Իշխանությունների կողմից արված որևէ քայլ չի ընդունվում հասարակության կողմից. Լարիսա Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, երեկ Կառավարության որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վաճառվեց օֆշորային գոտում գրանցված ինչ-որ ընկերության, որն, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է Սամվել Կարապետյանին:

Armlur.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը նշեց` այն ամենն, ինչ տեղի է ունեցել ՀԷՑ-ի հետ, ոչ միայն օրենսդրության կոպիտ խախտում է, այլև օրինազանցում: «Ես համարում եմ, որ այն հանձնաժողովը, որը ղեկավարում է Ռոբերտ Նազարյանը, չի կատարել իր պարտականությունները, լիազորությունների մեջ թերացել է:

Ընդհանուր առմամբ դեմ եմ, որ այսպիսիս գործողություններն արվեն այս ոճով, մինչև անգամ կոմպրոմիսները: Այս կոմպրոմիսների ոճն էլ եմ մերժում: Սրանով մենք միայն ու միայն հասարակությանը դարձնում ենք ավելի անհավատ, նրանք լցվում են թերահավատությամբ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` դա է պատճառը, որ իշխանությունների կողմից արված որևէ բան չի ընդունվում, չի ընկալվում, վստահություն չի առաջանում այդ փոփոխության նկատմամբ:

«Իշխանությունները վստահություն չեն վայելում: Որևէ դրական բան ես չեմ տեսնում այս առումով: Այստեղ ես բողոքող երիտասարդների հետ եմ, հոգով, սրտով նրանց կողքին եմ: Ինձ համար շատ անգամ անհասկանալի է, թե ինչու պետք է վերցնել ամենաանարդյունավետ ճանապարհը»,- նշեց Ալավերդյանը:

Նշենք, որ նախնական տեղեկություններով` այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում: Այն գործում է 2010 թվականից: Այլ կերպ ասած, «Հայկական էլեկտրացանցեր»-ը վաճառվել է օֆշորային ընկերության:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս