Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի կրթության եւ մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման եւ Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր Հայաստանի Հանրապետության համար եւ այն էապես ազդել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման եւ որակական նոր մակարդակի բարձրացման վրա: «Քարտուղարության փոխանցումը Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցնի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների եւ արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը նոր թափ կհաղորդի դրան, քանզի մենք պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ եւ համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր: Մեծապես կարեւորվել է ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը:
Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը եւ Արմեն Աշոտյանը մտքեր են փոխանակել բուհերի ինքնավարության եւ ակադեմիական ազատություննների, բարձրագույն կրթության զարգացման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների վերաբերյալ: