«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության «Ո՛չ»-ի ճակատի համաժողովի ավարտին մի քանի կուսակցության և ՀԿ-ների կողմից հրապարակվեց միասնական հայտարարություն, որի մեջ ասված է.
«Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները` հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ, արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են Սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը, համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում Սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ, նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը, հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը:
Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին»: