Ռուսների դեմն ու կողմը. ինչ է սպասվում հայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, թե իբր Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին վերջին` սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հասկացրել է, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Ըստ այդ վարկածի՝ չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները ստիպված լինեն հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Իրադարձությունների զարգացման նման հեռանկարը մի փոքր անհավանական է թվում, բայց մյուս կողմից էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է:
Ուստի տեղին կլինի դիտարկել, թե ներկա սահմանադրական փոփոխություններն ինչով կարող են ձեռնտու չլինել ՌԴ ղեկավարությանը եւ հակառակ տարբերակը՝ ինչու պետք է, որ ռուսները դեմ չլինեն այդ գործընթացին:

Տարիների փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանի համար ամենակարեւոր խնդիրը եղել եւ մնում է այն, որ Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ` պետության ղեկավարը լինի իրենց համար վերահսկելի անձ: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի համար կարեւորն այն է, որ իրենք որոշեն, թե ում ձեռքում կգտնվի Հայաստանի իշխանության ղեկը, իսկ թե տվյալ անձը ինչպես կիրացնի իր իշխանությունը` նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական կառավարման մոդելով առանձնապես էական չէ: Ըստ այդմ, կառավարման մոդելի փոփոխությունը Ռուսաստանի համար միայն մեկ դեպքում կարող է նշանակություն ունենալ, եթե այն վտանգի Հայաստանում իշխանության ձեւավորման վերահսկելիությունը:

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման մոդելը մազաչափ անգամ չի վտանգում Ռուսաստանի ունեցած ազդեցությանը: Ավելին՝ այդ գործընթացի միակ նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանի, այսինքն՝ Ռուսաստանի համար լիարժեք վերահսկելի անձի իշխանությունը անորոշ ժամանակով երկարաձգվի: Այսինքն՝ Ռուսաստանի կողմից սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելը նույն է, թե նրանք Սերժ Սարգսյանին ասեն, որ նա իրենց համար այլեւս անցանկալի անձ է եւ պետք է իշխանությունը հանձնի Պողոսին:

Բանն այն է, որ 2018-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Եթե Հայաստանի կառավարման համակարգը չփոխվի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ամեն դեպքում հանձնել ՀՀ ղեկավարի պաշտոնը, լինի դա իշխանության համար վերահսկելի տարբերակով՝ իր կողմնակիցներից որեւէ մեկին, թե անկանխատեսելի տարբերակով՝ ընդդիմադիր որեւէ թեկնածուի: 2013-ի փորձը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ վերահսկողությունը պահպանելը գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում: Մի խոսքով, այն տարբերակը, որ ռուսական կողմը կարող էր Սերժ Սարգսյանին առաջարկել, որպեսզի նա իշխանությունը հանձնի, ի սկզբանե կարող ենք բացառել:

Բայց միեւնույն ժամանակ նոր Սահմանադրության նախագիծը ռուսական կողմի, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինի համար որոշակի անհարմարություններ, այնուամենայնիվ, պարունակում է: Բանն այն է, որ եթե հաջորդ` 2017 թվականի ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում իշխանափոխություն տեղի չունենա, եւ ներկա իշխանությունները կառավարման համակարգը վերափոխեն՝ ըստ նոր Սահմանդրության, եւ ինչպես խոստացել է Սերժ Սարգսայնը՝ վարչապետի պաշտոն չզբաղեցնի, ապա ռուսական կողմի համար բավական անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել: Բանն այն է, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը կշարունակի Հայաստանի իշխանության ղեկն իր ձեռքում պահել, բայց ոչ ի պաշտոնե:

Անկախ նրանից Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի, թե կնախընտրի մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում եւ այդ կերպ կառավարի, էական չէ, միեւնույն է՝ նա չի լինի Հայաստանի ղեկավարը: Նոր Սահմանադրության նախագծով ՀՀ ղեկավարը պետք է լինի վարչապետը: Ստացվում է՝ ռուսական կողմը պետք է բանակցի, հանդիպի մի անձի հետ` գիտակցելով, որ որոշում կայացնողը նա չէ, այլ իր տանը նստած Սերժ Սարգսյանն է: Համաձայնեք, որ անձամբ Պուտինի համար այդքան էլ «հաճելի» չի լինի դրածոյի հետ հանդիպել եւ ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է:

Սակայն անձնական «անհարմարությունն» այն դեպքերից չէ, որի համար ռուսական կողմը Սերժ Սարգսյանի առջեւ խնդիրներ կդնի: Առավելագույնը, եթե ռուսական կողմը ունի իրավիճակի լուծում, որի դեպքում Սերժ Սարգսյանը կարող է պահպանել իշխանությունը եւ անձամբ ներկայացնել ՀՀ իշխանությունը, ապա պարզապես կհուշեն այդ տարբերակը: Բայց, կարծես թե, նման տարբերակ մինչ օրս դեռ չի նշմարվում, հակառակ դեպքում ՀՀ իշխանությունների գործողությունները միտված կլինեին հենց այդ տարբերակը իրագործելուն եւ նոր Սահմանադրության այս «աֆյորայով» չէին զբաղվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս