Ո՞ւր են անհետացել 16-ամյա երիտասարդի` սպանության մեջ մեղադրվողի հարազատները. հաշվեհարդարներն անխուսափելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ օգոստոսի 28-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է: Հայտնի է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին: Ս.Գևորգյանին պատկանող «Օպել Աստրա 2.0Ի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նախաքննությունը շարունակվում է:

Պարզվում է` 16-ամյա երիտասարդի սպանությունը շարունակում է իր հետևանքներն ունենալ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` մոտ մեկ ամիս առաջ անհայտ անձինք այրել էին սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գևորգյանի ընտանիքին պատկանող անասնագոմը: Գյուղում լուրեր էին շրջանառվում, թե սպանությունը դեռևս շատ ջուր կքաշի, հաշվեհարդարներն անխուսափելի են, իսկ իրադարձություններն անկանխատեսելի կերպով կզարգանան:

Armlur.am-ի հետ զրույցում Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը հայտնեց, որ նախօրեին վաղ առավոտյան հրկիզել են Սեյրան Գևորգյանի տունը: Տուն ամբողջությամբ այրվել է, անգամ գույքից ոչինչ չի մնացել:

Գյուղապետի փոխանցմամբ` այս պահին դեռևս հայտնի չէ` ով կարող էր նման բան անել, սակայն միևնույն ժամանակ նկատեց, որ Վարդանի մահը բոլորն են սգում, ուստի գյուղում յուրաքանչյուրն էլ կարող է կասկածյալ լինել:

Ի դեպ, Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ կալանավորված Սեյրան Գևորգյանի հարազատները սպանությունից հետո անհետացել են: Գյուղում ոչ ոք չգիտի` որտեղ են նրանք գտնվում, ինչով են զբաղվում:

Հիշեցնենք, որ սպանվածն ու մեղադրյալը ազգականներ են, մեծացել են նույն բակում, իսկ կատարվածը, ըստ նախնական տվյալների, Սեյրան Գևորգյանի հոր դրդմամբ է եղել:




Լրահոս