ՕԵԿ-Ը ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ՊԱՐՏՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի ունեցվածքը գնալով աճում է, այնուամենայնիվ, իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը` կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք: Փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը` պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումարը: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, եւ հայտնի է գործով դատավորը` Գայանե Կարախանյան, սակայն դեռեւս նշանակված չէ դատաքննության օրը:
Արձանագրենք, որ իշխանության մաս կազմող կուսակցությունը, որ առիթը բաց չի թողնում խոսելու արդարությունից, ազնվությունից, օրենքի գերակայությունից ու նման այլ բարձր արժեքներից, կա՛մ արհամարհում է պետական մարմինն ու չի վճարում պարտքը, կա՛մ էլ, լինելով իշխանության մեջ, այնուամենայնիվ, այնքան աղքատ է, որ չի կարող վճարել տարածքի վարձակալության համար: Դատելով այն հանգամանքից, որ ՕԵԿ վերնախավը բարձր պաշտոններ է զբաղեցնում, երկրորդ տարբերակը թերեւս կարելի է բացառել:
Նկատենք նաեւ, որ «Օրինաց երկիր» կուսակցության դեմ սա առաջին հայցադիմումը չէ. այս կուսակցությունը հիմնականում տարածքի վարձակալության պարտքը չտալու համար պարբերաբար հայտնվում է դատարանում. նման դեպք է եղել, օրինակ, նախորդ տարվա ամռանը. կրկին պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել ՕԵԿ-ի դեմ` պահանջելով բռնագանձել 110 հազար դրամի պարտքը: Սեպտեմբերի 6-ին դատավոր Ռուբեն Ափինյանը բավարարել է հայցադումը` ՕԵԿ-ից բռնագանձելով գումարը: Ընդ որում, ինչպես պարզ դարձավ այս գործով վճռից, օրինաց երկիր կառուցել խոստացող կուսակցությունն արհամարհել է դատարանին ու ներկա չի գտնվել նիստերին: Արդյունքում՝ դատավորը ստիպված է եղել գործը քննել ՕԵԿ ներկայացուցիչների բացակայության պայմաններում:
Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցության դեմ նույն պահանջով կրկին պետական գույքի կառավարման վարչությունը մի հայց էլ ներկայացրել էր 2010թ.: Այն ժամանակ, սակայն, կողմերը մինչեւ դատաքննությունը դատավոր Ալեքսեյ Սուքոյանի մոտ կնքել էին հաշտության պայմանագիր, եւ ՕԵԿ-ը պարտավորվել էր վճարել 491 հազար դրամի պարտքը:
Տեղեկացնենք, որ ՕԵԿ-ի դեմ մի հայց էլ ներկայացրել է «Արմենտել» ՓԲԸ-ն 2009թ.: ՕԵԿ-ը այն ժամանակ չէր վճարել 57.5 հազար դրամի հասնող պարտքը: Գործը կրկին քննել է դատավոր Ա. Սուքոյանը եւ վճռել բռնագանձել այդ գումարը:
Այս խայտառակ իրավիճակի կապակցությամբ մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Խաչիկ Հարությունյանին: «Ես տեղյակ չեմ հայցադիմումից: Բայց մենք միշտ էլ պարտաճանաչ վճարում ենք մեր գումարները»,-արագ-արագ ասաց Հարությունյանը: Մինչդեռ պաշտոնական, դատական փաստաթղթերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Հիշեցնենք, որ 2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցելու համար Ա. Բաղդասարյանի հայտարարագրում նշված է եղել, որ նա որեւէ սեփականություն, բիզնես չունի, նրա բանկային հաշիվներին էլ եղել է 8 մլն 100 հազար դրամ եւ 190 հազար դոլար: Իսկ ահա 2012-ի հայտարարագրում արդեն հայտնվեցին 215,3 քմ մակերեսով բնակարան Երեւանի կենտրոնում՝ Բայրոնի 3 հասցեում, «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա՝ 2008թ. արտադրության, 34,8 քմ մակերեսով ավտոտնակ, ինչպես նաեւ «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: Թեեւ հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում նաեւ «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է նաեւ հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները», կոնյակներ ու հյութեր: Իսկ ՕԵԿ նախագահի բանկային հաշիվներին 2012թ. մարտի 1-ի դրությամբ եղել է 5 մլն դրամ եւ 20 հազար դոլար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս