտրություններին, ապա «ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ` նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ` հանուն սեփական նեղ, խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել»:
Այո՛, այո՛: Միանգամայն ճիշտ հասկացաք, այս խոսքերի հեղինակն անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե որեւէ ընդդիմադիր գործիչ: Ու նա միանգամայն ճիշտ է իր հայտարարություններում, երբ բաց տեքստով խոստովանում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել այդ խոսքերի հետ: Միայն թե, այսքանից հետո հետաքրքիր է` իսկ ովքե՞ր տարիներ շարունակ հաշվի չեն առել քաղաքացու ձայնը, ովքե՞ր են խլել նրանց ապագան: Ս.Սարգսյանն այս հարցի պատասխանը չի տալիս: Իսկ թե ինչու, դժվար չէ կռահել:

Հիշենք անցյալը կամ պարզ թվաբանություն
Ընտրությունները կեղծելու նպատակը մեկն է` ապահովել կուսակցության կամ թեկնածուի հաղթանակը: 2003թ. ԱԺ ընտրություններում առաջին տեղում էր ՀՀԿ-ն, որը ստացել էր 23 տոկոս ձայն: 2007թ. ԱԺ ընտրություններում առաջին տեղում կրկին ՀՀԿ-ն էր, որը ստացել էր 33.9 տոկոս ձայն: 2012թ. ԱԺ ընտրություններում առաջին հորիզոնականը կրկին ՀՀԿ-ն է զբաղեցնում՝ այս անգամ արդեն ստանալով 44.1 տոկոս ձայն: Ասել է թե` վերջին 10 տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներում ամենամեծ թվով ձայներ ստացել է ՀՀԿ-ն: 1998 եւ 2003թ. նախագահի ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխանության թեկնածուն` Ռոբերտ Քոչարյանը, 2008թ. ընտրություններում էլ` Սերժ Սարգսյանը:
Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե «տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան եւ արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը», ենթադրվում է` նկատի ունի վերոնշյալներին: Ասել է թե` հանդես է գալիս ինքնախոստովանությամբ` բաց տեքստով հայտարարելով, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չեն:
Ընդ որում, Ս.Սարգսյանի այս խոսքերը պետք է շատ լուրջ ընդունել, որովհետեւ նման ինքնախոստովանությամբ հանդես է գալիս մի անձնավորություն, որը, 1993թ. սկսած, ՀՀ-ում զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ լինելով պաշտպանության, հետո` ներքին գործերի, հետո` ազգային անվտանգության նախարար, նաեւ` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ վարչապետ, իսկ վերջին 5 տարում էլ Սարգսյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը: Ասել է թե՝ նա ի պաշտոնե մանրամասն կերպով տիրապետում է ողջ ինֆորմացիային, գիտի իրականացված ընտրակեղծիքների մասին:
Տրամաբանությունը  հուշում է, որ եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ոչ լեգիտիմ է հայտարարում ե՛ւ իրեն, ե՛ւ ԱԺ-ն, ապա անհապաղ պետք է ձեռնամուխ լինի «սխալների ուղղմանը». նախ պետք է ցրի խորհրդարանը, այնուհետեւ ինքն էլ հրաժարական ներկայացնի:
«Ժողովուրդ»-ը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրեց մեկնաբանել Ս.Սարգսյանի հայտարարությունները` հարցնելով, թե ով հաշվի չի առել ժողովրդի քվեն, ով է ժողովրդից խլել ապագան: «Կարեւորն առաջ նայելն է, ու չի կարելի թույլ տալ, որ ձայնը որեւէ մեկը խլի»,-նշեց նա: Ըստ Շարմազանովի. «ՀՀԿ-ն ու պարոն Սարգսյանը ո՛չ որեւէ մեկից ձայն է խլել, ո՛՛չ էլ որեւէ մեկին ձայն է տվել»:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, թե իր ելույթներն ինքը չի գրում, այլ ունի թիմ, որն էլ աշխատում է դրանց վրա:  Բացի այդ, համառ լուրեր են պտտվում, թե նախագահի թեկնածուներից ոմանք նախագահական նստավայրի դրածոն են: Ու հիմա տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի այդ PR թիմը պարզապես շփոթել է թեկնածուների համար գրած ելույթներն ու դրածո «ընդդիմադիրների» համար նախատեսված «տարիներ շարունակ ժողովրդի ձայնը հաշվի չառնելու եւ ապագան գողանալու մասին» տեքստը սխալմամբ տվել Սարգսյանին:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս