Դոլարը մեր աղքատացման պատճա ՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսական շուկայի վերջին զարգացումներն ապացուցեցին, որ մենք այնուամենայնիվ դասեր ենք քաղել անցյալից և մեր բնակչության վարքագիծը սկսվել է փոխվել: Եթե անցած տարեվերջին, չգիտես թե ինչու ազգովի լծվել էինք թանկ գնով դոլար գնելու գործին, ապա այս անգամ հակառակ պատկերն է: Թեև փոխարժեքը շուկայում սեպտեմբերին սկսեց տատանվել, մենք չշտապեցինք դոլարներն աննպատակ պահուստավորել տանը: Եվ դա իր պատճառներն ուներ. բնակչության մի ստվար զանգված մեկ անգամ կրել էր վնաս` փորձելով «փրկել» իր խնայողությունները կամ զբաղվել սպեկուլյացիաներով, այսինքն խաղալ արժույթների փոխարժեքների տարբերությունների վրա, հուսալով եկամուտ ստանալ:

Դոլար գնում էինք ստացված աշխատավարձով, պահած խնայողություններով, իսկ այդ պահին գումար չունեցող մարդիկ փորձում էին դա անել անգամ բանկից վարկ վերցնելով: Արդյունքում, կրկնակի անգամ տուժելով, գնեցին թանկ դոլար: Այն, որ մի քանի օրից դոլարի փոխարժեքը նվազեց և, կրելով վնասներ` ստիպված վաճառեցինք այն ավելի էժան գնով առօրյա ծախսերը հոգալու համար` դա հարցի մի կողմն է: Կա նաև մյուս կողմը:

Ստեղծելով դոլարի նկատմամբ արհեստական պահանջարկ` մենք նպաստում ենք դրա փոխարժեքի աճին, որն իր հետ անխուսափելիորեն բերում է նաև ապրանքների, կոմունալ ծառայությունների գների բարձրացում: Իսկ հայկական իրականությունում դա ամենևին էլ չի նշանակում աշխատավարձերի վերանայում և ինդեքսացիա, դեռ մի բան էլ հակառակը: Տնտեսական վիճակից ելնելով` գործատուն շահագրգռված է կրճատումների գնալ:

Ընկնում է մարդկանց գնողունակությունը, ուստի, կարելի է ասել, որ մենք բոլորս աղքատանում ենք: Լավ կլինի, որ շուկայի որևէ տատանման ժամանակ, պատկան մարմինները չխուսափեն ժողովրդին բացատրություններ տալուց: Չէ որ շարքային քաղաքացին պարտավոր չէ ֆինանսապես այնքան գրագետ լինել, որ ինքը ճիշտ հետևություններ և կանխատեսումներ անի, և չմատնվի համընդհանուր տրամադրությանը: Մարդկանց նեգատիվ սպասումները գալիս են իրազեկման պակասից ևս: Իսկ դա կանխելու ամենալավ միջոցը շուկայի մասնակիցների կողմից ճիշտ ժամանակին կարծիքն ու անաչառ տեղեկատվություն հայտնելն է: Գոնե այսպես փորձեն զսպել աղքատության խորացումը…

Անի Ստեփանյան




Լրահոս