«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու համար: Այս մասին հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Կմշակվի պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջեւ 2002 թվականի օգոստոսի 26ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները (այդ թվում` այն պարտավորությունները, որոնք «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» եւ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են ռազմավարական ներդրողի համար):
Կհանձնարարվի նաև ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն: