Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը , չբացառելով, որ գործող սահմանադրության մեջ առկա են բարեփոխման կարիք ունեցող դրույթներ, այդուհանդերձ, իր խորը մտահոգությունն է արտահայտում այն կապակցությամբ, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:
Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են մի ժամանակաշրջանում, երբ.
– բացակայում է սահմանադրական ճգնաժամը, եւ երկրում արդիական բարեփոխումների համար խոչընդոտ է հանդիսանում ոչ թե գործող հիմնական օրենքը, այլ սահմանադրական կարգի եւ երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման քաղաքական կամքի բացակայությունը.
– նման փոփոխությունների համար ձեւավորված չէ հասարակական պահանջ, ինչի հետեւանքով դժվար չէ կանխատեսել քաղաքացիների պասիվ մասնակցություն, հետեւաբար նաեւ՝ առկա է մեծածավալ կեղծիքի վտանգ.
– իշխանությունների նախաձեռնության շուրջ չկա լայն քաղաքական կոնսենսուս, որը քաղաքակիրթ միջազգային պրակտիկայում գործող նախապայման է սահմանադրական հանրաքվեի անցկացման համար: Ամբողջ գործընթացի նկատմամբ քաղաքացիական եւ քաղաքական շատ կառույցների լուրջ եւ հիմնավորված վերապահումները խիստ սահմանափակում են նախագծի լայն, բաց, կառուցողական քննարկման ու բարելավման հնարավորությունները.
– ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ ներկա օրենսդրության թերություններից ու համապետական ընտրությունների արատավոր պրակտիկայից, դժվար է ակնկալել քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության վստահություն: Մասնավորապես, չնայած այս տարվա հունիսի 10-ին Հանրաքվեի մասին օրենքում արված լրացումներին, բավականին անորոշ են մնում քվեարկությունից առաջ քարոզչության իրականացման, տարբեր դիրքորոշումների ներկայացման հնարավորությունները.
– վերջապես, Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն արտաքին եւ ներքին մարտահրավերների՝ օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ անարդյունավետ կառավարման հաղթահարման, աշխարհաքաղաքական ցնցումներին պատասխանների մշակման եւ այլնի նկատմամբ իշխանությունների կողմից հստակ եւ համարժեք քայլերի բացակայությունը չպիտի քողարկվի սահմանադրական բարեփոխումների պատրանքով, որն ընկալվում է սոսկ որպես քաղաքական նպատակներին հասնելու ձգտում:
Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումները տարանջատել այժմեական քաղաքական կոնյունկտուրայից, ինչն առկա զարգացումների պայմաններում անհնարին է:
Ուստի, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հետաձգել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն եւ այն նշանակել առաջիկա համապետական ընտրություններից հետո՝ կարճ ու ողջամիտ ժամկետներում, իսկ քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք համաձայնության գալ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը հետագայում ծավալելու, ընդհուպ՝ փոփոխությունների վերաբերյալ սեփական մոտեցումներն իրենց նախընտրական ծրագրերում ներառելու շուրջ:
Եվ որպես հանրային վստահության երաշխիք/նախապայման` ՀՀ իշխանություններից պահանջում ենք ապահովել գալիք ընտրությունների ազատ եւ արդար անցկացում»: