Փոքրիկ փոփոխությունների դեպքում շարժումը պառակտվում է. Ստյոպա Սաֆարյանը` «Ոչ»-ի ճակատի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Ոչ»-ի ճակատի համաժողովը, որի ժամանակ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համատեղ ճակատի ձևավորման մասին:  Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, ինչ եք կարծում, «Ոչ»-ի ճակատին կհաջողվի՞ տապալել սահմանադրական փոփոխությունները:

-Այս պահին տեսանելի է միայն ցանկությունը, բայց դրա հնարավորությունները բավականին սուղ են ձևավորված: Նախ առաջինը Սահմանադրությունը երբեք այդպես մեծ, կոնսոլիդացիոն ուժ չի ունեցել հայ քաղաքական կյանքում: Ցավալին այն է, որ «Ոչ»-ի ճակատի հնարավորությունները սուղ են այն պատճառով, որ քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունն այս պահի դրությամբ չափազանց իջած է և շատերը չեն հավատում, որ նրանց կհաջողվի ինչ-որ բան անել, շատերը ուղղակի հեռանկար չեն տեսնում:

-Ինչքանով եք արդյունավետ համարում «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համագործակցությունը միևնույն գաղափարի շուրջ:

-Որքան էլ դիրքորոշումները խնդրի նկատմամբ նույնական են, այնուամենայնիվ դիրքերի շահագրգռությունները, շահերը տարբեր են: Այսպիսի միավորումը, կապ չունի «Ժառանգության», ՀԱԿ-ի թե այլոց մասին է՝ շատ ռիսկային է: Մենք անցյալում տեսել ենք, թե դա ինչի է բերում: Որովհետև փոքրիկ փոփոխության դեպքում այդպիսի շարժումը ուղղակի պառակտվում է: ՀԱԿ-ի և «Ժառանգության» համագործակցության հաջող օրինակ, ցավոք սրտի, վերջին տարիներին հայտնի չէ, թերևս միայն «Քառյակն» էր, որտեղ ավելի շատ այդ քաղաքական ուժերի խնդիրները նկատելի դարձան, քան ընդհանրությունները:

-ՀՀԿ-ական պատգամավորներն այս ընթացքում պարբերաբար հայտարարում են, որ իրենց չի անհանգստացնում «Ոչ»-ի ճակատը: Ըստ Ձեզ դա այդպես է, թե մտահոգություններ, այնուամենայնիվ, կան:

-Այս պահի դրությամբ կարելի է ասել՝ տեսանելի է, որ առայժմ մեծ ուժ կանգնած չէ «Ոչ»-ի ճակատի կողքին: Առայժմ շատ մեծ ուժի՝ իշխանությանը ձեռնոց նետող ուժի սպառնալիք չկա, դրա համար էլ Հանրապետականը հանգիստ է:

Արփինե Թովմասյան




Լրահոս