ՍԴ-ն չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` փետրվարի 22-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, որոշում է կայացրել, որով վերահաստատել է քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար կրթության ստանալու իրավունքի կարեւորությունը, սակայն չի վերացրել տարիներ շարունակ խնդիր դարձած կրթական հաստատություններում անվճար տեղերի բացակայությունը։
Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որում ասվում է.
“Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության կողմից 2012 թվականի ապրիլի 26-ին ընդունված 554-Ն որոշմամբ չեն նախատեսվում անվճար տեղեր որոշ կրթական հաստատություններում ըստ մասնագիտությունների, այդ թվում նաեւ՝ Երեւանի պետական համալսարանի “Իրավագիտություն” եւ “Միջազգային հարաբերություններ” մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր:
Սահմանադրական դատարանի նիստի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ, իրավական վերլուծության վարչության պետ՝ Արամ Վարդեւանյանը նշել է, որ իրենք գտնում են, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիսանալով պատասխանող կողմի` ՀՀ կառավարության ներկայացուցիչ, համոզմունք է հայտնել, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում, քանի որ պետության կողմից է որոշվում քաղաքականության հարցը: Միաժամանակ վերջինս նույնպես կարեւորել է մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունքը եւ մասնավորապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների բարձագույն կրթություն ստանալու համար պետական աջակցության անհրաժեշտությունը:
Նշյալ խնդրի վերաբերյալ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը հայտնել է, որ կոնկրետ “Իրավագիտություն” եւ “Միջազգային հարաբերություններ” մասնագիտությունների գծով սովորողները, նույնիսկ առաջադիմության բարձր ցուցանիշների պարագայում, զրկված են ռոտացիոն սկզբունքից օգտվելու` անվճար ուսումնառության համակարգ տեղափոխվելու իրավունքից:
Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հաստատել է յուրաքանչյուրի մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու իրավունքի կարեւորությունը: Դատարանը նաեւ նշել է, որ ուսման վճարի փոխհատուցում տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` անկախ ուսումնառության համակարգից:
Կարեւորում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի Կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի 1373-Ն որոշումը, որով ուսման վճարի փոխհատուցում կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Այդուհանդեռձ, գտնում ենք, որ նման արտոնություններ պետք է ունենան նաեւ վերոնշյալ խմբերի այլ անդամները։ Ինչպես նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ,Ցավոք, Սահմանադրական դատարանը չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքըե։
Միաժամանակ հուսով ենք, որ Դատարանի նշված որոշումը կխթանի Հայաստանի Հանրապետությունում կրթական հաստատություններում բոլոր քաղաքացիների համար մրցութային հիմունքներով անվճար կրթություն ստանալու հնարավորությանը”:




Լրահոս