Հերթական խորհրդակցությունը ՏԿԱԻՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 496 դեպքի: Ս. Ազարյանը զեկուցեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացվող վարժանքի արդյունքների և «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը նախարարության մասնակցության մասին։

«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնեց, որ ֆրանսիացի գործընկերներն արդեն Երևանում են և աշխատանքներ են տանում Գառնիի Երկրաֆիզիկական դիտարանի Վայքի սեյսմիկ կայանափնջի ընդունող համակարգը շենքում մոնտաժելու ուղղությամբ: Ս. Պետրոսյանը հայտնեց նաև ռուս գործընկերների հետ նախատեսվող համագործակցության մասին. ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնագետ Պավել Բուտիրինը հոկտեմբերի 6-14-ը կլինի Հայաստանում՝ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը նոր սարքով փոխարինելու նպատակով:

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց ընթացիկ աշխատանքները, անդրադարձավ առաջիկա օրերի եղանակի կանխատեսմանը: Ծառայության պետը հայտնեց, որ աստիճանաբար կնկատվի ջերմաստիճանի նվազում և սեպտեմբերի 18-ից հանրապետության տարածքում կգրանցվի աշնանային զով ջերմաստիճան:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Արմավիրի, Կոտայքի և Շիրակի տարածքում դիտվել են կարկտավտանգ ամպեր, գործել է 60 հակակարկտային կայան, իրականցվել է մոտ 14.500 կրակոց:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։




Լրահոս